Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեից առաջ, երբ ընդդիմությունը հայտարարում էր, թե նոյեմբերի 27-ը լինելու է գործող իշխանությունների տապալումը, Հայաստան էին «գործուղվում» ԱՄՆ տարբեր փորձագետներ ու հետազոտողներ, ովքեր փորձում էին հասկանալ` արդյոք Հայաստանում հնարավո՞ր է իրականացնել հեղափոխություն, թե՞ ոչ:
Այդ օրերին նույն նպատակով Հայաստանում էր նաեւ Վաշինգտոնում բավականին հայտնի ռազմաքաղաքական վերլուծաբան, նախկին ԽՍՀՄ, Կենտրոնական Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի երկրների քաղաքական, ռազմական եւ տնտեսական զարգացման հարցերի մասնագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Մեր թերթին տված հարցազրույցում նա հայտարարել էր, թե Հայաստանում հնարավոր չէ կիրառել հեղափոխության այն մոդելները, որոնք ԱՄՆ-ը կիրառել էր Վրաստանի եւ Ուկրաինայի դեպքում: Հայաստանում, ըստ փորձագետի, հաջողություն կունենա միայն հեղափոխության սոցիալական մոդելը: Այսինքն` Հայաստանի ընդդիմությունը պետք է ժողովրդին ոտքի հանի հենց սոցիալական խնդիրներ բարձրացնելով: Ռ. Կիրակոսյանը նաեւ հուշել էր, թե հատկապես որ խնդիրների վրա է պետք ուշադրություն դարձնել: Օրինակ, սոցիալական անարդարության, կենցաղային խնդիրների, մարդու իրավունքների ոտնահարման մասին բարձրաձայն խոսելը, ըստ Ռ. Կիրակոսյանի, կարող են լավագույն խթանը հանդիսանալ ժողովրդին հրապարակ բերելու համար:
Ռ. Կիրակոսյանի հավաստմամբ, ընդդիմության կողմից իշխանությունների լեգիտիմության կամ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արծարծումն այլեւս չի կարող համազգային շարժման սկիզբ դառնալ:
Ընդդիմությունից, որը վերջին շրջանում աչքի չի ընկնում ակտիվությամբ, հետաքրքրվեցինք` արդյոք արդարացի չէ՞ր Ռ. Կիրակոսյանն` իր «հետազոտություններով», թե Հայաստանի ընդդիմությունը միայն այդ ճանապարհով կարող է հասնել իր նպատակին, եւ, որ առօրյա հոգսերով ապրող ժողովրդին ամենեւին էլ չի հետաքրքրում` Ռոբերտ Քոչարյանը լեգիտի՞մ է, թե՞ ոչ: Կամ` գազի սակագնի թանկացումը եւ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկի կառավարումը Ռուսաստանին հանձնելու փաստն ինչո՞ւ չի դարձնում հանրային քննարկումների թեմա: «Արդարություն» դաշինքի անդամ ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը մեզ վստահեցնում էր, թե իր գլխավորած կուսակցությունը միշտ էլ սոցիալական խնդիրներն է առաջին պլան մղել: Բայց միաժամանակ նկատեց. «2003թ. մենք, իհարկե, սահմանադրական կարգի վերականգնման խնդրի շուրջ ենք կազմել «Արդարություն» դաշինքը, բայց մեզ համար գլխավորը մնացել են սոցիալական խնդիրները: Ավելին` մեր հայտարարությունների 98 տոկոսը նվիրված է հենց դրանց, եւ գտնում եմ, որ հենց ժողովրդի սոցիալական վիճակը պետք է հիմնական պատճառը լինի, որպեսզի ժողովուրդն ըմբոստանա»: Իսկ ըմբոստացումը, ինչպես հայտարարեց ՀԴԿ նախագահը, ժողովրդի իրավունքն է: «Դրա համար ԱԺ ամբիոնից դիմելով ժողովրդին` ես ասացի` մի՛ սպասիր, որ քեզ կանչենք, ինքդ ոտքի կանգնիր եւ ինքդ պաշտպանիր քո շահերը, եւ մենք պատրաստ ենք առաջնորդելու քեզ: Մենք, իհարկե, պարզ է, չենք ասում, թե` գիտեք, մենք մեր վրայից պատասխանատվությունը գցում ենք»,- ասաց Արամ Գասպարիչը: Վերջինիս խնդրեցինք նկարագրել, թե ի՞նչ պետք է անի այն քաղաքացին, որին սոցիալական խնդիրներն ըմբոստացրել են, բայց չգիտի` ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել: «Ժողովուրդն, այո, պետք է պատրաստ ըմբոստ վիճակում լինի ու չսպասի ոչ մեկին: Օրինակ, հիմա ասում են` ընդդիմությունից մեկին սիրում ենք, մեկին` չենք սիրում… Այդ հարցերն իրենց համար այլեւս պետք է նշանակություն չունենան: Ինքը պետք է որոշի իր առաջնորդին եւ դիմի նրան ու ասի` մենք գալիս ենք քո հետեւից այս խնդիրը լուծելու համար,- բացատրեց Արամ Գ. Սարգսյանը` նկատելով,- բանը նրանում է, որ երբ 2003-2004թթ. ալիքը մարեց, որի պատճառներից մեկը նաեւ ընդդիմությունն էր, 2005-ին ժողովրդին կոչով դուրս բերելը դարձավ անիրական: Ոչ թե ցանկություն չկար, այլ նման իրավիճակ չեղավ: Կարծում եմ, հիմա, երբ արդեն քրեականացվում է քաղաքական դաշտը, եւ այն մարդիկ, ովքեր լափել, թալանել են, հիմա ցանկանում են վերարտադրվել, դա այն վերջնակետն է, որտեղ ժողովուրդը պետք է իր ասելիքն ասի: Մենք նորից կդիմենք ժողովրդին, որովհետեւ սա խնդիր է, որը պետք է հասունանա, ու դառնա այն պատճառը, որը կբերի ըմբոստացման»:
«Ազգային Միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը բոլորովին այլ մոտեցում ունի Ռիչարդ Կիրակոսյանի մատնանշած տարբերակին: «Ցավում եմ, որ Ռիչարդ Կիրակոսյանը փորձում է ստանձնել քաղաքական մարգարեի դերակատարում` բացարձակ չխորանալով Հայաստանում առկա թե սոցիալական, թե քաղաքական վիճակներում: Բարձրացված հարցերը (գազի սակագնի բարձրացում եւ այլն:- Լ.Ս.) դարձնել հեղափոխություն կատարելու դրդապատճառ, կարծում եմ, կլինի անազնիվ, որովհետեւ նույն հեղափոխություն իրականացնողները չեն կարողանա գազի սակագների թանկացմանն այլընտրանք առաջարկել, այն էլ` իրականանալի, այդ խնդիրը լուծելու համար: Եվ հաջողված հեղափոխության արդյունքում, որի դրոշին գրված լինի` գազի սակագների իջեցում, ավաղ, դրա առաջնորդները կարճ ժամանակ անց կապրեն խորը ֆիասկո եւ այս իշխանություններից էլ ավելի անփառունակ կհեռանան քաղաքական բեմահարթակից»: Այնպես որ` Ա. Գեղամյանի համար Ռ. Կիրակոսյանի «հետազոտություններն» ու առաջարկները ոչինչ չարժեն, եւ նա «ամերիկյան հողի վրա հայոց դարդով տապակվող» Ռիչարդ Կիրակոսյանին մասնավոր ողջույններ հղելով` խնդրեց մեկ անգամ եւս ընթերցել Սեմուել Ջոնսոնին, որը նման կանխագուշակումների վերաբերյալ ժամանակներ առաջ իր կարծիքն արդեն հայտնել է:
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը, իր իսկ խոստովանությամբ, չգիտի, թե վերջին շրջանում ինչով է զբաղվում, գտնում է, որ սոցիալական, ընկերային խնդիրները պետք է նաեւ քաղաքական, քաղաքացիական ակտիվության խթաններ լինեն, բայց միաժամանակ պետք չէ քաղաքական ակտիվությունն ամբողջովին պայմանավորել սոցիալական հարցերով: «Գազային այս խնդրի մեջ կա եւ սոցիալական բաղադրատարր, եւ պետական ինքնիշխանության հետ կապված լուրջ խնդիր: 5-րդ բլոկի հանձնումը կարող է որոշ ժամանակ մեղմել գազի թանկացման որոշ արձագանքները` սոցիալական լարվածության տեսակետից, բայց, ի վերջո, դա կուտակվելու է, որովհետեւ մենք հիմնային, արմատական լուծումներ չենք տալիս այն հարցերին, որոնք ռազմավարական նշանակություն ունեն: Այդ հարցը կարող էր եւ այլ ձեւ լուծվել: Ուղղակի մենք հետաձգում ենք պոռթկումը»,- մեզ հետ զրույցում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Իսկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը գտնում է, որ վերջին զարգացումներն իսկապես կարող են լուրջ պոռթկում առաջացնել հենց առաջիկա օրերին: «Եթե Հայաստանում լիներ միայն այդ պատճառը, գուցե բավարար չլիներ հեղափոխություն իրականացնելու համար: Սակայն տարբեր ոլորտներում ձախողումներն այնքան շատ են, որ գազի խնդրի շուրջ տեղի ունեցած գործարքն անշուշտ նպաստելու է երկրում որակական փոփոխությունների իրականացմանը, ընդհուպ` մինչեւ հեղափոխության իրականացմանը, որովհետեւ այս խնդիրը շոշափում է ոչ միայն մեր հասարակության սոցիալական դրությունը, այլեւ վտանգի տակ է դնում երկրի անկախությունը»,- նշեց Արամ Զ. Սարգսյանը: