Նոր պատերազմը կործանարար կլինի

07/04/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի` ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում մի ուշագրավ դրվագ գրանցվեց:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին, Պիտեր Սեմնեբին կարծիք հայտնեց, թե ԼՂՀ հիմնախնդրի չլուծվելն ու հարեւան երկրների հետ փակ սահմանները խոչընդոտում են ՀՀ տնտեսական զարգացմանը: Այս հայտարարությունն ուշագրավ է այնքանով, որ ժամանակին ՀՀ արտգործնախարար Վ. Օսկանյանը հայտարարել էր, թե ՀՀ-ն շրջափակման պայմաններում եւս հարյուր տարի կարող է զարգանալ: Ու երեկ լրագրողները ՀՀ արտգործնախարարից հետաքրքրվեցին, մի՞թե ինքը Սեմնեբիին չի տեղեկացրել մեր այդ ազգային հրաշքի մասին: «Չեմ փոխանցել, որովհետեւ հանձնակատարն ինքը գիտի այդ ամենը: Իսկ միտքն այն է, որ եթե սահմանները բաց լինեն, ապա ավելի արագ կարող ենք զարգանալ»,- իր հայտարարությունները եւս մեկ անգամ վերահաստատեց պրն Օսկանյանը: Փոխարենը, ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցերը: «Եվրամիությունը ձգտում է էլ ավելի գործուն մասնակցության Հարավային Կովկասում առկա հակամարտությունների կարգավորման գործընթացում»,- երեկ ասաց Պ. Սեմնեբին: Նրա խոսքերով, ԵՄ-ն բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահի գործունեությունը: Մանավանդ, որ այսօր խնդիրը կարգավորելու հնարավորություն կա, եւ կողմերը պետք է օգտագործեն այն: «Կարեւոր է հասկանալ, որ նման իրավիճակը վտանգավոր է, եւ կողմերը գիտակցում են պատմական պատասխանատվությունն արդեն այս տարի համաձայնության գալու առումով»,- ասուլիսի ժամանակ հատուկ ընդգծեց պարոն Սեմնեբին: Ինչ վերաբերում է ԵՄ-ի կողմից հակամարտության կարգավորման ուղղությամբ ցուցաբերվելիք հնարավոր օգնությանը, ապա Սեմնեբին ասաց, որ Հարավային Կովկասում ԵՄ նախկին ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեն լավ հիմք է դրել ապագա աշխատանքի համար: «Սակայն իմ խնդիրները փոքր-ինչ տարբերվում են նախորդներից»,- ասաց ԵՄ նոր ներկայացուցիչն` ավելացնելով, որ եթե նախկինում խնդիրն էր գնահատել իրավիճակը եւ պայմաններ ստեղծել ավելի օպերատիվ աշխատանքի համար, ապա ներկայիս մանդատը թույլ է տալիս ուշադրությունը սեւեռել այն դերի վրա, որ Եվրամիությունը կարող է խաղալ տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման գործընթացում: «Գործնականում, ես չեմ կարծում, թե կարող եմ անել ինչ-որ բան, որը չի կարողացել անել իմ նախորդն իր մանդատի շրջանակներում: Կարեւորն այն է, որ այդպիսով ԵՄ-ն ազդարարում է իր քաղաքականությունը, որի էությունն է հակամարտությունների կարգավորման գործընթացին առավել գործուն մասնակցություն ունենալու ցանկությունը»,- իրենց պատրաստակամությունը հայտնեց ԵՄ հատուկ ներկայացուցիչը: Վերջինիս խոսքերով, «Ադրբեջանում, ամենայն հավանականությամբ, քննարկվում է ռազմական ճանապարհով ղարաբաղյան հակամարտության լուծման հարցը»: Սակայն ղարաբաղյան հակամարտության ռազմական ճանապարհով հնարավոր լուծման մասին հայտարարությունները ԵՄ հատուկ ներկայացուցչին ամենեւին չեն ուրախացնում: «Ադրբեջանում իմ այցի ժամանակ ես հայտարարել եմ, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ կունենա կործանարար հետեւանքներ»,- ասաց Սեմնեբին՝ հույս հայտնելով, որ իր ուղերձը տեղ է հասել: Իսկ Վ. Օսկանյանի խոսքերով՝ «Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Դրա լավագույն հաստատումն է այն, որ Հայաստանը հաղթել է պատերազմում, սակայն հակամարտությունը մինչ այժմ լուծված չէ: Երկու անգամ Ադրբեջանը պատերազմ է սկսել, եւ երկու անգամ էլ փաստորեն տանուլ տվել: Սակայն, հակամարտությունը, ինչպես տեսնում ենք, չլուծված է մնում: Դա լավագույն դասը պետք է դառնա Ադրբեջանի համար. հակամարտությունը ռազմական լուծում չունի, այն անհրաժեշտ է լուծել բանակցությունների ճանապարհով, եւ միակ ճանապարհը փոխզիջումների ուղին է: Առանց դրա իրականում անհնար է լուծել հարցը»,- ասաց Վարդան Օսկանյանը: ՀՀ ԱԳ նախարարը փաստեց, որ Ղարաբաղի հարցում հայկական կողմն արդեն արել է փոխզիջումների իր բաժինը: «Իսկապես Հայաստանը վերջին շրջանում այդ փոխզիջումների իր բաժինն արել է: Մենք այսօր սահմանաեզրում ենք գտնվում, տեղ չունենք արդեն հետ գնալու: Եվ պահն է, որ Ադրբեջանը համապատասխան քայլ անի, որպեսզի մենք կարողանանք այս գործընթացը տեղից շարժել եւ հասցնել իր վերջնական ավարտին»:

Սակայն Վարդան Օսկանյանը ոչ հերքում եւ ոչ էլ հաստատում է այն լուրերը, թե Ռամբույեում կողմերը համաձայնության չեն եկել, քանի որ Ադրբեջանը 5 տարածքներից բացի` հայկական կողմից պահանջել է նաեւ Քելբաջարը. «Ռամբույեում օրակարգը չհաստատվեց, սակայն այնտեղ նաեւ բավականին դրական բաներ կային»: Ըստ պարոն Օսկանյանի` ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետագա ընթացքը կախված կլինի օրերս Վաշինգտոնում նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Սթիվեն Մանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մահմեդյարովի հանդիպումից:

Հ.Գ. Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին երեկ հայտարարեց, որ ինքն իրավասու չէ պատասխանել Իրանի վրա հնարավոր հարձակման վերաբերյալ քաղաքականացված հարցին: Սակայն, ըստ նրա` «ԵՄ-ն գիտակցում է Իրանի հետ հարաբերությունների կարեւորությունը Հայաստանի համար»: