Երկրապահ կամավորական միությունում սկանդալային միջադեպ է տեղի ունեցել: Ոստիկանության օպերատիվ խմբի եւ Երկրապահ կամավորականների միության անդամների միջեւ բռնված վեճը վերածվել է բավական մեծ ծեծկռտուքի: Այնպես որ, հաշված ժամերի ընթացքում ԵԿՄ տարբեր տարածքային կառույցներից Երեւան են ժամանել մեծ թվով նախկին ազատամարտիկներ:
Միջադեպը տեղի է ունեցել ժամը 15.30-ի սահմաններում, երբ ոստիկանության օպերատիվ խումբը ԵԿՄ մի անդամի ձերբակալելու նպատակով ներխուժել է ԵԿՄ վարչության շենք: ԵԿՄ անդամ, նախկին ազատամարտիկներից մեկը, ում անունն, ի դեպ, ԵԿՄ-ում այդպես էլ չգիտեին, մտնելով ԵԿՄ վարչություն, փորձել է օգնություն խնդրել, քանի որ ոստիկանության աշխատակիցները ցանկացել են ձերբակալել իրեն:
Միջադեպի պատճառների վերաբերյալ կան տարբեր վարկածներ: Դրանցից մեկի համաձայն, որն, ի դեպ, ամենահավանականն է, ազատամարտիկի եւ մի քաղաքացու միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի: Միջադեպին փորձել են խառնվել ոստիկանները: Արդյունքում, ազատամարտիկը սկսել է վիճել ոստիկանների հետ: Երբ նրան իրավապահները փորձել են ձերբակալել, ազատամարտիկը մտել է ԵԿՄ վարչության շենք` օգնություն խնդրելու իր ազատամարտիկ ընկերներից:
Ըստ մեկ այլ վարկածի, օրեր առաջ ոստիկանները բռնություն էին գործադրել ԵԿՄ անդամներից մեկի նկատմամբ, ով ինքնապաշտպանության նպատակով ստիպված դանակի հարված էր հասցրել ոստիկաններից մեկին ու դիմել էր փախուստի: Ոստիկանության աշխատակիցները հետեւել են նախկին ազատամարտիկին, եւ երբ վերջինս մտել է ԵԿՄ վարչության շենք, փորձել են այնտեղ օպերատիվ միջոցառումներ իրականացնել ու ձերբակալել այդ անձնավորությանը: Սակայն ԵԿՄ վարչության շենքում գտնվող երկրապահները ոստիկաններին թույլ չեն տվել ձերբակալել իրենց ազատամարտիկ ընկերոջը` առաջարկելով սպասել դրսում, մինչեւ իրենց հետաքրքրող անձը դուրս կգա շենքից, որից հետո նոր կարող են իրականացնել համապատասխան գործողություններ: «Նրանք մեր ազատամարտիկ ընկերոջը փորձել են ձերբակալել ԵԿՄ վարչության շենքում, որտեղ աշխատում են մեր բազմաթիվ զոհված ընկերների մայրերն ու քույրերը, կանայք: Եվ այդ պատճառով էլ մենք նրանց դուրս ենք հրավիրել, որպեսզի իրենց գործողություններն իրականացնեն համենայն դեպս ոչ ԵԿՄ շենքում»,- մեզ հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը: Իհարկե, դուրս հրավիրելը հետագայում վերածվել է ծեծկռտուքի: Իսկ երբ հետախուզվողը փորձել է թաքնվել համակարգչային սրահում, սենյակ մտնելու եւ այնտեղից նրան դուրս բերելու համար ոստիկանները ջարդել են սենյակի դուռը: Ինչեւէ, բանը հասել է ոչ միայն մարզերից մեծ թվով նախկին երկրապահ ազատամարտիկների հավաքվելուն, այլեւ ԵԿՄ է ժամանել վարչության նախագահ, ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: ԵԿՄ են ժամանել նաեւ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, գնդապետ Ներսես Նազարյանն ու ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գնդապետ Հայկ Միլիտոնյանը, որը բանակցությունների կեսից հեռացել է: Իսկ բանակցությունները տեւել են մինչեւ ուշ երեկո: Արդյունքում, ոստիկաններն այդպես էլ չեն կարողացել ձերբակալել ազատամարտիկին: ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանի խոսքերով, տեղի ունեցածն ընդամենը թյուրիմացություն է եղել, որը, սակայն, շուտով հարթվել է: Հետաքրքիրն այս պատմության մեջ այն է, որ անձնավորությանը, որի պատճառով տեղի է ունեցել միջադեպը, երկրապահներն այնքան էլ լավ չէին ճանաչում: Բայց քանի որ նա նախկին ազատամարտիկ է եղել, ուրեմն, պարտավորված են եղել նրան օգնել: «Սակայն դա նշանակություն չունի, քանի որ միայն երկրապահ լինելն էլ բավարար էր, որ մենք աջակցեինք նրան»,- մեզ բացատրեցին ԵԿՄ-ից: Իսկ այսօր ամբողջ օրը ԵԿՄ վարչության մոտ դեռ մի քանի տասնյակ ազատամարտիկներ են հավաքված եղել: Հետաքրքիրն այն է, որ ՀՀ ոստիկանությունը հերքում է այս ողջ միջադեպը: Երեկ երբ մեկնաբանություններ ստանալու համար դիմեցինք ոստիկանության Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն, մեզ ասացին, որ այդ ամենի վերաբերյալ իրենք պարզաբանումներ կտան, սակայն սպասում են, որ տեղեկությունները ճշտեն «վերեւների հետ»: Իսկ վերեւների հետ ճշտելուց հետո ոստիկանությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Ինչ վերաբերում է մի շարք թերթերում հրապարակված այն տեղեկություններին, թե իբր ապրիլի 6-ին միջադեպ է տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների եւ երկրապահ կամավորականների միջեւ, ապա տեղեկացնում ենք, որ շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը»: