Այս պահին, երբ քննարկման է դրված ազգային անվտանգության հայեցակարգը, հանկարծ նկատում ես, որ ՀՀ-ն` որպես պետություն, անպաշտպան է։ Հասարակական կյանքի ոլորտները կարգավորող օրենքները, որպես կանոն, իրենց հիմքում գործուն պաշտպանական համակարգեր չունեն։ Օրինակ` «Գովազդի մասին» օրենքը գործում է 1996 թվականից։ Ենթադրվում է, որ այն պիտի կանոնակարգեր գովազդի ոլորտը։ Հատկապես, որ օրենքն ինքնին վատը չէ (հավանաբար արտագրված է որեւէ լուրջ երկրի օրենսդրությունից)։ Փառահեղ այս օրենքի 24-րդ հոդվածն արձանագրում է, որ «Գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնող ՀՀ պետական կառավարման լիազորված մարմինը ձեւավորվում է ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով»։ Օրենքի ընդունումից արդեն 10 տարի է անցել, բայց մինչեւ օրս մեր կառավարությունը ժամանակ չի ունեցել անդրադառնալու այս խնդրին։ Այսինքն, մինչեւ օրս չկա լիազորված մարմին, որ հետեւեր գովազդի մասին օրենքի կատարմանը։ Արդյունքը տեսնում ենք բոլորս` ալկոհոլի ու ծխախոտի համար անթաքույց գովազդ հեռուստա եւ ռադիոեթերում։ Հայկական հեռուստաեթերի վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր պետությունը սիրահոժար հրաժարվել է կարգավորողի ու վերահսկողի իր դերից։ Պետությանը հայտարարած մրցույթներով հանրային սահմանափակ ռեսուրսը` հեռուստաեթերի հաճախականությունը զիջում է մասնավորին ու կողքի քշվում։ Մասնավոր հեռուստաընկերությունների գործունեությունը կարգավորող հասարակական, բարոյական որեւէ չափանիշեր չկան հեռուստաընկերությունների կյանքը կարգավորող օրենքներում։ Օրինակ` Վրաստանում, Ուկրաինայում, Թուրքիայում եւ այլուր որեւէ ֆիլմի հրապարակային ցուցադրության համար նախապես անհրաժեշտ է ստանալ տվյալ երկրի մշակույթի նախարարության թույլատվություն-լիցենզիան։ Խոսքը որեւէ ֆիլմի արգելման մասին չէ, այդ կինոնկարներն ազատ վաճառվում են նշված երկրների տարածքում։ Պետությունը որոշակի չափանիշերից ելնելով արգելում է դրանց հրապարակային ցուցադրությունը։ Արգելքների տակ սովորաբար ընկնում են բռնություն ու անզուսպ սեքս քարոզող ֆիլմերը։ Այդ երկրներում ֆիլմերը դասակարգվում են 3 խմբերի` բոլորի համար, 16-ից բարձր եւ 21-ից բարձր տարիքների համար։ Մինչդեռ Հայաստանում բոլորովին այլ պատկեր է։ Հանրային հեռուստատեսության կինոցուցադրության պատասխանատուն օրերս մամուլում արդարանում էր, թե ինքը չի ընտրում ֆիլմերը, այլ հանրային ղեկավարությունը։ Ղեկավարներն էլ ֆիլմեր ընտրում են ոչ թե ըստ գեղարվեստական արժեքի, այլ ըստ վարկանիշի։ Այդ պատճառով էլ իրենց եթերում լավ ֆիլմեր չկան։
Հեռուստավարկանիշերի համար մրցակցությունն արդեն նկատելի է երեւանյան հեռուստաեթերում։ Հեռուստաընկերություններն իրար հերթ չտալով միջազգային նորանոր ֆորմատներ են ներմուծում հեռուստաեթեր։ Ակնհայտ է, որ գլոբալիզացիոն գործընթացներն առավել արագ են զարգանում համաշխարհային հեռուստաշուկայում։ Այդ շուկան սպասարկող կապիտալը նկարահանած հեռուստաշոուներն անընդհատ փորձում է սաղացնել այս կամ այն երկրում։ Հայաստանն այս ծրագրերից էլ ապահովագրված չէ։ Օրինակ հիմա հեռուստաընկերություններից մեկն ակտիվ գովազդում է, որ շուտով ցուցադրելու է շոու հանրահայտ նախկին ֆուտբոլիստի հետ։ Դատելով ուկրաինական, վրացական մամուլից` այդ շոուն նշված երկրներում տապալվել է, հավանաբար գեղարվեստական ցածր մակարդակի պատճառով։ Հիմա արդեն հերթը Հայաստանինն է, եւ հայ հեռուստադիտողին կպարտադրվի այն։ Ցանկացած գնով հեռուստալսարան ձեռք բերելու մղումի պատճառով հեռուստաընկերություններին մեղադրելը ճիշտ չէ։ Ցանկացած հեռուստաընկերության կարեւորագույն նպատակն իր հանդիսատեսին հուզելն է։ Նրանց համար ամենեւին էլ կարեւոր չէ` հուզելու համար նախատեսված հեռուստաարտադրանքը դրակա՞ն, թե՞ բացասական հետեւանք կարող է ունենալ։ Հեռուստաընկերությունները հրաժարվում են միայն հեռուստադիտողին անտարբեր թողնող հաղորդումներից։ Հենց այստեղ է, որ պիտի ընդգծվի պետության ուղղորդող ու կարգավորող դերը։ Մինչդեռ մեր պետությունն առայժմ անտարբեր ու չեզոք դիտում է, թե ինչ է կատարվում թե՛ հեռուստաեթերում, թե՛ գովազդի ոլորտում։ Ինչ կինոնկարներ են ցուցադրվում «Գիշերային սեանս» անվան տակ, ինչ հետեւանք են թողնում երկրի մշակույթի ու բարոյական նկարագրի վրա բռնություն քարոզող ֆիլմերը` պետությանը բացարձակապես չի հետաքրքրում։
Մեր չինովնիկները բավական հաճախ են շրջագայում ալամ աշխարհում։ Ես հաճախ եմ լսել, թե ինչ զարմանքով են նրանք պատմում ամերիկյան ու եվրոպական պուրիտանական հեռուստաեթերի մասին։ Անգամ իրենց այս հայտնագործությունները նրանք որեւէ կերպ չեն փորձում ներդնել հայրենիքում։
«ՀՀ գովազդի մասին» օրենքը արտաքին գովազդի` պլակատների, ազդագրերի, լուսատախտակների, վահանակների խնդիրները դնում է տեղական ինքնակառավարման մարմինների վրա։ Մեր տեղական մարմիններն էլ ձեւացնում են, թե չեն նկատում, ասենք, կինո «Մոսկվայի» ազդագրերը, որոնց վրա սովորաբար կիսամերկ կին ու տղամարդ են պատկերված։ Այս օրերին քաղաքի սիրտ գովազդվող կինոթատրոնի վահանակին 2-3 մետրանոց կիսամերկ Շերոն Սթոունի պատկերն է։ Որպես տղամարդ` չեմ կարող պնդել, թե դիտարժան տեսարան չէ։ Բայց ավելի դիտարժան կգնահատեի հետեւյալ հնարավոր տեսարանը` Երեւանի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներից որեւէ մեկը աղջիկ, հարս ու թոռների հետ դիտում է կիսատկլոր Շերոն Սթոունի պատկերը։ Այն իր էպիկականությամբ հաստատ կգերազանցեր «Կոմունիստների գնդակահարությունը Տաթեւում» կտավին։ Ավելին, Երեւանում միշտ էլ կարելի է գտնել ներքնազգեստ գովազդող վահանակներ։ Իսկ կենտրոնի շատ խանութների ցուցափեղկեր «զարդարված» են նույն ներքնազգեստներով մանեկեններով։ Երեւանի կենտրոնը վաղուց հիշեցնում է Եվրոպական քաղաքների կարմիր լապտերների թաղամաս։ Հնարավոր շահույթի ակնկալիքը վաղուց արդեն հասարակական ընկերային կյանքի միակ չափանիշն է։ Շահույթն է հեռուստաեթեր ապահովում արգելված ապրանքների գովազդային տեսահոլովակներին։ Փողը վաղուց է դարձել մեր հասարակության մշակույթի ու բարոյականության միակ վարկանիշ-չափորոշիչը։