Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչությունն առաջինն է արձագանքել գազի գնի «այսպես կոչված մեղմացման» միջոցառումներին: Եվ երեկ տարածել է կուսակցության վարչության հայտարարությունը:
«Վարչախումբը գազի գնի մեղմացման միջոցառումների անվան տակ կատարում է ժողովրդահաճ թվացող, իրականում ՀՀ ազգային անվտանգությունը վտանգող եւ սեփական իշխանությունը պահպանելուն ու վերարտադրելուն ուղղված հերթական քայլը: Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը ռուսական պետական ընկերությանը օտարելը` դրա դիմաց երեք տարի Հայաստանի սպառողներին իբր էժան գազ տրամադրելու համար, արդարացված չէ ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ սոցիալական առումներով»,- ասված է հայտարարության մեջ: «Քաղաքական առումով. երկրի ողջ էներգետիկան այլ պետության զիջելը այլ բան չէ, քան երկրի քաղաքական անկախության կարեւորագույն հիմքերից մեկի կորուստ: Ինքը` Ռուսաստանը, օրենքով ապահովում է ռազմավարական ոլորտներում, այդ թվում նաեւ` էներգետիկայում պետական մասնաբաժնի գերակայությունը: Հայաստանում արդեն իսկ էներգետիկ հզորությունների 80 տոկոսը Ռուսաստանի սեփականությունն է: Այս գործարքով այդ տոկոսը գործնականում մոտենում է 100-ի: Տնտեսական առումով. ինչպես «Գույք` պարտքի դիմաց» հայտնի գործարքով, այս դեպքում եւս պետության սեփականությունն օտարվում է իր գնից անհամեմատ էժան եւ առանց հետագայում արդյունավետ աշխատելու որեւէ երաշխիքի: Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը շահագործման դեպքում ընդամենը 2-3 տարում կարող է փակել այսօր դրա դիմաց տրված վճարը:
Սոցիալական առումով. վարչախմբի մեկնաբանությունը թե հիշյալ գործարքը իրականացվում է ելնելով Հայաստանի ժողովրդի սոցիալական շահերից` իբր մեղմելու համար բնական գազի սակագինը, անամոթ խաբեություն է. դրանով ոչ մի սոցիալական խնդիր չի լուծվում: Ընդ որում, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի գործարքից նախատեսվող 248,8 միլիոն դոլարն ամբողջությամբ մտնում է Պաշտպանության նախարարության ոչ մի կերպ չվերահսկվող հատուկ հաշիվ: Այսինքն` խայտառակ այս գործարքն իրականում մեկ նպատակ ունի. մի կողմից` մինչեւ առաջիկա ընտրությունները մեղմել հնարավոր սոցիալական ընդվզումը, մյուս կողմից` գոյացնել հսկայական եւ չվերահսկվող ֆինանսական միջոցներ` ապահովելու համար վարչախմբի վերարտադրությունն այդ ընտրություններում»,- ասված է ՀՀՇ վարչության տարածած հայտարարության մեջ: