ԳԱԱ նախագահության մեծամասնությունը երեկ նախագահության ավելի քան 4 ժամ տեւած նիստում դիֆերամբներ էր ձոնում Ֆադեյ Տաճատիչին եւ լալահառաչ աղերսում չհեռանալ ու անտեր չթողնել Գիտությունների ակադեմիան: Բանն այն է, որ, նախապես հայտնի սցենարով, նախագահության նիստի ժամանակ սպասվում էր Ֆադեյ Սարգսյանի հրաժարականը, եւ նախագահության անդամները նման տրամադրվածությամբ էլ եկել էին նիստին՝ փառքով ու պատվով ճանապարհելու նախագահին: Սակայն սցենարը փոխվել էր, քանի որ նախօրեին ակադեմիկոս Հանրի Ներսիսյանը ասուլիս էր հրավիրել եւ մտավախություն հայտնել, որ Ֆադեյ Սարգսյանին կճանապարհեն, ու նրա օրոք թույլ տրված բազմաթիվ խախտումներին ու չարաշահումներին սկզբունքային գնահատական չի տրվի:
Ինչպես նախապես տեղեկացրել ենք, ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի տնօրեն, ակադեմիկոս Հանրի Ներսիսյանը 13 կետից բաղկացած մեղադրական էր ուղղել ԳԱԱ նախագահին ու նախագահությանը, ինչի առիթով էլ փետրվարի 15-ին ստեղծվել էր հատուկ հանձնաժողով՝ ուսումնասիրելու եւ ստուգելու դրանք: Հանձնաժողովը, որ իր ուսումնասիրությունները պետք է ավարտեր եւ եզրակացություններն ու առաջարկությունները ներկայացներ երկշաբաթյա ժամկետում, փաստորեն խախտել է ժամանակացույցը, ինչի համար մեղադրում է նաեւ Հ.Ներսիսյանին, ով 10 օրվա ընթացքում է միայն համակարգված ներկայացրել մեղադրանքների շարքը: Հանձնաժողովի նախագահ Յուրի Չիլինգարյանի բնորոշմամբ՝ դրանք եղել են ոչ թե հիմնավորված մեղադրանքներ, այլ ընդամենը կասկածներ: Եվ 9 հոգանոց հանձնաժողովը մեկ ամսից ավելի տքնել է Հանրի Ներսիսյանի կասկածները հիմնավորելու համար եւ ոչ մի հիմնավորում չի գտել: Յու.Չիլինգարյանի խոսքերով՝ որոշ թերություններ ու բացթողումներ արձանագրել են: Ինչպես, օրինակ, Հ.Ներսիսյանի այն մեղադրանքին, որ ըստ կանոնակարգի` ակադեմիայում երեք տարին մեկ թղթակից-անդամների ընտրություն չի կատարվում, հանձնաժողովը որոշել է, որ դա թեեւ խախտում է, բայց ի՞նչ կա որ՝ այդ կանոնակարգը 50-ական թվականներից սկսած չի գործել, եւ դրան ոչ ոք լուրջ կարեւորություն չի տվել: Կամ՝ Հիմնարար գրադարանի շենքում անհատույց օգտագործման տրված տարածքը պայմանագրով ոչ թե 60քմ է եղել, այլ 12քմ. այս աննշան խախտումն էլ վարձակալն է թույլ տվել՝ 12-ի փոխարեն կառուցապատելով 60քմ: Կամ՝ թե ի՞նչ իրավունք ունի ԳԱԱ նախագահի բյուրոն որոշումներ ընդունել, այն էլ` ֆինանսական խոշոր չափերի հասնող գործարքների հետ կապված, երբ կանոնադրությամբ բյուրո ասված հասկացություն առհասարակ գոյություն չունի. պարզվում է, դեռ 60-ականներից ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը բյուրո է ունեցել, եւ տարօրինակ ոչինչ չպետք է լինի, եթե Ֆադեյ Տաճատիչն էլ բյուրո ունենա: Բայց թե ի՞նչ իրավունք ունի այդ բյուրոն նախագահին խորհրդատվական ծառայություն մատուցելուց զատ որոշումներ ընդունել, դա էլ չհասկացվեց: Եվ առհասարակ հանձնաժողովը, 2002 թվականին ընդունած ԳԱԱ կանոնադրությունը թողած, հիշում էր, թե նախորդ դարասկզբին ակադեմիայում ինչ օրենքներ են գործել եւ պահպանվել առ այսօր: Փաստորեն հանձնաժողովը նման սկզբունքով կատարած իր ուսումնասիրություններով ունքը շինելու տեղը համարյա աչքն էլ հանեց, մեղմ ասած՝ ավելի խայտառակեց ԳԱԱ նախագահին: Եվ նախագահության անդամները, որ ընդամենը նիստից րոպեներ առաջ էին ստացել հանձնաժողովի այդ ուսումնասիրություններն ու եզրակացությունը եւ չէին էլ հասցրել ծանոթանալ այդ փաստաթղթերին, ընդունեցին ու բարձր գնահատեցին դրանք: Բացառություն էին կազմում միայն ակադեմիկոսներ Հրաչյա Սիմոնյանը եւ Լենսեր Աղալովյանը: «Փառք ու պատիվ հանձնաժողովին ու նրա կատարած աշխատանքներին, որ նման մանրակրկիտ աշխատանք է կատարել՝ արձանագրելով, թե ինչ է կատարվել, սակայն ինչո՞ւ չի պարզել, թե ինչու եւ ինչպես են կատարվել դրանք»,- Հ.Ներսիսյանի համոզմամբ, եթե հանձնաժողովն անհիմն է համարել Հ.Ներսիսյանի մեղադրանքները եւ դրանք որակել է որպես զրպարտություն, պարտավոր է նաեւ պատասխանատվության ենթարկել զրպարտչին: «Իմ կարծիքով` պրն Սարգսյանը պետք է դատի տա Հանրի Ներսիսյանին»,- կարծում է Հ.Սիմոնյանը: Մինչդեռ նախագահության մյուս անդամները հակված էին Լինչի դատաստանի ենթարկել Հ.Ներսիսյանին, որ համարձակվել է կասկածի տակ դնել նախագահի արդար գործունեությունը, նախագահությանն անվանել է «պորտաբույծ կառույց», քիչ է՝ այսքան աղմուկ բարձրացնելուց հետո էլ հրաժարվել էր մասնակցել նախագահության այս նիստին՝ ուղարկելով ընդամենը հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ իր «Հատուկ կարծիքը»: Առաջարկ եղավ նաեւ Հանրի Ներսիսյանին ուղղակի բերման ենթարկել: Ի դեպ՝ նախագահության բոցաշունչ ելույթ ունեցող անդամները չէին հասցրել ծանոթանալ նաեւ Հ.Ներսիսյանի հատուկ կարծիքին ու առարկություններին: Նրանք պահանջում էին, որ ԳԱԱ նախագահն աշխատանքից ազատի իրեն չենթարկվող աշխատակցին, պահանջում էին դաստիարակել այլախոհ ակադեմիկոսին, եւ Հանրի Ներսիսյանի յոթ պորտն ու անձնական անհաջողությունները հիշելով՝ նրան որակեցին` աննորմալ պսիխիկայի տեր ծերուկ, մանյակ, հոգեբուժարանի հիվանդ, եւ այլն: Եվ իրար հերթ չտալով՝ յուրաքանչյուրը փորձեց ստալինյան պատվանդանի վրա դնել Ֆադեյ Սարգսյանին ու երկրպագել: Եվ այս ֆոնի վրա ամենապարկեշտը Ֆադեյ Սարգսյանի կեցվածքն էր, որ ասում էր՝ «Չեմ փոշմանել, որ Հանրի Ներսիսյանին գրադարանի տնօրեն եմ նշանակել, որովհետեւ տեսել եմ այն մութ ու ցուրտ տարիների նրա լավ աշխատանքը», կամ՝ «Ինչո՞ւ պետք է ես նրան գործից ազատեմ, երբ ոչ մի հիմք չունեմ, թե նա իր գործը վատ է կատարում», եւ վերջապես Ֆադեյ Տաճատիչը միակն էր, որ խոստովանեց՝ «Ի՞նչ կարող եմ ես հիմա ասել, երբ դեռ չեմ էլ հասցրել ծանոթանալ Հանրի Ներսիսյանի հատուկ կարծիքին ու առարկություններին»:
Մի խոսքով՝ Ֆադեյ Տաճատիչն առայժմ չի հեռանում: Հանրի Ներսիսյանին դատի չի տա, որովհետեւ՝ «Իմ սիրտը վատ բաներ չի պահում. ակադեմիան պետք է զբաղվի գիտությամբ, եւ ոչ՝ հիմարությամբ»: Իսկ ի պատասխան ակադեմիկոսների աղերսների, ասում էր՝ «Ասում եք՝ մի գնա, մնամ, որ խայտառակ անե՞ք, վարկաբեկե՞ք…»: