Ինչպես են հայերը հարցեր քննարկում

07/04/2006 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Մի քանի օր առաջ հայ «աստղերը», երաժշտագետները (համենայնդեպս, իրենք իրենց այդպես էին անվանում) եւ լրագրողները հավաքվել էին քննարկելու «Եվրատեսիլ 2006»-ին Հայաստանի կողմից ներկայացվող երգը, որը պետք է կատարի Անդրեն: Չեմ ցանկանում անդրադառնալ ոչ երգին, ոչ Անդրեին, քանի որ, «առուն չթռած` չեմ ուզում հոպ ասել»: Ժամանակը ցույց կտա` ճի՞շտ ընտրություն են կատարել կազմակերպիչները, թե՞ ոչ:

Սակայն այդ հաղորդման ընթացքում ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ հաղորդման մասնակիցները ոչ թե եկել էին քննարկման, այլ նրանց համար հարմար առիթ էր ստեղծվել Հ1-ի եթերով եւս մեկ անգամ հասարակության առջեւ «թիթիզանալ»: Օրինակ, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» խմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն ասաց, որ ինքը ոչ երգն է լսել, ոչ տեսահոլովակն է տեսել, սակայն այդ ամենն իրեն դուր է գալիս: Նույն հաջողությամբ ես կարող եմ ասել, որ Տիգրան Հեքեքյանը հայկական ռոքի «անդերգրաունդ է», չնայած ոչ Տիգրան Հեքեքյանի հետ եմ անձամբ ծանոթ, ոչ էլ հայկական ««անդերգրաունդի»: Իսկ կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն այդ օրը կարծես «երաժշտական Գեղամյանը» լիներ: Բնականաբար, նա, ինչպես եւ բոլորը, այդ աշխատանքի համար վարձատրվել է կազմակերպիչների կողմից, բայց այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու է նա երգի վերջնական տեսքի մասին տարբեր տեղեր տարբեր բաներ խոսում: Ինձ համար տհաճ է վերհիշել այդ «թոք-շովուն», որովհետեւ ինչպես ինքը` Անդրեն էր նկատել իր երեկվա ասուլիսում, այդտեղ հավաքվածներից շատերը զբաղված էին ինքնագովազդով: Փաստորեն, այդ օրը ես հասկացա, որ հայկական «շովու-բիզնեսը» շատ նման է մեր քաղաքական դաշտին, որտեղ, օրինակ, կոալիցիային քննադատելը դիտվում է որպես ազգի դավաճանություն, սակայն այդ նույն կոալիցիայի անդամներն իրար հետեւից ինչ ասես, որ չեն ասում:

Ընդհանրապես «դեպի Եվրոպա տանող ճանապարհին» մենք շատ բաներ ենք ուզում սովորել, բայց առայժմ չի ստացվում: Որովհետեւ հայերը սովոր չեն հարցը քննարկել: Մինչ օրս, մենք ոչ թե քննարկում, այլ «հարցերը գեղավարի լուծում ենք»: Ոչ թե փորձում ենք իրար հասկանալ, այլ` անպայման պետք է «կատոկով մեկը մյուսի վրայով անցնի»: Երեւի դա է պատճառը, որ յուրաքանչյուր հայ իրեն քննադատողին ընդունում է` որպես «անձնական դուշման» եւ համարում, որ ոչ թե քննադատում են, այլ իր վրա ցեխ են շպրտում: Եթե այդպես է, սիրելիներս, ապա ինչո՞ւ են ձեզանից շատերը «ցեխ շպրտում» «ԱԼՄ»-ի վրա, ինչո՞ւ եք «մրոտում ազգային ռաբիս երաժշտությունը», որը հայ ազգի միլիոնավոր զավակների համար «հաց ու ջրի» նման մի բան է, ինչո՞ւ եք նախանձում փողոցում «սեմուշկա չրթող դեգրադացված սերնդին», եւ վերջապես ինչո՞ւ է այդ նույն Հանրային հեռուստատեսությունը նպատակասլաց «փչացնում» ընդդիմադիր քաղաքական գործիչներին: Ես հասկանում եմ, որ ձեզ մոտ դա կոչվում է «առողջ քննադատություն», իսկ դիմացինի «մտավոր ունակությունները թույլ չեն տալիս, որպեսզի նա Ձեզ առողջ քննադատի, որի պատճառով նա ի վիճակի է միայն ցեխ շպրտել»: Հենց դա է պատճառը, որ հայկական հեռուստատեսությունում, որպես այդպիսին, չկա թոք-շոու: Դրա փոխարեն մենք ունենք հազարավոր անիմաստ «թամաշա հաղորդումներ», որտեղ ոչ թե փորձում ենք հարցեր քննարկել, այլ միայն իրար գովաբանում ենք կամ փնովում: Հենց նոր ես պատկերացրի, թե ինչպես է մեր ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը Կոնդոլիզա Ռայսի հետ քննարկել «Հազարամյակի մարտահրավերների» հարցերը: Հարգելի ընթերցող, եթե Դուք այս պահին հիշեք վերոնշյալ անձանց դեմքերը, ապա ձեզ մոտ էլ տպավորություն կլինի, թե այդ քննարկման ընթացքում Կոնդոլիզա Ռայսը Վարդան Խաչատրյանի համար ոչ թե ԱՄՆ-ի պետքարտուղարն էր, այլ նրա Ուստիանը: Այնպես որ, պարոնայք, Ամերիկայից փող բերելը հո հեշտ գործ չէ՞: Իսկ եթե հիշենք, թե ինչպես էր մեր հասարակությունը «քննարկում» սահմանադրական փոփոխությունները, «բազեական հավաքները», «օկուպացված տարածքների հարցը», ապա կհասկանանք, որ մեր հանրապետությունում «քննարկվում են» միայն այն հարցերը, որոնք տվյալ պահին պետք են կառավարությանը: Իսկ, օրինակ, Բուզանդի բնակիչների, ծեծված լրագրողների կամ, ասենք կոռումպացված իշխանավորների մասին թեմաները (կոռուպցիայի մասին մեր բոլոր իշխանավորները հաճույքով խոսում են, եթե խոսակցության թեման վիրտուալ է, եւ չի նշվում որեւէ մեկի անունը) հասարակության համար երբեք չեն կարող դառնալ քննարկման թեմա:

Լավատեսությունս հուշում է, որ հայերի հաջորդ սերունդն արդեն կսովորի հարցեր քննարկել` իր իսկ շահերից ելնելով: Իսկ այսօր մեզանից ոմանք «քննարկել» բառը շփոթում են պոպուլիզմի, մի մասը` «սապոնվելու», մյուսները` ինքնահաստատվելու, իսկ մնացածը` թերարժեքության բարդույթի դրսեւորման հետ: