«Ջերմուկ Գրուպին»՝ էժանով տարածք

10/04/2006

Ապրիլի 6-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հավանության է արժանացրել ոչ միայն Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը գազի դիմաց «Գազպրոմին» հանձնելու պայմանագիրը, այլեւ պետական գույքի օտարման մի փայլուն գործարքի մասին որոշում է կայացրել: Թույլատրել է, «Երեւանտրանս» ՓԲԸ-ին իր սեփականությունը հանդիսացող, Երեւան քաղաքի Արշակունյաց 18 հասցեում գտնվող 6151.8 քմ ընդհանուր մակերեսով շենքերն ու շինությունները՝ անկախ գնահատողի կողմից գնահատված 85 մլն դրամ արժեքով, ուղղակի վաճառքի եղանակով օտարել դրանց վարձակալ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին: Նշված շենքերի ու շինությունների զբաղեցրած եւ սպասարկման համար անհրաժեշտ 18.475 քմ մակերեսով հողատարածքը եւս թույլատրվել է կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել դրա վարձակալ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին»: Հիշեցնենք, որ «Ջերմուկ Գրուպի» սեփականատերն ԱԺ պատգամավոր, հանրապետական Աշոտ Արսենյանն է, որին թույլատրվել է շուկայականից մի քանի անգամ ցածր գներով ահռելի տարածքներ ու հողակտորներ գնել:

Վարչապետը թույլատրել է նաեւ վերոհիշյալ հասցեում գտնվող 260 քմ ընդհանուր մակերեսով շինությունը (ձուլարան)՝ անկախ գնահատողի կողմից գնահատված 7 մլն դրամ արժեքով ուղղակի վաճառքի եղանակով օտարել դրա վարձակալ Իշխան Բունարջյանին. «Կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով դրա ենթավարձակալ հանդիսացող վերջինիս օտարելով նաեւ շինության զբաղեցրած եւ սպասարկման համար անհրաժեշտ 2430 քմ մակերեսով հողատարածքը»:

Իսկ մի քանի օր առաջ նախագահ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային հանդիպում էր ունեցել Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի հետ եւ խիստ հանձնարարություն էր տվել` հողը վաճառել միայն աճուրդով: Տրամաբանական է, որ այս հանձնարարականը հավասարապես պետք է վերաբերի թե՛ վարչապետին, թե՛ Երեւանի քաղաքապետին եւ թե՛ այլ պաշտոնյաներին: Սակայն, ինչպես տեսնում ենք, վարչապետը որոշել է վերոհիշյալ շինություններն ու հողակտորները թույլատրել ուղղակի վաճառել, այն էլ՝ ոչ թե շուկայական, այլ կադաստրային արժեքով, որը տասնապատիկ անգամ էժան է: ՀՀ կառավարությունն այսօրինակ բազմաթիվ որոշումներ էլ կայացրել է անցյալ տարի: Հիշենք դրանցից մի երկու օրինակ: Անցած տարի 1693-Ն որոշումով կառավարությունը Պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրել էր իր տնօրինության տակ եղած՝ Արաբկիր համայնքի Վաղարշյան 20 հասցեում գտնվող շենքից 97 քմ տարածքն ուղղակի վաճառքի ձեւով օտարել նախօրոք հայտնի գնորդ «Նոր Արաբկիր» կոոպերատիվին: Ընդ որում, գնահատող կազմակերպությունն այդ տարածքը գնահատել է ընդամենը 2 մլն 478.738 դրամ: Իսկ սահմանել է այդ անշարժ գույքի ուղղակի վաճառքի գինը՝ 865 հազար դրամ, կամ մոտ 2000 դոլար:

Եվս մի օրինակ՝ նորից կառավարության որոշումով Պետական գույքի կառավարման վարչությունն ուղղակի վաճառքի ձեւով ընդամենը 64 մլն 70 հազար դրամով Տնտեսագիտության եւ կառավարման ինստիտուտին է օտարել Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը պատկանող 2851,76 քմ տարածքը, որը գտնվում է Զեյթուն համայնքում, Կ.Ուլնեցի 31 հասցեի նկուղային, երրորդ, հինգերորդ եւ վեցերորդ հարկերում: