Խաբար չեն

07/04/2006

«Մեդիամաքսի» փոխանցմամբ, «ԱրմենՏել» ընկերության մամուլի ծառայությունը տեղյակ չէ հունական OTE-ի` «ԱրմենՏելի» բաժնետոմսերի իրեն պատկանող 90%-ը վաճառելու մտադրության մասին: «AFX Europe» գործակալությունը երեկ հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Հայաստանի կառավարության հետ կայացած բանակցություններից հետո OTE-ն հայտարարել է «ԱրմենՏելի» համար գնորդ փնտրելու մասին: Հաղորդագրության մեջ ասվում էր, որ գործարքի ֆինանսական օպերատորը լինելու է HSBC Holdings PLC-ը: Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանը երեկ հայտնել է, որ նախարարությունում «ԱրմենՏելի» բաժնետոմսերը վաճառելու OTE-ի մտադրության մասին տեղեկություն չունեն: Նույն անտեղյակությունն էլ եղել է կառավարության մամլո ծառայությունում: 2004թ. նոյեմբերին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ եթե OTE-ն որոշի վաճառել բաժնետոմսերը, ՀՀ կառավարությունը, հանդիսանալով «ԱրմենՏելի» բաժնետեր, կարող է օգտագործել իր «նախընտրության իրավունքը»: