Էլի հիշեցրին

10/04/2006

ԱՄՆ Պետդեպարտամենտը երեկ հրապարակել է «ժողովրդավարության տարածման ու մարդու իրավունքների պաշտպանության» վերաբերյալ ԱՄՆ կատարած քայլերին նվիրված զեկույց, ուր առանձին ներկայացված է Հայաստանում ստեղծված իրավիճակը: Ըստ այդմ, թեեւ ՀՀ-ում նկատվում են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված որոշակի դրական քայլեր, սակայն, ընդհանուր առմամբ, պատկերն անհանգստացնող է: « Ռոբերտ Քոչարյանի լայն լիազորությունները գտնվում են ենթարկվող ԱԺ վերահսկողությունից դուրս, իսկ կոռուպցիայի առումով խոցելի դատական համակարգի վրա առկա է քաղաքական ճնշում: Այս ամենի հետ մեկտեղ, երկրի ընդդիմությունը թույլ է եւ ջախջախված»,- նշված է զեկույցում: Պետդեպարտամենտը հերթական անգամ հիշեցնում է «լուրջ խախտումներով անցկացված նախագահական եւ ԱԺ ընտրությունների մասին»` հավելելով, թե նույնը տեղի է ունեցել նաեւ 2005թ. հանրաքվեի ժամանակ: Նշվում 1 նաեւ ոստիկանական համակարգում կոռուպցիայի առկայության եւ կալանավորների նկատմամբ ուժի կիրառման մասին: Բացի այդ, զեկույցում ընդգծված է, որ «ՀՀ-ում խիստ սահմանափակված է ԶԼՄ-ների ազատությունը»: