ՀՀ Սահմանադրությունից երկքաղաքացիությունն արգելող դրույթը վերացնելուց հետո դաշնակցականները խոստացան, որ հանդես են գալու երկքաղաքացիությունը կարգավորող օրենսդրական նախաձեռնությամբ: Սակայն օրենքի նախագծում ամենաառանցքային կետերի շուրջ առայժմ չեն կարողանում տրամաբանական կոնկրետ լուծումներ գտնել: Խոսքը վերաբերում է երկքաղաքացիություն ունեցողների ընտրելու եւ ընտրվելու իրավունքներին: Ճիշտ է, երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացրած «Արտերկրի հայերին ՀՀ երկքաղաքացիության կարգավիճակ տալու մասին» ՀՀ օրենքի հայեցակարգի մեջ ամրագրված է, թե երկքաղաքացիները որ դեպքերում կարող են ընտրել կամ ընտրվել, իսկ որ դեպքերում նրանց նկատմամբ այդ իրավունքը կարող է չգործել: Սակայն փորձագետների գնահատմամբ, դրանք անհեթեթություններ են: Ընտրելու կամ ընտրվելու իրավունքների վրա Սահմանադրությամբ չնախատեսված արգելքներ կիրառելն ուղղակի հակասահմանադրական է եւ ոտնահարում է քաղաքացիների հիմնարար ազատություններն ու իրավունքները: Եվ հենց այդ պատճառով էր, որ ժամանակին ընդդիմությունը պահանջում էր սահմանադրական փոփոխությունների նախագծում ամրագրել, որ երկքաղաքացիներն ընտրելու եւ ընտրվելու իրավունք չեն ունենալու: Ավելի պարզ ասած, եթե որեւէ պաշտոնում ընտրվելիս Սահմանադրությամբ որոշակի պահանջներ ու սահմանափակումներ կան, ապա ընտրելու իրավունքից ՀՀ Սահմանադրության համաձայն` օգտվում է ՀՀ յուրաքանչյուր չափահաս քաղաքացի: ՀՀ քաղաքացի է համարվում նաեւ երկքաղաքացին, եւ ըստ այդմ, եթե նրա առաջ ընտրելու համար որեւէ սահմանափակում կամ պայման է դրվում, ապա դա արդեն դիտվում է որպես մարդու իրավունքների ոտնահարում: Իսկ արտերկրում բնակվող երկքաղաքացիներին, բնականաբար, չպետք է թույլ տալ քվեարկել եւ հեռվից հեռու ՀՀ ճակատագիրը որոշել: Ի դեպ, այսպիսի նրբությունները հաշվի առնելով է, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան (ինչպես նաեւ` միջազգային այլ նմանատիպ կառույցներ) բազմաթիվ անգամներ կոչ են արել խուսափել երկքաղաքացիությունից, քանի որ այն հարուցում է բազմաթիվ անլուծելի խնդիրներ: Բացի այդ, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ կոալիցիոն գործընկերների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, երկքաղաքացիությունը կլինի սիմվոլիկ: Եվ այդ արգելքը վերացնելուց հետո երկքաղաքացիներին ընտրելու կամ ընտրվելու իրավունք, այնուամենայնիվ, չի տրվի: Սակայն պարզվում է, որ այսօր կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ն չի հիշում իրենց պայմանավորվածության մասին: Դաշնակցականներն առայժմ ներկայացրել են «Արտերկրի հայերին ՀՀ երկքաղաքացիության կարգավիճակ տալու մասին» օրենքի նախագծի հայեցակարգը:
Եվ երեկվա ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանն առաջարկեց, որ քաղաքական ուժերի հետ բանակցություններից հետո կառավարությունն ԱԺ-ին ներկայացնի երկքաղաքացիության վերաբերյալ օրինագիծ: Իսկ եթե ոչ, ապա ՀՅԴ-ն պատրաստ է ինքն իր սեփական նախագիծը ներկայացնել:
Իսկ ի՞նչ են առաջարկում դաշնակցական ընկերները: Երկքաղաքացիների իրավունքները կարգավորվում ու սահմանափակվում են պարտականությունների կատարմանը զուգընթաց. այսինքն` իր իրավունքներից կօգտվի այնքան, ինչքան որ ՀՀ-ի հանդեպ կատարեն իրենց պարտականությունները: Սակայն երկքաղաքացիներն իրենց զինվորական ու հարկային պարտավորությունները պետք է կատարեն միայն մեկ երկրի նկատմամբ: «Ընտրական իրավունքից երկքաղաքացիները կօգտվեն ՀՀ-ում առավելապես եւ անընդմեջ բնակություն հաստատելուց հետո: Ինչպես վկայում է այս հարցի շուրջ իրավական կարգավորման միջազգային պրակտիկան, ապա պետք է նշել, որ ոչ միայն երկքաղաքացիներին, այլեւ օտարերկրացիներին թույլատրվում է օգտվել իրենց քաղաքական իրավունքներից` որոշակի սահմանափակումներով, որն իրավաչափ է դիտվում միջազգային հանրության կողմից»,- ամրագրված է դաշնակցականների հայեցակարգում: Թե քանի տարի բնակվելուց հետո կարող են երկքաղաքացիներին ընտրելու իրավունք տալ, այդ հարցը կորոշվի հետագա քննարկումների ժամանակ: Այժմ կոնկրետ պահանջ է, որ քվեարկելու իրավունք ունենան միայն ՀՀ-ում մշտապես բնակվողները: Ի դեպ, այդ առումով մի հետաքրքիր նորամուծություն կա հայեցակարգում: Ինչպես ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը` քաղաքացիները քվեարկել կարող են միայն ՀՀ աշխարհագրական տարածքում: Այսինքն` արտերկրում նրանց համար այլեւս տեղամասեր չեն բացվի: Իսկ «Դաշնակցականները կարո՞ղ են «սամալյոտ» տրամադրել` ընտրությունների օրը մարդկանց Հայաստան հասցնելու եւ ըստ այդմ` քվեարկության իրավունք ընձեռելու համար հարցին» ի պատասխան` պարոն Ռուստամյանն ասաց. «Ո՞նց դաշնակները սամալյոտով մարդկանց բերեն Հայաստան քվեարկելու: Այդ ծախսերը հաշվե՞լ եք: Նման ճոխություն իրեն ոչ մի կուսակցություն թույլ չի տա կատարել»: Ինչ վերաբերում է ընտրվելու խնդրին, ապա օրենքի համաձայն` կառավարությունն ինքը պետք է սահմանի այն կարգն ու պաշտոնների ցանկը, որոնց զբաղեցնելը ենթադրում է միայն ՀՀ քաղաքացիության պատկանելիություն: Եթե տվյալ պաշտոնյան աշխատանքի բերումով առնչվում է ՀՀ պետական կամ ռազմական գաղտնիք հանդիսացող, ազգային անվտանգությանն առնչվող տեղեկությունների հետ, ապա նա պարտավոր է լինել միայն ՀՀ քաղաքացի: Իսկ ազգային պատկանելությունը, ըստ դաշնակցականների, չի կարող արգելել մարդուն դառնալ, օրինակ, ՀՀ նախագահ: «Եթե մարդը 10 տարի մշտապես բնակվել է Հայաստանում, կատարել է իր քաղաքացիական բոլոր պարտականությունները, ի՞նչ իրավունքով կարող ենք զրկել նրան նախագահ ընտրվելու իրավունքից»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը:
Ու քանի որ ՀՀՇ-ի իշխանության օրոք ընդունված ՀՀ առաջին սահմանադրության մեջ արգելված էր երկքաղաքացիությունը, երեկ երկքաղաքացիության մասին ՀՅԴ-ի օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ մեկնաբանությունների համար դիմեցինք ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանին: Նրա կարծիքով, այս հայեցակարգն ու դրանից հետո ընդունվելիք օրենքը գրված է միայն սփյուռքի համար: «ՀՀ քաղաքացիները սրանից չեն օգտվում, այլ երկրի քաղաքացիները, որոնց հետ այդ առումով կարող ենք միջպետական պայմանագրեր կնքել, այս օրենքից չեն օգտվում: Սա սփյուռքահայերի մասին օրենք է»,- կարծիք հայտնեց Ա. Մանուկյանը: Ըստ ՀՀՇ վարչության անդամի` դա է հուշում հենց օրենքի վերնագիրը. «Արտերկրի հայերին ՀՀ երկքաղաքացիության կարգավիճակ տալու մասին» ՀՀ օրենք:
«Այսինքն` երկքաղաքացիություն կարող են ստանալ, օրինակ, միայն Ֆրանսիայում ապրող հայերը, իսկ Ֆրանսիայի մյուս քաղաքացիները, ստացվում է, որ նման իրավունք չունեն. դա նշանակում է` այդ երկրի քաղաքացիների դասակարգում եւ իրավունքների ոտնահարում: Բա Ֆրանսիայի գերմանացիները, Ֆրանսիայի ուզբեկները եթե ուզենան ՀՀ քաղաքացի դառնալ, ի՞նչ են անելու: Բացի այդ, ՀՀ-ում ապրող հայերը եթե ուզենան այլ երկրի քաղաքացի դառնալ, ո՞նց են դառնալու: Չէ՞ որ սա արտերկրի հայերի երկքաղաքացիության մասին է»,- մատնանշում է Արամ Մանուկյանը` գնահատելով այդ օրենքը որպես «էթնիկ օրենք. այստեղ երկքաղաքացիության մասին որեւէ բան չկա»: Մինչդեռ, ՀՀ նոր Սահմանադրության համաձայն` օրենքով սահմանվում են երկքաղաքացիություն ունեցող անձանց իրավունքները եւ պարտականությունները, եւ ոչ թե արտերկրի հայերի երկքաղաքացիությունը: Պարոն Մանուկյանի համար անհասկանալի է եւս մեկ դրույթ. «Արտերկրի հայերին ՀՀ երկքաղաքացիության կարգավիճակ տալը կնպաստի մեկ այլ սահմանադրական նորմի իրացմանը` մեկ միասնական հայրենիքի ստեղծման համար»: Թե որն է մեկ միասնական հայրենիքը, Ա. Մանուկյանի համար անհասկանալի է: Ուստի նա հարցնում է. «Այդ ի՞նչ հայրենիք ենք ստեղծում: Սրանով փորձելու են ողջ աշխարհը հռչակել Հայաստա՞ն: Սա բացարձակ ապուշություն է: Ամոթ այն պատգամավորին, որ քվեարկելու է այս նախագծին»: