Ուշացած հարց

07/04/2006 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Ղարաբաղյան բանակցությունների ձախողումը, որ ընդունված է բարդել հակամարտող երկու պետությունների ղեկավարների եւ քաղաքական վերնախավերի վրա, իրականում այլ պատճառներ ունի։ Սա չի նշանակում, իհարկե, որ հակամարտող երկրների «վերեւները» չեն իրենց վարքով կասեցնում բանակցությունների բնականոն ընթացքը։ Կասեցնում են, եւ դա բնական է։ Բնական չէ, միջնորդ պետությունների կողմից առաջարկվող մոտեցումների կարծրությունն ու, մեղմ ասած, անտարբերությունը՝ դե գործ է, անում ենք։

Եթե հակամարտող կողմերը բանակցությունների միջոցով չեն մոտենում խաղաղությանը, ուրեմն երեւի ժամանակն է խաղաղության միջոցով բանակցություններին մոտենալու։ Իհարկե, մի առանձին մարդ, մի առանձին լրագրող կարող է հեշտությամբ նման վերաձեւակերպումներ անել, բայց պետությունները, որոնք կաշկանդված են իրենց օրենքներով ու դավանանքներով, դժվար թե կարողանան վերցնել ու ամեն ինչ գլխիվայր շուռ տալ։ Կամքի հարց է։

Ու քանի որ թեման արդեն բացվել է եւ ինձ՝ նվաստիս, թույլ եմ տվել խորհուրդ տալ միջնորդներին, ասեմ, որ խաղաղության հասնելու համար հարկավոր է ձգտել խաղաղության։ Այսինքն՝ պետք է ձգտել նախահիմքին ու նախապայմանին։ Միջնորդները մինչեւ փաթեթներ ու փուլեթներ դեմ տալը (ո՞վ չգիտե, որ դեմ են տալիս, չորով), պետք է նախեւառաջ խաղաղություն դեմ տան։ Այսինքն՝ պետք է ասեն՝ մեծարգո պարոնայք նախարարներ կամ վսեմաշուք պարոնայք նախագահներ, ձեր երկրների հարկատուների հաշվին խաղաղարար առաքելությամբ օրումեջ ճանապարհորդելուց առաջ բարի եղեք ստորագրել մի հռչակագիր, համաձայն որի, դուք՝ որպես քաղաքական պատասխանատու մարդիկ, պարտավորվում եք բոլոր խնդիրները լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։

Այսինքն՝ առաջին քայլը պետք է լինի խաղաղ ճանապարհով բոլոր հարցերը լուծելու կամքի դրսեւորումը։ Խաղաղության երկկողմ կամ հնգակողմ (նկատի ունեմ երեք համանախագահներին) հռչակագրի ստորագրումն իր հերթին կբերի պարտավորությունների մի շարք, որն ինքնաբերաբար կարձանագրվի վերոհիշյալ հռչակագրում։ Կողմերը պետք է պարտավորվեն դադարեցնել ազգամիջյան թշնամանքի եւ պատերազմի քարոզչությունը։ Սա առաջին պայմանն է, բայց ամբողջը չէ, քանի որ ազգամիջյան թշնամանք եւ ռազմատենչություն չքարոզելը դեռ չի նշանակում ժողովուրդներին պատրաստել խաղաղության։ Կողմերը պետք է պարտավորություն ստանձնեն իրենց ժողովուրդների հետ լավ ապագայի մասին խոսելու։ Ինչո՞ւ չեմ ասում` խաղաղասիրություն քարոզելու, որովհետեւ խաղաղասիրության քարոզը, մեկ էլ տեսար, կարող է նմանվել պատերազմի ու թշնամանքի մեզ ծանոթ քարոզին։ Պետք է փորձել ամոքել պատերազմի պատճառած ցավն ու վերականգնել մարդկանց վիրավորված արժանապատվությունը։

Երրորդ քայլը պետք է լինի հասարակական տարբեր մակարդակներով ազգամիջյան երկխոսությունները խրախուսելը։ Ընդհանուր ճշմարտության հնարավոր է հասնել միայն երկխոսության միջոցով, եւ միայն երկխոսությունն է կողմերին բերում այն համոզման, որ աղետը համընդհանուր է, որ մեկի հաղթելն ու մյուսի պարտվելը, մեկի ռազմական բյուջեի գերազանցությունը մյուսի պետական բյուջեի նկատմամբ չի վերացնում աղետի հետեւանքները, այլ հակառակը՝ խորացնում է։

Չորրորդ քայլը պետք է լինի մարդկային շփումների վերականգնումը կամ գոնե այդպիսի նախադեպերի ստեղծումը։ Մի՞թե անհնար է, օրինակ, կազմակերպել երբեմնի իջեւանաբնակ ադրբեջանցիների կամ խանլարաբնակ հայերի էքսկուրսիան դեպի ծննդավայր, այցելությունը հարազատների գերեզմաններին, հանդիպումը հին ծանոթների ու հարեւանների հետ։ Եթե լինի կամք ու ցանկություն, անմիջապես պարզ կդառնա, որ իրագործումն ընդամենը տեխնիկայի հարց է։

Հինգերորդ եւ ամենակարեւոր քայլը պետք է լինի բնական ռեսուրսների եւ կոմունիկացիաների համատեղ օգտագործման վերականգնումը։ Ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, եթե մեկը մյուսի վարելահողերը կամ արոտները (այն վարելահողերն ու արոտները, որոնք ժամանակին համատեղ են օգտագործվել) ամայացնում է նշանառության տակ պահելով։ Ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, երբ մեկը մյուսի ոռոգման կամ խմելու ջուրն է փակում։

Նշված բոլոր քայլերն աներկբայորեն թուլացնելու են ատելությունն ու թշնամանքը, որոնց ծագումն ու կազմաբանությունն անհայտ են երկու երկրների պարզ ու հասարակ մարդկանց։ Եվ դրանից հետո որեւէ նախարար կամ նախագահներից որեւէ մեկը թող ասի, թե ժողովուրդները պատրաստ չեն խաղաղության։

Հրդեհը ջրով են հանգցնում կամ ավազով կամ էլ մի ուրիշ բանով, որը չի այրվում։ Սա այնքան պարզ է, որ անհարմար է անգամ արձանագրելը։ Բայց խաղաղ բանակցությունների մասնակցող վերնախավերը կերոսինով կամ բենզինով են փորձում շիջանել հակամարտության հրդեհը։ Երբ Իջեւանում կամ Թովուզում հայ կամ ադրբեջանցի երիտասարդ զինվոր է զոհվում հակառակորդի կրակակետից արձակված գնդակից, պաշտոնական լրատվամիջոցներն առիթը բաց չեն թողնում սահմանից անդին գտնվող անտեսանելին որպես թշնամի ներկայացնելու։ Մինչդեռ կարո՞ղ էին իրենք իրենց եւ իրենց հանրություններին հարց տալ. «Դեռ քանի՞ ռամբույե, քի վեսթ ու ձեռնածություն հիշեցնող նման բաներ են պետք քսանամյա մի երիտասարդի կյանքը չընդհատելու համար»։ Հարց, որ ուշացել է առնվազն տասներկու տարի։