Այնուամենայնիվ միլիոնը տարան

07/04/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Երբ լրատվամիջոցները խոսում էին այն մասին, որ ռուսական գազի ցածր գնի դիմաց մերոնք («մերոնք» բառը կարելի է հասկանալ յուրովի) ռուսներին են զիջելու Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկն ու Իրան-Հայաստան գազամուղի հայկական հատվածի բաժնեմասը, իշխանության ներկայացուցիչները խորհուրդ էին տալիս ժամանակից առաջ չընկնել։

Սրանք ընդամենը խոսակցություններ էին, սակայն, ցավոք, այսօրինակ խոսակցությունները հիմնականում հաստատվում են։

«Ժողովուրդը կարող է չանհանգստանալ, գազը նրա համար կթանկանա ընդամենը 10-15 տոկոսով»,- «Հայլուրին» տված հարցազրույցում երեկ տեղեկացրեց հանրապետության նախագահը։

Հիմա ի՞նչ անենք, ուրախանա՞նք։ Ըստ էության, այս հայտարարությունը ներկայացվեց որպես «լավ լուր»։ Այսինքն, բնակիչները նախկին 59 դրամի եւ արդեն հաստատված 90 դրամի փոխարեն` կվճարեն միջին գին՝ 65-70 դրամ։

Եկեք մի փոքր տրամաբանենք։ Արդեն փաստ է, որ հայկական կողմն ապրիլի 1-ից սկսած 1 խմ գազի դիմաց «Գազպրոմին» վճարում է 110 ԱՄՆ դոլար։ Այս մասին պաշտոնապես հայտարարել էր «ՀայՌուսգազարդը»։ Այսինքն, 110 դոլարն այլեւս իրողություն է, այն դժվար թե փոփոխություն կրի։ Նշանակում է, խոսքը ինչ-որ այլ ճանապարհների մասին է։

Անցյալ տարվա վերջին, երբ ՌԴ վարչապետ Ֆրադկովը Հայաստան կատարած իր այցելության ժամանակ հայտարարեց, որ ռուսական կողմը հետաքրքրված է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկով, հետեւեց մեր իշխանությունների պատասխանը՝ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի շուրթերով։ Այն է՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի հարցն արդեն լուծված է, դրանով զբաղվելու է իրանական «Սանիր» ընկերությունը։ Իսկ մի 2 շաբաթ առաջ նույն Ա. Մովսիսյանը հայտարարեց, որ 5-րդ բլոկի համար հաղթողը կորոշվի մրցույթի արդյունքում։ Այն կլինի կա՛մ «Սանիրը», կա՛մ էլ «Գազպրոմը»։ Այս մասին մենք արդեն գրել էինք եւ կարծիք հայտնել, որ ընտրությունն ի վերջո կանգ կառնի հենց ռուսների վրա։

Այդ մասին չափազանց թափանցիկ կերպով ակնարկեց նաեւ Ռ. Քոչարյանը՝ «ՀայՌուսգազարդ» կատարած երեկվա այցից հետո։ «Ժամանակը ցույց է տալիս, որ գործընկերության հարցում «Գազպրոմի» ընտրությունը ճիշտ է»,- ասաց նախագահն ու հույս հայտնեց, որ ապագա համատեղ ծրագրերը նույնպես հաջողությամբ կպսակվեն։ Իսկ որո՞նք են այդ «ապագա համատեղ ծրագրերը»։ Դրանցից մեկն, իհարկե, 5-րդ բլոկն է։ «Ռուսական կողմի օգնությամբ այն կմոդեռնիզացվի»,- նշեց պրն Քոչարյանը։

Մեր իշխանությունները նաեւ հաստատեցին, որ «մրցույթ» ասվածն ընդամենը ֆարս է։ Ամեն ինչ որոշվել է հայ-ռուսական բարձր մակարդակի «բազարի» արդյունքում։

 Ըստ էության, պրն Քոչարյանը 10 րոպե խոսելով` ցանկանում էր ձեռքի հետ հանրության ականջին հասցնել լուրը՝ 5-րդ բլոկը տվեցինք ռուսներին…

Պաշտոնապես այդպիսի հայտարարություն չարվեց, նշվեց, որ «լուծումը գտնվել է», իսկ կառավարությանը հանձնարարական է տրվել զբաղվել համապատասխան փաստաթղթերի պատրաստմամբ։

Կարեւորն այն է, որ այդ «լուծումը» ներկայացվեց որպես ժողովրդի շահերից բխող մեծագույն ձեռքբերում։ Մինչդեռ «լուծումը» ռուսներն ի սկզբանե հուշել էին։ Դեռ 1,5 ամիս առաջ «Գազպրոմի» ներկայացուցիչ Դենիս Իգնատեւը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է ավելի քիչ վճարել գազի դիմաց, եթե համաձայնի ինչ-ինչ պայմանների։ Իսկ այդ պայմանները հետեւյալն էին՝ 5-րդ բլոկն ու Իրան-Հայաստան գազամուղը։

Ակնհայտ է, որ որոշումը վաղուց էր ընդունված եւ ձգձգվում էր միայն քաղաքական ուժերին համոզելու պատճառով։ Վերջին օրերին որոշ իշխանավորներ արդեն հանդուրժողական ձեւով էին արտահայտվում փոխզիջման տարբերակների մասին։ Օրինակ, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, որը վերջերս սուր քննադատության ենթարկեց «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը (որով վերացվում էր միջուկային էներգիայի նկատմամբ պետական մենաշնորհը), օրերս նշեց. «Ցանկացած լուծում մեզ համար կարող է լինել ընդունելի»։ Իհարկե, ավելացրեց՝ եթե այն չի հակասում Հայաստանի ազգային ռազմավարական շահերին եւ ազգային անվտանգությանը։ ԱԺ նախագահն առաջարկել էր մի քանի օր սպասել եւ նոր գնահատականներ տալ։ Հետաքրքիր է, ի՞նչ դիրքորոշում է նա այժմ որդեգրելու։ Դե՞մ է գնալու իշխանություններին, թե՞ հայտարարելու է, որ այս որոշումը չի հակասում ՀՀ շահերին։

Մի խոսքով, կանխատեսումներն արդարացան։ Ինչպես նշեց տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը (դեռ մինչեւ երեկվա ժամը 9-ի «Հայլուրը»). «Այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է։ Դա նրանց մոտ սովորություն է դարձել»։ Իսկ ի՞նչ է նշանակում գազի դիմաց Ռուսաստանին կրկին որեւէ բան տալը։ «Նշանակում է, որ Հայաստանը աստիճանաբար կորցնում է ինքնիշխանությունը եւ վեր է ածվում Ռուսաստանի երկրամասի»,- գտնում է տնտեսագետը։

Նա համոզված է, որ ռուսներն առանց որեւէ փոխզիջման կարող էին գազի գինը սահմանել 80 ԱՄՆ դոլար, որը կապահովեր 25 տոկոսանոց շահութաբերություն՝ տարեկան 34 մլն դոլար։ «Գազպրոմին» ձեռնտու կլիներ նաեւ 70 դոլարը, սակայն ինչո՞ւ հրաժարվել ավելորդ գումարներից, եթե կարելի է դրա դիմաց ինչ-որ բաներ ստանալ։ Պրն Աղաջանովն ունի այդ հարցի պատասխանը՝ ռազմավարական գործընկերներ ենք, դրա համար։ Վերջիվերջո, այդ ռազմավարական գործընկերության պատճառով Հայաստանն ինքն է վճարում ռուսական ռազմական բազայի ծախսերը։ Եվ այդ նույն «գործընկերության» պատճառով է, որ 1,5 մետր տրամագիծ ունեցող գազամուղը հայ-իրանական սահմանից փոքրանում է 2 անգամ՝ Հայաստանին զրկելով գազի տրանզիտ իրականացնելու հնարավորությունից։ Տնտեսագետի հաշվարկներով միայն իրանական գազի տրանզիտից Հայաստանը կարող էր ստանալ տարեկան մինչեւ 150 մլն դոլար եկամուտ, որից հրաժարվում է իր ավագ եղբոր ճնշման տակ։ Ի՞նչ է ստացվում։ Ռուսները նախ մեզ պարտադրեցին 1,5 մետրանոցի փոխարեն 700 մմ տրամագծով գազամուղ կառուցել, հիմա էլ ցանկանում են վերահսկողություն իրականացնել դրա նկատմամբ՝ իսպառ բացառելով սեփական գազին մրցակից ունենալու ռիսկը։

Ըստ էության, հիմնական հարցը հետեւյալն էր։ Ո՞րն է Հայաստանի համար ավելի ձեռնտու (երկարաժամկետ ռազմավարության տեսանկյունից). վճարել 110 դոլարն ու պահպանել Հայաստանի սեփականություն հանդիսացող հատուկենտ օբյեկտնե՞րը, թե՞ 2-3 տարի քիչ վճարելու դիմաց ռուսներին հանձնել այն ամենը, ինչ վերջիններս ուզում են։ Ի վերջո, եթե իշխանությունները վստահում են ԿԲ նախագահին եւ հավատում էին, որ գազի գնի թանկացումը սպառողական զամբյուղի վրա կազդի 1%-ի չափով, կարելի էր եւ համակերպվել, ինչպես արեցին վրացիները։ Բացի այդ, որեւէ բան զիջելը խնդրի ժամանակավոր լուծում է։ Ինչպես օրերս հայտարարել է «Գազպրոմի» բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը՝ Դ. Մեդվեդեւը, Վրաստանի եւ Հայաստանի համար սահմանված 110 դոլար սակագինը վերջնական չէ. հետագայում այն կարող է էլի բարձրանալ։ Իսկ ա՞յդ ժամանակ ինչ ենք տալու։ Սրանք հարցեր են, որոնք պետք է քննարկվեին լայն շրջանակում եւ լուրջ մասնագետների մասնակցությամբ, ոչ թե որոշում կայացնեին մի քանի հոգով։

Եթե հիշում եք, սրանից երկու ամիս առաջ, ավելի կոնկրետ՝ 2006թ. հունվարի 13-ին, ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանն ասում էր գրեթե այն, ինչ այսօր ասում են փոխզիջման տարբերակին դեմ արտահայտվողները։ «Ազատություն» գործակալությանը տված հարցազրույցում, պատասխանելով գազի գնի դիմաց ռուսական կողմին որեւէ բան զիջելու հնարավորության մասին հարցին, նա ասել էր. «Ճիշտն ասած, ավելորդ ապրանք չունենք, որպեսզի ակտիվներով դա փոխհատուցենք։ Եթե ակտիվներով փոխհատուցենք, դա ընդամենը մեկ տարվա եւ ոչ թե արմատական խնդիրը կլուծի»։

Իսկ ի՞նչ կատարվեց, որ կարծիքը փոխվեց։ Այս հարցն ուղղեցինք կառավարության մամուլի խոսնակ Մերի Հարությունյանին, որը պատասխանեց. «Ներկայումս, երբ վերջնական որոշում ընդունված չէ, պարզաբանումներ անելը ճիշտ չէ։ Երբ վերջնական համաձայնությունը կներկայացվի հանրությանը, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի պատասխանել» (հարցն ուղղել էինք օրվա առաջին կեսին, մինչեւ «հայտնությունը», սակայն անպայման կկրկնենք)։

Գազամուղի մասին Ռ. Քոչարյանը երեկ մոռացավ խոսել։ Այդ մասին երեւի կհիշեն նախարարները։ Իսկ մենք հիմա կարող ենք հիշել Ռոբերտ Քոչարյանի հետեւյալ խոսքերը։ Ինչպե՞ս է ժողովուրդն անվանում այն մարդկանց, որոնք իրենց խոսքի տերը չեն։ Հաստատ լավ բառ չէ…