Էս է՞ր ձեր բանակցածը

10/04/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Այսպես, կառավարությունը որոշում է ընդունել «պետական գույքի օտարման եւ բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին»: Ըստ այս որոշման, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը 248.8 մլն ԱՄՆ դոլարով հանձնվել է «Գազպրոմին»։ Ռուսական ընկերությունը վճարումը կատարելու է հետեւյալ գրաֆիկով. 2006թ. ընթացքում 58,8 մլն ԱՄՆ դոլար, 2007թ.՝ 70 մլն եւ 2008թ.՝ 120 մլն։ Կառավարությունը հենց այս գումարներով էլ սուբսիդիայի կարգով փոխհատուցելու է բնական գազի գների տարբերությունը։ Ավելի կոնկրետ. ամսական մինչեւ 10000 խմ սպառողները 1000 խմ-ի համար 90.000 դրամի փոխարեն կվճարեն 65.000 դրամ (25.000 դրամի սուբսիդիա), իսկ 10000 խմ-ից ավելի սպառման դեպքում՝ 1000 խմ-ի համար 146,51 ԱՄՆ դոլարից կառավարությունն իր վրա է վերցնում 52,01 դոլարը։ Գործարքի ընդհանուր գումարից՝ 248.8 միլիոնից 188.8-ն ուղղվելու է հենց այս նպատակին, այսինքն` Հայաստանի բյուջեն ստանալու է մաքուր 60 մլն դոլար։ Նշենք, որ «Գազպրոմը» պարտավորվում է շարունակել անավարտ շինարարության օբյեկտի կառուցումը, մինչեւ 2008թ. ապահովել գույքային համալիրի շահագործման հանձնումը, դրանում տեղակայելով մինչեւ 140 մեգավատտ էլեկտրական հզորությամբ գազատուրբին։

Ահա սա է այն լուծումը, որի մասին ամիսներ շարունակ մտածում էին մեր հանրապետության մեծագույն ուղեղները։ Հիշո՞ւմ եք, ասում էին` գազի գների թանկացումը կմեղմենք «ներքին ռեսուրսներով»։ Ինչքա՜ն չարչարվեցինք, որ իմանանք, թե այդ «ռեսուրսները» որոնք են… Պարզվեց՝ ներքին ռեսուրսը 5-րդ բլոկն է։

«168 Ժամ»-ի նախորդ համարում մեջբերել էինք ՀՀ վարչապետի խոսքերը, որը ժամանակին ասել էլ, որ ոչ մի ապրանք չենք տալու գազի դիմաց։ Մեր այն հարցին, թե արդյո՞ք կառավարության որոշմամբ Հրազդանի ՊՇԵԿ-ի 5-րդ բլոկի վաճառքը չի հակասում իր ասածին, վարչապետը պատասխանել է. «Ոչ, չի հակասում: Պետք է տարբերակել երկու բան. գույք կամ ակտիվներ` գազի գնի թանկացումը կանխելու, փոխհատուցելու դիմաց մենք չենք տվել, ինչպես պարտքի դիմաց գույքի տրամադրումն էր` որոշակի պայմաններով: ՊՇԵԿ-ի 5-րդ բլոկն այս ընթացքում մեր երկրի համար շահեկան պայմաններով վաճառել ենք, որն ուղղակիորեն պետք չէ կապել գազի գնի թանկացման հետեւանքների մեղմման հետ, քանի որ վաճառքից ստացված միջոցները ՀՀ կառավարությունը կարող էր տնօրինել նաեւ այլ խնդիրների լուծման նպատակով` այդ թվում` սոցիալական: Կառավարության որոշման մեջ էլ այդ խնդիրները մեկը մյուսով պայմանավորած չեն: Կառավարությունը նպատակահարմար է գտել վաճառքի արդյունքում ստացված միջոցների մի մասը նպատակաուղղել երկրի ներսում գազի գնի թանկացման հետեւանքները մեղմելուն, բնակչության վրա թանկացման բեռը չծանրացնելուն»։

Սրան խոսակցական լեզվով ասում են` «կրուտիտ»։

Անկեղծ ասած, պրն վարչապետի վիճակը նախանձելի չէ։ Ռուսերեն ավելի լավ է հնչում. նրան պարզապես «տՏՊրՑՈՉՍՈ» արեցին։ Եթե պրն Մարգարյանին այն ժամանակ ասեին, որ վերջում այսպես է լինելու, նա էլ այդպիսի հայտարարություն չէր անի։

Ասում են, 5-րդ բլոկն, այսպես թե այնպես, պետք է վաճառեինք, շահավետ գործարք է եւ այլն։ Եթե վաճառքից ստացված գումարն օգտագործվեր ավելի լուրջ, հեռանկարային նպատակներով, հարցեր չէին առաջանա։ Սակայն եթե այդ գումարներն օգտագործվում են ընթացիկ կարիքների համար կամ պարզապես «ուտում» են, դա արդյո՞ք լավագույն տարբերակն է։ Ի՞նչ ենք անելու 3 տարի հետո, երբ էլ ծախելու բան չլինի։

Ըստ էության, տեղի ունեցավ հետեւյալը. Ռուսաստանն՝ ի դեմս «Գազպրոմի», ոչնչով չընդառաջեց իր ռազմավարական գործընկեր Հայաստանին։ Ասաց` 110 դոլար, եւ վերջ։ Ունե՞ք փող՝ լավ, չունե՞ք՝ ծախեք մեզ ձեր 5-րդ բլոկը ու այդ փողերով էլ վճարեք։ Որեւէ մեկը կարո՞ղ է ասել, որ պատկերը սա չէ։ Եվ եթե ամեն ինչ այսպես է, հետաքրքիր է, մի քանի ամիս շարունակ ինչի՞ մասին էին բանակցում մեր իշխանությունները։ Ստացվում է՝ գնի։ Եթե ուրիշ տարբերակների շուրջ էին բանակցում, նշանակում է` այդ բանակցությունները ձախողվել են։

Դե ինչ, եղածը եղած է։ Մնում է միայն մեկ հարց՝ գազամուղը։ 2 օր առաջ «Գազպրոմի» ինտերնետային էջում հաղորդագրություն տարածվեց, որ Հայաստանը «ՀայՌուսգազարդին» է զիջել նաեւ հայ-իրանական գազամուղի երկրորդ հատվածը։ Հաջորդ օրը Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հերքեց այս լուրը, իսկ «Գազպրոմի» էջից հաղորդագրության այդ մասը հանվեց։ Ի՞նչ էր սա, վրիպա՞կ։ Թե՞ «Գազպրոմը» պատահականորեն «բերանից թռցրել է» այդ լուրը։ Դա էլ ապագայում կպարզվի։ Սակայն հարցը սրանով չի ավարտվում։ «Գազպրոմի» ինտերնետային էջում կարող եք կարդալ. «Փաստաթղթով (պայմանագրով.-Բ.Թ.) նախատեսվում է «ՀայՌուսգազարդին» հանձնել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, ինչպես նաեւ` Հայաստանի գազային ոլորտի օբյեկտներ»։

Ի՞նչ օբյեկտներ։ Սրա մասին մեզ ոչ ոք ոչինչ չասաց։ Միգուցե մի քանի օր հետո դրանց վաճառքի մասին լուրն էլ կներկայացվի հանրությանը՝ որպես մեծագույն նվաճում։