Գրողների միության շենքում երեկ տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցության ակտիվի ժողովը, որի ժամանակ Ր. Հովհաննիսյանը ներկայացրեց երկրում տիրող վիճակն ու դրա վերաբերյալ իրենց մոտեցումները: «Ժառանգության» ղեկավարի խոսքերով` պատմական եւ քաղաքական հետեւանքների առումով 2005թ. նոյեմբերի 27-ը 1999թ. հոկտեմբերի 27-ի արյունոտ ողբերգության շարունակությունն էր: Հովհաննիսյանի համոզմամբ` այսօր մեր երկրում բարոյազրկում է տիրում: «Ժառանգություն» կուսակցության երեկվա համաժողովին ընդդիմադիր այլ կուսակցությունների առաջնորդներ չկային: Ներկա էին միայն մտավորականների ֆորումի ներկայացուցիչներ, որոնցից մեկը` ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը, հիշեցնելով ռուսական հայտնի «լոմի դեմ մեթոդ չկա, եթե չկա ուրիշ լոմ» հայտնի խոսքը, առաջարկեց դիմել «Ուժի դեմ` ուժ» բանաձեւին, իսկ որպես ուժ` ակադեմիկոսը տեսնում է կայացած քաղաքացիական հասարակությունը, որի դեմ, նրա խոսքերով` «խուժանատիրության ղեկավարությունը» ոչինչ անել չի կարող: Տպավորությունն այնպիսին էր, կարծես բոլոր ելույթ ունեցողները եկել էին ասելու մի միտք. այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այն մաքուր ու անբիծ մարդն է, ով կարող է Հայաստանն առաջնորդել դեպի պայծառ ապագա, ու ելույթ ունեցողներից շատերը նրան կոչ էին անում հետ չկանգնել պայքարից, լինել նախաձեռնող ու առաջնորդող: Ինչեւէ, համաժողովի քաղաքացիական հասարակություն ստեղծելու համար առաջարկվեց ստեղծել «դիմադրության խմբեր»: Երեկ պարզ դարձավ նաեւ, որ «Ժառանգությունը» նախատեսում է այցելություններ կազմակերպել մարզեր եւ մայիսի վերջերին համագումար հրավիրել: