Եգիպտական «Ալ-Ահրամ» թերթը գրում է, թե ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակման դեպքում Իրանը կարող է ռմբակոծել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը: Իսկ ադրբեջանական ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը կարծում է, որ եթե ԱՄՆ-ը Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսի, Ադրբեջանը չի կարող չեզոք մնալ: «Նույնիսկ եթե Ադրբեջանն ԱՄՆ-ին համաձայնություն չտա իր տարածքը ռազմական նպատակներով օգտագործելու համար, չի բացառվում, որ Թեհրանը հուսահատության քայլ կատարելով՝ այնուամենայնիվ, հարվածներ կհասցնի ԱՄՆ-ի տնտեսական հետաքրքրությունների շրջանակում հայտնված ադրբեջանական կառույցներին, ինչպիսիք են կասպյան վերամշակման օբյեկտները, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը»,- կարծում է ռազմական փորձագետը: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Իրանին մեկամսյա ժամկետ է տվել` միջուկային ծրագիրը կասեցնելու համար, ինչին անմիջապես հետեւեց Թեհրանի արձագանքը, թե` չի դադարեցնելու ուրանի հարստացման աշխատանքները: Իսկ ավստրիացի փորձագետ Մարտին Մալեկի խոսքերով` Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղադրված «Սկադ-B» տիպի հրթիռները նշանառված են ուղիղ նավթային օբյեկտների ուղղությամբ: «Հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում չի բացառվում, որ հայկական կողմը կօգտագործի այդ հրթիռները»,- նշել է փորձագետը: