Երեկ հանձնաժողովում տեղի ունեցավ Երեւանի տարածքում 90.3 մեգահերց եւ 90.7 մեգահերց հաճախականությամբ ռադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիա ստանալու մրցույթը, որոնց մասնակցելու հայտ է ներկայացրել «Մելտեքս» ՍՊԸ-ն, նույն ինքը` «Ա1+»-ը: Մայիսի 25-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը կհրապարակի երեկվա մրցույթի արդյունքները: Սակայն անգամ ամենաօպտիմիստները շտապում են կարծիք հայտնել, որ այս անգամ եւս հրաշք տեղի չի ունենա: Եվ «Ա1+»-ի ծրագիրը, չնայած իր մրցակիցների նկատմամբ ունեցած առավելություններին, Ամալյանի գլխավորած հանձնաժողովի կողմից հերթական անգամ կհռչակվի որպես «թույլիկ»: Ի վերջո, առջեւում 2007թ. խորհրդարանական եւ 2008թ. նախագահական ընտրություններն են: Եվ այդ ընտրությունների նախաշեմին, իշխանությունների եւ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի համար, բնական է, որ անցանկալի կլինի թեկուզ ռադիոեթեր տրամադրել մի լրատվամիջոցի, որին այս տարիների ընթացքում հռչակել են իրենց թիվ մեկ ախոյանը եւ ամեն ինչ արել են հնարավորինս մեկուսացնելու համար: Ճիշտ է, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գ. Ամալյանը հերթական անգամ լրագրողներին փորձեց համոզել, որ ինքը կանխատրամադրված չէ: Երեկ հանձնաժողովի նիստին ներկա էր նաեւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը: «Մեր սպասումները չեն կապվում որեւէ ընկերության հաղթանակի հետ, այլ` որպեսզի մրցույթը օրենքով ու արդար անցնի»,- ասաց պրն Պրյախինը` հույս հայտնելով, որ այն իրոք այդպիսին էլ կլինի:
Իսկ ինչպիսի՞ առաջարկներ էին ներկայացնում ընկերությունները: Եվ ովքեր են «Ա1+»-ի մրցակիցները: Այս երկու մրցույթներից ամեն մեկում «Ա1+»-ն ունի մեկական մրցակից:
Նկատենք, որ «Ա1+»-ի մրցակիցներն ուզում են ստեղծել այնպիսի ռադիոընկերություն, ինչպիսին մեզանում արդեն կա: Առաջին մրցույթում «Ա1+»-ի մրցակիցն է «Ուլիս Մեդիա» ՍՊԸ-ն: Ըստ մեր տվյալների` նրանց գրասենյակը տեղակայված է «Նաիրի» կինոթատրոնի շենքում: Թեեւ մրցութային առաջարկի մեջ գրված է, որ ընկերությունը գրանցված է Նոր Նորքի առաջին զանգվածում: Թե ով է այս ընկերության սեփականատերը, այդպես էլ անհայտ մնաց: Նրանք խոստացել էին իրենց ինքնությունը բացահայտել մրցութային փաթեթների բացման օրը: Բայց չբացահայտվեցին: Հայտնի է միայն, որ «Ուլիսի» տնօրենի անունը Արթուր Մուրադյան է: Երեկ, սակայն, մրցութային առաջարկները ներկայացրեցին գլխավոր պրոդյուսեր Նորայր Մխոյանը եւ ստեղծագործական մասի ղեկավար, «Ընտանեկան լոտո» հաղորդաշարի նախկին հաղորդավար Գեւորգ Եղիազարյանը: Թե ինչ գործունեությամբ են զբաղվել նրանք մինչ օրս, դա էլ պարզել չհաջողվեց: «Ուլիս» ՍՊԸ գլխավոր պրոդյուսեր Նորայր Մխոյանը «Ա1+»-ի թղթակցի հարցին բառացիորեն տվել է հետեւյալ պատասխանը. «Ում հայտնի է՝ հայտնի է, ում հայտնի չի՝ հայտնի չի»: Իսկ «Ուլիս Մեդիայի» ռադիոկայանն, իրենց խոսքերով, պետք է լինի «Ժամանակակից երաժշտական կայան բոլորի համար»: Հայրենական արտադրության հաղորդումների ծավալը կազմելու է 80 տոկոս, որից սեփականը` 70 տոկոս: Արտոնագիր ստանալու դեպքում ընկերությունը գործունեության 7 տարիների ընթացում կատարելու է 35 մլն դրամի ներդրում, որից 20 մլն-ը ծախսվելու է առաջին տարվա ընթացքում:
Ինչ վերաբերում է FM 90.7 մեգահերց ռադիոհաճախականության համար հայտ ներկայացրած «Ռադիո-պրո» ՍՊԸ-ին, ապա նրանց ծրագիրը ներկայացրեց հիմնադիրներից Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը: Մրցույթում հաղթելու դեպքում այս ընկերությունը պատրաստվում է հեռարձակել հիմնականում երաժշտական-զվարճալի հաղորդաշարեր: Նրանց եթերում տեղ են գտնելու նաեւ լրատվական ծրագրեր: Ի դեպ, պրն Տեր-Հովակիմյանը խոստովանեց, որ «Ռադիո-պրո» ընկերությունը ստեղծվել է հատուկ այս մրցույթին մասնակցելու համար, քանի որ, նրա խոսքերով` «Եթե ռադիոն դիտարկենք որպես բիզնեսի ոլորտ` շահութաբեր է»: Ընկերությունը տեխնիկա դեռեւս չունի, բայց ըստ Տեր-Հովակիմյանի` առաջին տարվա ընթացքում ներդրվելիք 27 մլն դրամը բավարար է տեխնիկապես զինվելու համար: Հայրենական արտադրության հաղորդումների ծավալը կազմելու է 80 տոկոս, որում սեփականը՝ 70 տոկոս: Իսկ իրենց մրցակցի` «Ա1+»-ի համար էլ այսպես արտահայտվեց. «Եթե դիտարկենք մրցույթը որպես առողջ ու թափանցիկ, մեծ հարգանքով եմ լցված «Ա1+»-ի նկատմամբ, կասեմ` թող հաղթի լավագույնը»:
Ինչ վերաբերում է «Ա1+»-ին, ապա նա հանդես եկավ իր հայտնի կարգախոսով. «Լսեք մեզ, ճանաչեք ձեզ»: Իրենց ծրագիրը ներկայացնելիս, «Ա1+»-ի լրագրող Դիաննա Մարկոսյանն ասաց. «Մեր կայանը նախ եւ առաջ կլինի ինֆորմացիոն, ժամանակակից»: 24-ժամյա եթեր իրականացնելու համար կներդրվեն անհրաժեշտ առկա տեխնիկական միջոցները: Գործունեության ամրապնդման եւ հետագա զարգացման համար եւս կներդրվի 22 մլն դրամ: Հետագա տարիներին ռադիոընկերության զարգացմանը կուղղվեն նաեւ գովազդից ստացված գումարները: «Ա1+»-ի ներկայացուցչի հաշվարկներով՝ եթե 1 րոպե ռադիոգովազդի համար սահմանվի պայմանական գին՝ նվազագույնը 1000 դրամ, ապա իրենց ամսական եկամուտը կլինի մոտ 12.000 դոլարին համարժեք դրամ: Եվ դա հնարավորություն կտա ծածկելու ընկերության ծախսերը: Հայրենական արտադրության հաղորդումները «Ա1+»-ում կկազմեն 80 տոկոս, որից սեփականը՝ 80 տոկոս: Լրատվական հաղորդումների ծավալը կլինի 35-40 տոկոս:
Համեմատության մեջ, թերեւս, ակնհայտ է, որ «Ա1+»-ն, ի տարբերություն իր մրցակիցների, բավական առավելություններ ունի: Ի վերջո, այնտեղ կա կայացած կոլեկտիվ, ունեն համապատասխան տեխնիկա, սարքավորումներ: Եվ ընդհանրապես, ինչպես փոխանցեցին «Ա1+»-ից, իրենք համոզված են, որ շահեկան վիճակում են գտնվում: Մնում է, Ռոբերտ Քոչարյանն ու Գրիգոր Ամալյանն իրենց մեջ քաղաքական կամք ու խիզախություն գտնեն եւ «Ա1+»-ին, ի վերջո, եթեր տրամադրեն: