Երկքաղաքացիության մասին օրենքի ընդունումից հետո, ինչպես աշխարհի մյուս ազգերը, այնպես էլ մեր «դարավոր թշնամիները»` թուրքերն ու ադրբեջանցիները եւս կարող են ՀՀ երկքաղաքացիություն ստանալ: ՀՅԴ-ն, որ այսօր նախաձեռնել է երկքաղաքացիության մասին օրենքը, համաձայն կլինի՞ դրան: Երեկ այսպիսի հարց ուղղեցինք ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանին ու ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանին: «Իհարկե ոչ, ո՞նց կարող է ՀՅԴ-ն համաձայն լինի, որ նրանք գան ու ՀՀ երկքաղաքացիություն ստանան: Դա արդեն պետական հանձնաժողովը պետք է որոշի, մեր անվտանգության առումով պետք է նայենք, եւ այդ քաղաքացիությունը կամ հետաձգվում է, կամ էլ մերժվում է»,- ասաց նա: Իսկ Արմեն Ռուստամյանն էլ հույս հայտնեց, որ կոնկրետ թուրքերի ու ադրբեջանցիների պարագայում, ելնելով ազգային անվտանգության շահերից, երկքաղաքացիության տրամադրումը համապատասխան հանձնաժողովի կողմից կմերժվի: Նշենք, որ երկքաղաքացիություն միայն ազգությամբ հայերին են տրամադրում պարզեցված կարգով, այլազգիների դեպքում` այդ հարցը որոշում է համապատասխան հանձնաժողովը: