Նեոգաղութացում՝ առանց դիմադրության

07/04/2006 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Ռուսական գազի սակագների շուրջ այդպես էլ հստակություն չկա։ Փաստորեն, հունվարից ի վեր, երբ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը մտադիր է գազը վաճառել 110 դոլարով, Հայաստանը կանգնած էր երկընտրանքի առաջ. կա՛մ հանդես գալ որպես անկախ պետություն, համակերպվել նոր գների հետ եւ վերանայել հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների գաղափարախոսությունը, կա՛մ հանդես գալ որպես «աղքատ ազգական», աղաչել-պաղատել, հիշեցնել «դարավոր եղբայրությունը», իսկ վերջում, հուսահատված, մի քանի շահութաբեր ձեռնարկություններ որպես սեփականություն հանձնել Ռուսաստանին։ Դատելով ամեն ինչից, Հայաստանն ընտրեց երկրորդ տարբերակը։ Սկզբունքային որոշումը կայացված է, ու թե դրանից հետո ինչը կհանձնվի Ռուսաստանին (միայն Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկն ու Հայաստան-Իրան գազամո՞ւղը, թե՞ էլի ինչ-որ բաներ), արդեն էական չէ։

Ակնհայտ է, որ վերջին մի քանի տարիներին Ռուսաստանը կտրուկ փոխել է արտաքին քաղաքականությունը։ Արեւմուտքի հետ «սիրախաղն» ավարտված է։ Պարզապես, եթե նախկինում Ռուսաստանը փորձում էր միջազգային ասպարեզում դիրքեր պահպանել շնորհիվ հզոր բանակի եւ միջուկային զենքի, այսօր փորձում է այդ նույնն անել «տնտեսական լծակներով»` օգտագործելով հումքային ռեսուրսները։ Ռազմական էքսպանսիային փոխարինելու է եկել տնտեսական էքսպանսիան, եւ նախկին սոցիալիստական ճամբարի երկրների նեոգաղութացումն իրականացվում է «շուկայական մեխանիզմներով»։ Այո, սոցիալիստական ճամբարը վերացավ, ԽՍՀՄ-ը փլուզվեց, բայց հաջորդ քայլը` Ռուսաստանը ներսից պայթեցնելը, այդպես էլ չհաջողվեց, եւ Ռուսաստանն անցել է հակագրոհի։ Կոնկրետ Հայաստանում այսօր Ռուսաստանին են պատկանում էներգետիկ հզորությունների հիմնական մասը, բաշխիչ ցանցերը, ամենայն հավանականությամբ` շուտով ռուսները կտիրանան նաեւ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկին, Հայաստան-Իրան գազամուղին, կապի եւ հեռահաղորդակցության ոլորտին, եւ այլն։

Մեծ հաշվով, խնդիրը հետեւյալն է. Հայաստանի քաղաքական դաշտը մտադի՞ր է պայքարել այս նեոգաղութացման դեմ, թե՞ ոչ։ Իշխանությունները կարծես չեն դիմադրում (չեն ցանկանում, թե չեն կարող` տվյալ դեպքում էական չէ)։ Ընդդիմության մեծ մասը նույնպես դիմադրելու նշաններ ցույց չի տալիս։ Արամ Կարապետյանն, օրինակ, հայտարարում է, թե իրենց կուսակցության արտաքին քաղաքականության նպատակն է` մերձենալ Ռուսաստանին եւ դառնալ նրա ամենասերտ դաշնակիցը։ Ընդդիմադիր մյուս ուժերն այսքան բաց տեքստով չեն խոսում, բայց անպայման ռեւերանսներ են անում Կրեմլի ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում ռուսերենով ուղերձներ են հղում Պուտինին, եւ այլն։ Իհարկե, կան նաեւ Ռուսաստանի հետ «սառը, պրագմատիկ» հարաբերությունների կողմնակիցներ, բայց այդ ուժերն այսօր ակտիվ գործունեություն չեն ծավալում։ Ցավոք, գունավոր հեղափոխությունների կողմնակիցներին նույնպես չենք կարող նեոգաղութացման դեմ պայքարողներ անվանել, որովհետեւ գունավոր հեղափոխությամբ հասնել իշխանափոխության` նշանակում է հրաժարվել Ռուսաստանի ֆորպոստի դերից եւ դառնալ Արեւմուտքի ֆորպոստը։ Այլ կերպ ասած, խաղասեղանին այսօր Հայաստանի իրական անկախությունն է։ Ու ցավով պիտի արձանագրենք, որ ակտիվ քաղաքական դաշտում հանուն այդ անկախության պայքարողներ չկան։

Կարող են հարցնել` իսկ մեր ինչի՞ն է պետք իրական անկախությունը։ Մեզ համար ի՞նչ տարբերություն, թե ում կպատկանի, ասենք, Սեւան-Հրազդան կասկադը (կարեւորը` էլեկտրաէներգիա արտադրի, լույս ունենանք), ում կպատկանի հեռահաղորդակցության ոլորտը (կարեւորը` կարողանանք իրար զանգել), ում կպատկանի օդանավակայանը (կարեւորը` ինքնաթիռները նորմալ թռնեն), ում կպատկանի երկաթուղին (կարեւորը` ալյուր բերեն, հաց ունենաք), ով կհսկի հայ-թուրքական սահմանը (կարեւորը` հանգիստ քնենք) եւ այլն։

Տարբերություն կա։ Բանն այն է, որ գոյություն ունեն Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար իրական անկախությունը պարտադիր պայման է։ Օրինակ` ղարաբաղյան խնդիրը կամ հայ-թուրքական հարաբերությունները։ Կարծում ենք, կարիք չկա բացատրել, որ եթե, օրինակ, Ռուսաստանին է պատկանում Հայաստանի էներգետիկան, տրանսպորտը, կապը, կոմունիկացիաները, արտաքին սահմանների պաշտպանությունը, եւ այլն, ապա Ռուսաստանը շատ հեշտությամբ կարող է իր կամքը թելադրել Հայաստանի իշխանություններին։ Բայց այդ դեպքում ստացվում է, որ Հայաստանը նույնիսկ բանակ չունի։ Կան, իհարկե, ստորաբաժանումներ, որոնք կարող են նույնիսկ տարածաշրջանում ամենամարտունակը լինել, բայց դա արդեն հայկական բանակ չէ։ Ընդ որում, խնդիրն ամենեւին էլ այն չէ, որ բանակի համար զենքը եւ զինամթերքը գնվում է Ռուսաստանից։ Խնդիրն այն է, որ բանակն իրականում պատկանում է նրան, ով այդ բանակին հրամաններ տալու իրավունք ունի։ Իսկ Ռուսաստանը կարող է ՀՀ իշխանություններին ցանկացած հրաման տալ։ Այդ թվում` նաեւ բանակի օգտագործման մասին։ Իսկ ընդդիմանալն անիմաստ է։ Ո՞ւմ են պետք զինված ուժերն առանց էներգետիկայի, կապի, կոմունիկացիաների…

Պարզ ասած, եթե մենք մեր տնտեսությունը վստահում ենք Ռուսաստանին (կամ մեկ ուրիշին), ուրեմն ղարաբաղյան խնդիրը եւ այդ խնդրում մեր դիրքորոշումը նույնպես նրան ենք վստահում։ Ընդ որում, իմաստ չունի հիշեցնելը, որ մի անգամ Ղարաբաղն Ադրբեջանին է հանձնել ցարական Ռուսաստանը, մի անգամ` կոմունիստական Ռուսաստանը, մի անգամ` գորբաչովյան «պերեստրոյկայի» Ռուսաստանը… Խնդիրը սա չէ։ Պարզապես եթե դու քո կենսական հարցերը լուծելու իրավունքն ուրիշին ես տալիս, ուրեմն բարի եղիր չտրտնջալ նրա ընդունած որոշումներից։