«Միասնության ծառատունկից» հետո պատժելիության մթնոլորտ է սպասվում, որովհետեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի սիրտն արդեն ամեն մի ծառի համար ցավում է: Այսպիսով անտառտնտեսություններում իսկական ջարդ է սպասվում, բայց ոչ թե ծառերի, այլ անտառապետերի: ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում «Արծվաբերդի անտառտնտեսություն» ԴՓԲԸ-ի տարածքում արձանագրված ապօրինի ծառահատումների առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Անտառապետ Ա. Վարդազարյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, անբարեխիղճ վերաբերմունք է դրսեւորել ծառայության ընթացքում եւ պատշաճ կերպով չի կատարել իր պարտականությունը: Մասնավորապես չի փորձել կանխել ապօրինի ծառահատումները, որի հետեւանքով իր տնօրինությանը հանձնված անտառում անհայտ անձանց կողմից ապօրինի հատվել է 91 հատ ծառ, շուրջ 70 խմ ծավալով: Դրա հետեւանքով 1 մլն 299.454 դրամի վնաս է հասցվել պետությանը: Նույն կերպ է վարվել նաեւ Դսեղի անտառտնտեսության Մոտկորի անտառպետության նախկին անտառապետ Գարիկ Պարանյանը, որի պահպանած անտառում անհայտ անձը ապօրինի հատել է 194 հատ ծառ, 218,45 խմ ծավալով: Պետությանը հասցված վնասի չափը կազմել է 1 մլն 929.800 դրամ: Հարուցվել է քրգործ: