Հետեւելով վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակվող հայ-ադրբեջանական շփման գծի իրադրության վերաբերյալ նյութերին, կարելի է եզրակացնել, որ իրադրությունը սահմանում շատ վատ է: Սա, իհարկե, այն դեպքում կարելի է եզրակացնել, երբ այդ պահին բնակվում ես Ղարաբաղից դուրս:
Վերջերս հասարակության տարբեր շրջաններում շատ են խոսում այն մասին, որ ՌԴ-ում, արտասահմանյան երկրներում եւ նույնիսկ Հայաստանում բնակվող հարազատները, ընկերներն ու ծանոթները մտահոգված հաճախակի են զանգում ԼՂՀ-ում ապրող բարեկամներին` հարցնելու Արցախում տիրող վիճակի մասին: Այնինչ ղարաբաղցիները շատ հանգիստ են, քանզի տեղյակ են, որ սահմանում ամեն ինչ հանգիստ է: Իսկ վերջին շրջանում սահմանում ընդհարումների կամ զոհերի մասին ոչ մի լուր չի եղել: Շփման գծում իրադրությունը հանգիստ է: 1994թ. հրադադարից հետո պարբերաբար խախտումներ են լինում, սակայն ներկայումս առաջին գծում տիրող իրադրությունը մտահոգիչ չէ: Ինչ վերաբերում է վերջին շրջանում որոշակի ակտիվությանը, դա հաճախ է լինում գարնանը, երբ ձմռան ձնհալից հետո երկուստեք սկսում են կարգավորել դիրքերն ու ինժեներական աշխատանքներ իրականացնել: Այս մասին լրագրողներին ասել է ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որի խոսքերով, ադրբեջանական կողմից լինում են նշանառված կրակոցներ, որոնց չպատասխանելու համար առնվազն պետք է անլուրջ լինել: Ս. Օհանյանը միաժամանակ հավաստիացրեց, որ հրադադարի խախտման հետեւանքով ղարաբաղյան կողմից զոհեր չեն եղել: Այս առնչությամբ ադրբեջանական կողմի դիրքորոշումը, ըստ վերլուծաբանների, մի քանի նպատակներ է հետապնդում. միջազգային հանրությանը փորձում են համոզել, որ Հայաստանն ագրեսիվ քաղաքականություն է վարում, կամ ուզում են համոզել ՀՀ հասարակայնությանը, որ ԼՂՀ-ում պատերազմ է, եւ պետք չէ այնտեղ ուղարկել տղաներին: 3-րդ՝ մի քանի ամիս անց Ադրբեջանը «խախտումների» ցուցակը կներկայացնի ինչ-որ միջազգային ատյանում եւ քաղաքական դիվիդենտներ կստանա:
ԼՂՀ-ում շատերը նույնպես կարծում են, որ Ադրբեջանն այդ լուրերը տարածում է իր քաղաքական նպատակների իրագործման համար:
ԱԺ պատգամավոր, «Հավատ» հասարակական կազմակերպության նախագահ, ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանն օրերս հայտնեց, որ պատրաստվում է հանդես գալ պատգամավորական նախաձեռնությամբ` ԼՂ բնակչության անվտանգության ապահովման եւ պաշտպանության նպատակով ԱԺ կողմից համապատասխան օրենք ընդունելու վերաբերյալ:
Վ. Բալասանյանի կարծիքով, վերջերս Ադրբեջանի կողմից ուժգնացող ռազմատենչ հայտարարությունները, դրանց զուգահեռ` զինված ուժերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի հաճախակի խախտման փաստերը հարկադրում են մեզ` ուշադրությունը սեւեռել ԼՂՀ բնակչության անվտանգության, Պաշտպանության բանակի մարտական պատրաստվածության խնդիրների վրա` կենտրոնացնելով ռազմատեխնիկական ողջ ներուժը` ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման դեպքում հակառակորդին հակահարված հասցնելու համար: Ըստ օրինագծի՝ ԼՂՀ ԱԺ-ն պետք է դիմի ՀՀ ԱԺ-ին` համապատասխան որոշում ընդունելու խնդրանքով, որում պետք է արտացոլված լինի Հայաստանի Հանրապետության կողմից համապատասխան քանակով զինված ուժեր ԼՂՀ տարածքում տեղակայելու անհրաժեշտությունը: Վ.Բալասանյանը գտնում է, որ ԼՂՀ ԱԺ որոշման մեջ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է ներկայացվի որպես ագրեսոր, հարեւան ժողովրդի նկատմամբ տարածքային հավակնություններ ունեցող պետություն:
Ստեփանակերտի բնակիչ, Արցախյան պատերազմի վետերան Ա. Հակոբյանի կարծիքով, չնայած սահմանում իրադրությունը հանգիստ է, «պետք չէ մոռանալ, որ ամեն պահի կարող է ռազմական գործողություն սկսվել, դրան ամեն մի վայրկյան պետք է սպասել ու պատրաստ լինել պաշտպանության համար»: