Թափառող շների հետ կապված խնդիրները Գյումրիում սրանում են հատկապես գարնանը: Այգաբաց եւ Կոմիտաս փողոցներում արդեն գրանցվել է շների կողմից մարդկանց վրա հարձակման 2-րդ դեպքը: Իսկ այդ փողոցները տանում են դեպի դպրոցներ: Բնակիչներից մեկ խոսքերով, կատաղած շները հարձակվել են մոր եւ դպրոցահասակ երեխայի վրա՝ պատառոտելով շորերը եւ վնասելով երեխայի ոտքը:
Բնակիչները հնարավորինս աշխատում են շրջանցել այն փողոցները, որտեղ շատ շներ կան, բայց հաճախ դա անհնարին է լինում: Ծնողները ստիպված են ամեն առավոտ դպրոց ուղեկցել իրենց երեխաներին, այլապես հետեւանքներն իսկապես անկանխատեսելի կլինեն: Բնակիչները դիմել են համապատասխան մարմիններին, սակայն վերջիններս հրաժարվել են շների ոչնչացումից՝ պատճառաբանելով, որ համապատասխան միջոցներ չունեն: Գրանցված դեպքերից հետո նոր միայն Գյումրիի քաղաքապետարանի Լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժինը տեղեկացրել է, որ 10 օրից քաղաքապետարանը կվերսկսի թափառող շների վերացման աշխատանքները: Իսկ մինչ այդ շները բազմանում են՝ վախ ու անհանգստություն պատճառելով բնակիչներին: