Փորձաքննության նպատակով Վենետիկ է ուղարկվել գործող Ընտրական օրենսգրքում շուրջ 100 փոփոխություն նախատեսող եւ ԱԺ-ում ներկայացված քաղաքական բոլոր ուժերի համաձայնությանն արժանացած ԸՕ տարբերակներից մեկը:
Երեկ էլ «Թեքեյան» մշակութային կենտրոնում ՀՌԱԿ եւ «Հզոր Հայրենիք» կուսակցությունները ԸՕ վերաբերյալ քննարկում էին կազմակերպել, որին մասնակցում էին արտախորհրդարանական քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կազմակերպիչների համոզմամբ` ԸՕ` շրջանառության մեջ դրված առաջարկվող փոփոխությունների որոշ դրույթներ կարող են էլ ավելի սրել հանրապետությունում առկա հասարակական որոշակի դիմակայությունը, անվստահությունն ու անհանդուրժողականությունը: Գործող ԸՕ համաձայն, ԱԺ համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատները բաշխվում են այն կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների միջեւ, որոնք ստացել են համապատասխանաբար 5 եւ 7 տոկոս ձայն, իսկ առաջարկվող փոփոխությունների` Վենետիկ ուղարկված տարբերակով առաջարկվում է ընտրություններին մասնակցող մեկ առանձին կուսակցության համար ԱԺ-ում ընդգրկվելու անցումային շեմը սահմանել` 5, 2 կուսակցություններից կազմված դաշինքի համար` 7, իսկ 3 եւ ավելի կուսակցություններից կազմված դաշինքի համար` 10 տոկոս: ՀՌԱԿ-ը եւ «Հզոր Հայրենիքը» գտնում են, որ նման մոտեցումը նոր դժվարություններ կառաջացնի: ՀՌԱԿ-ն առաջարկում է իջեցնել այդ անցումային շեմը, քանզի, ըստ նրանց, ինչքան բարձր է անցումային շեմը, այնքան մեծ ընտրազանգվածի ձայն է մնում «օդից կախված» եւ անցնում այլ քաղաքական ուժերի, հնարավոր է եւ` հակադիր գաղափարախոսության: «Ստացվում է, որ ձայների 5 տոկոս ստացած կուսակցությունը կմտնի ԱԺ, իսկ 9,9 տոկոս ստացած դաշինքը` ոչ»,- երեկ նշեց ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը: Քննարկման կազմակերպիչներն առաջարկում էին նվազեցնել անցումային շեմերը` համապատասխանաբար 3, 6, 9 տոկոս, ինչպես, օրինակ, Ուկրաինայում է: «Եթե Ուկրաինան գնացել է նվազեցման, ապա Հայաստանի նման երկիրը պետք է գնա»,- կարծում է Հ. Առաքելյանը: Ըստ նրա, օրինակ, ԱԺ նախորդ ընտրությունների ժամանակ 5 տոկոսի սահմանագիծը չհաղթահարած քաղաքական կուսակցությունների ձայները, ընդհանուր թվով` քվեարկության մասնակիցների մոտ 24 տոկոսի ձայները, մնացել են «օդից կախված» եւ նրա խոսքերով` նվեր են տրվել 5 տոկոսը հաղթահարած կուսակցություններին: Իսկ այսօր դաշինքների մասին խոսելը Հ. Առաքելյանն անիմաստ է համարում, քանզի, ըստ նրա, օրենսդրորեն սահմանված չէ «դաշինք» հասկացությունը: ՀՌԱԿ ատենապետը գտնում է, որ 131 պատգամավորը շատ է ՀՀ-ի համար: «Արժե նվազեցնել: Նաեւ 131 անձեռնմխելին է շատ ՀՀ-ի համար: Պատգամավորը պետք է լինի ոչ թե անձեռնմխելի, այլ իր վարքուբարքով օրինակ ծառայող»,- կարծում է նա: Այս առաջարկները քննարկման նախաձեռնողները մտադիր են ուղարկել ԱԺ: