Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքները շարունակում են բողոք-դիմումներ հղել ԼՂՀ Ազգային ժողովին: Նամակների քննարկման նպատակով օրերս ԱԺ անվտանգության, պաշտպանության եւ օրինապահպանության հանձնաժողովը նիստ է հրավիրել: Նիստին ներկա էին ԼՂՀ պաշտպանության եւ սոցապահովության նախարարները, Ստեփանակերտի քաղաքապետը, բնակարանների տրամադրման կառավարական հանձնաժողովի նախագահը, պատգամավորներ, զոհված ազատամարտիկների այրիներ, լրագրողներ:
Ինչպես նիստի ժամանակ նշեց Անվտանգության, պաշտպանության եւ օրինապահպանության հանձնաժողովի նախագահ Ռուդիկ Մարտիրոսյանը, բողոք-դիմումները հիմնականում վերաբերում են թոշակների եւ նպաստների տրամադրման անհասկանալի կարգին, ինչպես նաեւ վերոնշյալ ընտանիքներին բնակարանների տրամադրմանը: Ստեփանակերտի քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը տեղեկացրեց, որ հստակեցվել է բնակարանային հերթացուցակը, որում ընդգրկված են 181 հոգի, որոնցից 12 ընտանիքի համար (8-ը` Ստեփանակերտում, իսկ մյուսները` շրջաններում բնակվող) ԼՂՀ Պաշտպանության նախարարի հավաստմամբ, բնակարաններ են գնվել: Դրանք երկու զոհված անդամ ունեցող ընտանիքներն են: Նախարարը միաժամանակ տեղեկացրեց, որ անցյալ տարի ներդրվել է 300 մլն դրամ Ստեփանակերտում նոր շենք կառուցելու համար, որի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են եւ կավարտվեն, ամենայն հավանականությամբ, այս տարվա աշնանը: «Այս տարի պետք է եւս 400 մլն ներդրվի այդ շենքն ավարտին հասցնելու եւ մյուսի հիմքը դնելու համար, որի շինարարությունը պետք է ավարտին հասցվի 2007 թվականին»,- այս մասին նիստի մասնակիցներին տեղեկացրել է ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը:
Զոհված ազատամարտիկի այրի Անահիտ Հակոբյանի այն հարցին, թե նոր շենքի բնակարաններից քանիսն են տրամադրվելու զոհված ազատամարտիկների ընտանիքներին, բնակարանների տրամադրման կառավարական հանձնաժողովի նախագահ Բորիս Ալավերդյանը չկարողացավ հստակ պատասխան տալ: Նրա խոսքերով, դա դեռեւս հայտնի չէ, քանի որ այդ բնակարանները նախատեսված է տրամադրել նաեւ հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին եւ այլ խավերին:
Անահիտ Հակոբյանը բողոքում էր նաեւ, որ բնակարանների հերթացուցակում անճշտություններ կան, եւ ցուցակի վերջնամասում գտնվողը կարող է ավելի շուտ բնակարան ստանալ ցուցակի առջեւում ընդգրկվածներից: Բորիս Ալավերդյանը հավաստիացրեց, որ ոչ մի մարդ առանց հերթի բնակարան չի ստանում: Հայտնի է, որ վերջին 1,5 տարում այդ ընտանիքների համար տներ չեն կառուցվել: «Եթե այսպիսի տեմպերով շարունակենք, ապա ցուցակում ընդգրկվածների բնակարանային հարցերը չեն լուծվի նույնիսկ 15 տարի հետո, դա` այն դեպքում, երբ տարիներ հետո կծագեն նոր խնդիրներ` կապված զոհված ազատամարտիկների երեխաների բնակարանով ապահովելու հետ: Կարծում եմ, հարցի լուծման համար անհրաժեշտ է պետական նպատակային ծրագիր մշակել»,- նշել է Ստեփանակերտի քաղաքապետը:
Զոհված ազատամարտիկների կանանց մտահոգում էր նաեւ թոշակների բարձրացման անհասկանալի կարգը, որում վերջին երկու տարիների ընթացքում հաճախակի կատարված փոփոխությունները շփոթություն են առաջացրել թոշակ ստացողների շրջանում, որոնք մինչ օրս չեն կարողանում պարզել, թե որքան է թոշակի իրական չափը: Սոցապահովության նախարարության ներկայացուցիչը համապատասխան պարզաբանումներ տվեց: Այրիների խոսքերով, մոտ 20 հազար դրամը, որը տրվում է մեկ երեխայի հաշվով, շատ քիչ է: «Ոչ ոք չի ուզում օգնություն խնդրել: Ավելի լավ կլիներ, եթե մենք նորմալ վարձատրվող աշխատատեղերով ապահովված լինեինք: Այդ դեպքում, կարծում եմ, օգնության կարիք չէր լինի»,- նիստի ժամանակ նշել է Զոհված ազատամարտիկների հարազատների միության նախագահ Գալյա Առստամյանը: