Կոսմետիկ անվտանգության հայեցակարգը

07/04/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Զավեշտալին այն է, որ մեզ մոտ կոշիկ կամ սպասք վաճառողը միաժամանակ ոչ միայն կոսմետիկա է վաճառում, այլ գնորդին բացատրում է, թե ինչքան որակյալ է ցուցափեղկին դրված կրեմը կամ շրթներկը: Նա նույնիսկ խորհուրդ է տալիս, թե գնորդին կոնկրետ որ տարբերակն է հարմար: Այսինքն, այդ վաճառողն ինչ-որ տեղ հանդես է գալիս նաեւ որպես կոսմետոլոգ: Իսկ մեր պայմաններում վաճառող են աշխատում բոլորը: Այս երեւույթի պատճառը, թերեւս, այն է, որ գնորդներիս մոտ դեռեւս չի զարգացել մեր անձի նկատմամբ ավելի հոգատար լինելու կուլտուրան, տվյալ դեպքում՝ առողջության կամ մաշկի խնամքին հետեւելու կուլտուրան: Չնայած այս ամենին, վերջին տարիներին հայ կանայք ավելի ու ավելի են հետեւում իրենց դեմքի եւ մաշկի խնամքին՝ հատուկ ուշադրություն դարձնելով կոսմետիկայի ֆիրմային, արտադրող երկրին, բաղադրությանը (բուսական, եւ այլն):

Զարգացած կամ բարձր կուլտուրա ունեցող երկրներում, որպիսիք համարվում են եվրոպական երկրները, որակյալ կոսմետիկան վաճառվում է հատուկ մասնագիտացված խանութներում: Ավելին, մասնագետները վկայում են, որ բարձրորակ եւ թանկարժեք կոսմետիկա արտադրող որոշ ֆիրմաներ իրենց արտադրանքը վաճառում են ոչ թե խանութներում, այլ դիմահարդարման սրահներում, դեղատներում, որպես բուժիչ, մաշկի թարմությունը վերականգնող պարագաներ: Իհարկե, այդ երկրներում էլ ցածրորակ ու էժան ապրանքի համար գնորդ գտնվում է, բայց մասնագետները հավաստիացնում են, որ մաշկի խնամքն այն կարեւոր հանգամանքներից է, որտեղ խնայողությունը հավասար է ժամանակից շուտ մաշկի ծերացմանը: Կամ էլ խնայելուց հետո կրկնակի ավելին են վճարում, որպեսզի կորցրածը մի փոքր վերականգնեն:

Ոլորտի մասնագետները, հատկապես` զարգացած երկրների փորձին ծանոթ մասնագետները, հավատացնում են, որ Հայաստանում մաշկի խնամքի կամ դիմահարդարման կուլտուրան շատ ցածր մակարդակի վրա է: Մենք կոսմետիկայի պարագաներ գնում ենք որտեղից պատահի ու ինչ պատահի: Եվ գերադասում ենք էժան ու որակով տարբերակը, ինչը երբեք չի լինում: Կոսմետիկա այսօր վաճառվում է նաեւ ցանցային մարքետիգի եղանակով: Այսինքն՝ տվյալ ֆիրման աշխատակիցների կամ վաճառողների ցանց է ստեղծում, ովքեր էլ տարածում, գովազդում, ի վերջո, վաճառում են տվյալ ապրանքը: Ցանցային մարքետինգի եղանակով վաճառքը մի հետաքրքիր նրբություն ունի: Այստեղ կազմակերպիչները հատուկ մեթոդ են ստեղծել, որպեսզի ամեն մի վաճառող ջանք ու եռանդ չխնայելով շատ վաճառի տվյալ ֆիրմայի կոսմետիկան: Այս դեպքում աշխատավարձը գոյանում է վաճառած ապրանքի ընդհանուր գումարի տոկոսներից: Մի կարեւոր հանգամանք էլ՝ այս մեթոդը հնարավորություն է տալիս հիմնական աշխատանքի հետ համատեղել կոսմետիկայի վաճառքը: Բայց միայն այս գործով զբաղվելն աշխատանքային ստաժ չի ապահովում:

Հայաստանում ցանցային մարքետինգով են աշխատում «Օրիֆլեյմ», «Մերի Քեյ» եւ կոսմետիկ այլ ֆիրմաների ներկայացուցիչներ: Փորձեցինք պարզել, թե «Օրիֆլեյմի» հայաստանյան ներկայացուցչությունն իր ցանցում քանի աշխատող եւ ինչ ծավալի շրջանառություն ունի: Ներկայացուցիչը՝ Նաիրա Մարգարյանը չցանկացավ մեզ հետ հանդիպել եւ զրուցել իրենց աշխատանքների մասին, քանի որ խիստ զբաղված էր: Մենք այլ մեթոդ փորձեցինք: Նրա տնօրեններից մեկին (տնօրեն է համարվում վաճառողների մեծ ցանց ստեղծած աշխատողը)` Նարինեին ներկայացանք որպես աշխատանք փնտրող եւ ցանցում ներգրավվելու ցանկություն ունեցող անձ: Նարինեն մեզ բացատրեց, որ իրենց ցանցին անդամագրվելու համար նախ պետք է վճարենք 2900 դրամ, որից հետո պետք է լավ ծանոթանանք «Օրիֆլեյմ» կոսմետիկայի տեսականուն: Ապա պետք է գնենք որոշակի քանակություն եւ գովազդելով վաճառենք: Վաճառքից առաջացած գումարի մոտ 23 տոկոսը մնում է վաճառողին: Լինում են նաեւ նվերներ: Բացի այդ, շատ վաճառելու դեպքում այդ տոկոսներին գումարվում են հավելյալ տոկոսներ: Եվ այդպես շարունակ: Ի դեպ, վաճառողների մասին տվյալները գրանցվում են գրասենյակում:

«Մի մարդը չի կարող շատ-շատ վաճառել,- բացատրում էր Նարինեն: -Դրա համար դու պիտի ներգրավես շատ այլ վաճառողներ: Քո միավորները, այսինքն` գումարները, դրանից է ավելանում: Դու պետք է ունենաս մեծ շրջապատ եւ ապրանքը գովազդելու հատուկ շնորհք, հակառակ դեպքում քո աշխատանքը չի ստացվի: Իհարկե, կարող ես նաեւ պատահական մարդկանց էլ դիմել, բայց դա դժվար է»:

Մեր զրուցակիցը մեզ հավատացնում էր, որ «Օրիֆլեյմ» ֆիրմայի կոսմետիկան բնական է եւ որակով, դրա հետ միաժամանակ՝ մատչելի: Յուրաքանչյուր ամսվա առաջարկների փաթեթում լինում են մեծ զեղչեր, գրեթե կրկնակի չափով: Եվ ցանցի վաճառողները ձգտում են հենց զեղչված ապրանքը վերցնել, որպեսզի այն հեշտ վաճառվի: Իսկ իրականում սովորական վաճառողը շատ քիչ է վաստակում, ավելի մեծ գումար աշխատում են ցանցում շատ մարդ ներգրավող ճարպիկները: Հայաստանում շատերն են օգտվում «Օրիֆլեյմի» կոսմետիկայից: Հիմնական պատճառը դրանց մատչելի գներն են: Դիմահարդարման կամ մաշկի խնամքի ոլորտի մասնագետներն ասում են, որ ցանցային մարքետինգով վաճառվող կոսմետիկան` որպես կանոն, որակյալ չի լինում: Նրանք հավատացնում են, որ որակյալ կոսմետիկան միշտ թանկ է լինում, իսկ «Օրիֆլեյմի» ապրանքատեսականին մատչելի գին ունի եւ հասու է հասարակության լայն շրջանակներին: Մասնագետները լայն մասսայականություն վայելող (շիրպոտրեբ) կոսմետիկային չեն վստահում նաեւ այն պատճառով, որ դրանց վաճառքով կարող է զբաղվել ցանկացած մարդ: Բացի այդ, զեղչերի դեպքում 10.000 դրամով կարելի է գնել 5-6 տեսակի ապրանք: Փորձառու մասնագետները խորհուրդ են տալիս չօգտագործել վատորակ կոսմետիկա, հակառակ դեպքում ավելի օգտակար է ընդհանրապես հրաժարվել դիմահարդարումից: Որովհետեւ էժանագին եւ անորակ կոսմետիկան փչացնում եւ ժամանակից շուտ այնպես է ծերացնում մաշկը, որ վերականգնել այլեւս հնարավոր չի լինում: ՀՀ Որակի տեսչությունը վերջերս ստուգումներ է անցկացրել եւ խախտումներ է արձանագրել կոսմետիկ պարագաների վաճառքի ոլորտում: Խախտումները հիմնականում վերաբերում են հայերեն մակնիշում չլինելու եւ որակի սերտիֆիկատ չունենալու հանգամանքին: Որակի տեսչության պետի տեղակալ Բորիս Սահակյանն ասում է, թե իրենց ներկայացրած ապրանքները անցել են նաեւ լաբորատոր փորձաքննություն: «Պարզվել է, որ դրանք համապատասխանում են անվտանգության պահանջներին»,- հավատացնում է պարոն Սահակյանը: Իսկ փորձառու կոսմետոլոգները հակառակն են պնդում: Նրանց համոզմամբ` Հայաստանում վաճառվող կոսմետիկան մեծամասամբ քիմիական նյութերից է պատրաստված, որը շատ էժան ու վտանգավոր է: Այստեղ բարձրորակ ու թանկարժեք կոսմետիկայի առաջարկը խիստ սահմանափակ է, որովհետեւ պահանջարկն է այդպիսին: Մերոնք դեռ չեն հասել այն գիտակցմանը, որ թանկարժեք կոսմետիկա գնելով՝ խնայում են մաշկի խնամքի համար ծախսվող գումարները: Համենայնդեպս, այդպես են հավատացնում փորձառու մասնագետները:

Հ.Գ. Վերջերս ՌԴ նախագահ Վ. Պուտինը, ելույթ ունենալով ԱԱԾ-ի կոլեգիայում, պարզ արտահայտվել է, որ պետք է առավել ուշադիր լինել այն հարցում, թե ովքեր են ֆինանսական օգնություն ստանում: Ըստ ռուսական լրատվամիջոցների, առաջին հերթին դա վերաբերում է արտասահմանյան կոմերցիոն եւ ոչ կոմերցիոն այն ընկերություններին (այդ թվում` «Օրիֆլեյմին»), որտեղ ղեկավար պաշտոնները զբաղեցնում են ՆԱՏՕ-ի երկրների հատուկ ծառայությունների «նախկին աշխատակիցները»: Չի բացառվում, որ վերջիններս, ֆինանսավորվելով դրսից, լրտեսական գործունեություն են ծավալում եւ փորձում են «քչփորել ներքաղաքական կեղտոտ անկողինը»: Այժմ պատկերացնենք, որ 1967թ. Ռոբերտ եւ Յոնաս աֆ Յոկնիկ եղբայրների կողմից ստեղծված շվեդական կոսմետիկական «Օրիֆլեյմ» ընկերությունն ԱՊՀ-ում ունի մոտ 3000 մասնաճյուղեր: 2004թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ԱՊՀ եւ Բալթյան երկրներում այս ֆիրմայի «անկախ խորհրդատուների» թիվը կազմում էր շուրջ 800 հազար: Հավանաբար համապատասխան մարմիններն ուշադրություն կդարձնեն այն փաստի վրա, թե «Օրիֆլեյմի» նման ընկերություններն ինչ գործունեություն են ծավալում այնպիսի երկրներում, ինչպիսիք Վրաստանն, Ուզբեկստանն ու Հայաստանն են: Արդյո՞ք դրանք հովանավորում են «գունավոր» հեղափոխությունները: Շատ հնարավոր է: Այս մասին ռուսական լրատվամիջոցների պատրաստած նյութը կարդացեք «168 Ժամ»-ի հաջորդ համարում: