«168 Ժամ»-ի նախորդ հրապարակումներից մեկում ներկայացրել էինք «2005-2006թթ. տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույցի» արդյունքները, որի համաձայն` Ցանցային պատրաստվածության ինդեքսով աշխարհի 115 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 86-րդ տեղը: Հիշեցնենք, որ զեկույցի համաձայն, տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի առանձին ցուցանիշներով մեր երկիրը վերջին հորիզոնականներում է: Ինչո՞ւ այս ոլորտը չի զարգանում, թեեւ կառավարությունն այն հայտարարել է տնտեսության գերակա ճյուղ:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը գտնում է, որ նախ պետք է տարանջատել ՏՏ ոլորտը (որպես արդյունաբերության ճյուղ) եւ ինֆորմացիոն հասարակությունը: Նրա խոսքերով, այս ճյուղը Հայաստանի ՀՆԱ-ում ունի մոտ 1,7-2% չափաբաժին, իսկ դրա աճի տեմպերը կազմում են տարեկան 15-20%: Դեռ ավելին, ՏՏ ոլորտն ապահովում է բարձր վարձատրվող աշխատատեղեր եւ մեծ դեր ունի տարածաշրջանում: Սակայն, Բ. Ենգիբարյանը համաձայն է, որ Հայաստանի ինֆորմացիոն հասարակությունը, որը ցույց է տալիս, թե որքանով են տեխնոլոգիական գործիքներն օգտագործվում տնտեսության այլ ոլորտների եւ հասարակության զարգացման մեջ, գտնվում է անմխիթար վիճակում: Պրն Ենգիբարյանի կարծիքով, կառավարությունը լրջորեն պետք է զբաղվի ինֆորմացիոն հասարակության ստեղծման ռազմավարությամբ:
Պրն Ենգիբարյանը ՏՏ ոլորտի «աքիլեսյան գարշապար» է համարում ինտերնետի թանկ լինելը, ինչպես նաեւ` Երեւանից դուրս դրա տարածման պրոբլեմը: Սակայն, ՁԻՀ տնօրենի կարծիքով, հաջորդ զեկույցի ժամանակ Հայաստանի դիրքերն էականորեն կբարելավվեն` պայմանավորված հայաստանյան շուկա «Ղ-Տելեկոմի» մուտքով: Ոլորտի զարգացման հաջորդ հիմնախնդիրը ֆինանսական ենթակառուցվածքների բացակայությունն է: «Ոլորտի ֆինանսավորման համար միայն բանկային համակարգը բավարար չէ: Պետք են ներդրումային ընկերություններ, վենչուրային հիմնադրամներ, որոնք հնարավորություն կտան նաեւ մասնաբաժնային ներդրումներ կատարել եւ նոր կազմակերպություններ ստեղծել: ՏՏ ոլորտում փոքր ծավալների, բայց ռիսկային ներդրումներ են պահանջվում»,- ասում է Բ. Ենգիբարյանը:
ՏՏ ոլորտի շատ ձեռնարկություններ բողոքում են հարկային դաշտից` պատճառաբանելով, որ եթե կառավարությունը գերակա ճյուղ է հռչակում, ապա պետք է հարկային արտոնություններ տրամադրի ընկերություններին: Ի՞նչ արտոնությունների մասին է խոսքը, երբ կառավարությունը նույնիսկ ոլորտում կիրառվող պետական տուրքերը չի նվազեցնում: Բ. Ենգիբարյանի համար, օրինակ, հասկանալի չէ, թե այսօր ինչու պետք է հայաստանյան կազմակերպությունը ինտերնետի մատակարարման կամ տարածման համար պետական տուրք մուծի: «Մի երկրում, որտեղ համակարգիչների կամ ինտերնետի օգտագործումը շատ ցածր մակարդակի վրա է, ընկերությունները համակարգիչների մուտքի վրա լիցենզավորման խնդիր ունեն: Այսինքն, սրանք աշխարհում օգտագործվող արհեստական միջոցներ են, իսկ Հայաստանը չի հասել զարգացածության այն աստիճանին, որպեսզի պրոցեսները սահմանափակի»,- նշում է Բ. Ենգիբարյանը: Նա բերում է նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի օրինակը, որոնք ստեղծել են տեխնոլոգիական գոտիներ, որտեղ արդյունավետ կիրառվում են հարկային արտոնությունները: Բ. Ենգիբարյանը գտնում է, որ Հայաստանում պետք է լուրջ մտածեն այս հետաքրքիր քաղաքականության մասին:
«Կառավարությունը կիրառում է ՏՏ ոլորտի զարգացման խթաններ: Այստեղ խոսքը գործընթացն ավելի արդյունավետ եւ երկարաժամկետ դարձնելու, հստակ ռազմավարության մշակման մասին է: Մի ձեռքով խթանում են, մյուս ձեռքով` խանգարում: Միգուցե դա անուղղակի է, չի վերաբերում այս ոլորտին, բայց ստացվում է, որ խանգարում են: Տարբեր նախարարություններ իրենց մասով հետեւում են ոլորտի խնդիրներին: Սակայն պետք է մեկը, որը հետեւողական լինի մշակված ռազմավարությանը»,- գտնում է Բ. Ենգիբարյանը: Նրա համոզմամբ, Հայաստանը ՏՏ ոլորտում ունի զարգացման մեծ հնարավորություններ: Խոսքը դեռ սովետական տարիներին ձեւավորված տեխնոլոգիական դպրոցի եւ հայերի ինտելեկտուալ հնարավորությունների մասին է: «Հայկական ձեռներեցությանը գումարվեց սփյուռքի գործոնը, եւ 1990-ականներին ՏՏ մասնավոր կազմակերպություններն առանց որեւէ աջակցության հասան հաջողությունների: Դա տեսնելով` կառավարությունն առաջարկեց իր աջակցությունը»,- ասում է Բ. Ենգիբարյանը` հիշեցնելով, որ այս ոլորտի համաշխարհային խոշոր ընկերությունները հաշվի են նստում հենց կառավարությունների հետ: Ինչ վերաբերում է մարդկային ռեսուրսներին, ապա, ՁԻՀ տնօրենի կարծիքով, առաջնահերթ խնդիր է նաեւ ՏՏ ոլորտի որակյալ մասնագետների պատրաստումը: Հետաքրքիրն այն է, որ նա չի վախենում այդ կադրերի արտահոսքից: Բ. Ենգիբարյանը գտնում է, որ Հայաստանի ՏՏ ոլորտի հաջողությունների 99%-ը պայմանավորված է այն մասնագետներով ու սփյուռքահայերով, ովքեր աշխատում են արտասահմանում, քանզի առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք ներդրումներ են կատարում Հայաստանում:
Իսկ ի՞նչ է անում ՁԻՀ-ը ոլորտի զարգացման գործում: Ընկերությունը ստեղծվել է ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի միջոցով: Ծրագիրն աշխատում է 3 հիմնական ուղղությամբ` բիզնեսի զարգացում, մասնագետների պատրաստում, ենթակառուցվածքների ձեւավորում: Բիզնեսի զարգացման գծով ՁԻՀ-ն ապահովում է ոլորտի տեղական ձեռնարկությունների մասնակցությունը միջազգային խոշոր ցուցահանդեսներին: ՁԻՀ-ն անցյալ տարվանից կազմակերպեց նաեւ «Digitec» ցուցահանդեսը Հայաստանում: Այս միջոցառումների հիմնական նպատակը տեղական արտադրողներին արտասահմանյան շուկա հանելն է, քանի որ, Բ. Ենգիբարյանի խոսքերով, Հայաստանի ՏՏ ոլորտն 80%-ով աշխատում է արտահանման վրա: ՁԻՀ-ն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ներկայացուցչություն ունի Կանադայում, որի շնորհիվ ոլորտի հայաստանյան ձեռնարկությունները կնքել են ավելի քան 800 հազար դոլարի պայմանագրեր: