Սադախլոն՝ հակափաստարկ
Մոտ մեկ ամիս առաջ ձեռք բերեցի բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալի «Ղարաբաղ։ Սեւ այգի» գիրքը, որով հետաքրքրված էի վաղուց։ Ինտերնետում կարդացել էի դրա որոշ հատվածներ եւ, անկեղծ ասած, ինձ դուր էր եկել հեղինակի մոտեցումը՝ ղարաբաղյան հակամարտությունը դիտարկել ոչ այնքան քաղաքական ենթատեքստում, որքան մարդու ապրումների ու զգացողությունների։
Մինչեւ գիրքը ձեռք բերելը, տարբեր կարծիքներ էի լսել դրա մասին՝ հիմնականում բացասական՝ հայ ընթերցողի տեսանկյունից։ Այսինքն՝ գիրքը կարդացած մարդիկ այն կարծիքն ունեին, որ Թոմաս դե Վաալի մոտեցումը միտումնավոր է, եւ համակրանք կա ադրբեջանցիների նկատմամբ։ Այս նախապաշարումը հաղթահարելու համար, գիրքը կարդալիս աշխատում էի դեպքերին եւ իրադարձություններին նայել հակառակ տեսանկյունից։ Պետք է խոստովանեմ, որ այս իմաստով գրքի կառուցվածքն ու շարադրանքը պարզապես իդեալական են։ Կարծում եմ, որ ողջախոհ հայ եւ ադրբեջանցի ընթերցողը դրա շնորհիվ կկարողանա վերագնահատել 88-ից ի վեր իր ապրածն ու զգացածը։
Կարդալու ընթացքում ընդհանուր տպավորություն ունեի, որ հեղինակի կարծիքով` ղարաբաղյան հակամարտության երկու մասնակիցներն էլ՝ թե հայերը եւ թե ադրբեջանցիները պարտված են, բայց ադրբեջանցիները պարտված են մի փոքր ավելի։ Այս իմաստով հայ ընթերցողը կարող էր կարեկցանքը շփոթել համակրանքի հետ։
Պարտությունը մի ճշմարտություն է, որը ցավալիորեն չի գիտակցվում ոչ Հայաստանում (Ղարաբաղում), ոչ էլ Ադրբեջանում։ Հայաստանում դա չեն գիտակցում, որովհետեւ հակամարտության ռազմական փուլի արդյունքն առանձնացնում են տեղի ունեցած աղետից կամ երբեմն նաեւ այդ աղետը ներկայացնում որպես հաղթանակի գին։ Իսկ Ադրբեջանում չեն գիտակցում, որովհետեւ նրանց հետապնդում է նյութական (տարածքային) կորուստները վերադարձնելու սեւեռուն գաղափարը։ Բոլոր դեպքերում հակամարտության հիմնական մասնակիցը՝ ժողովուրդները, մնում են խաղից դուրս։ Նրանց կարծիքը ոչ ոք չի հարցնում, նրանց ձգտումներն ու երազանքներն ազդեցություն չեն ունենում հասարակական կարծիքի ձեւավորման վրա։
«Ղարաբաղ։ Սեւ այգի» վավերագրական գիրքը բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալն ավարտում է Սադախլոյում։ Դա Վրաստանի տարածքում գտնվող մի շուկա է, որտեղ կողք կողքի առեւտուր են անում վրացիները, ադրբեջանցիներն ու հայերը։
Հեղինակին գրած իմ նամակում կարծիք էի հայտնել, որ Սադախլոն իբրեւ մոդել բավականաչափ համոզիչ չէ, քանի որ համերաշխության այդ տարածքը գտնվում է երրորդ երկրում, իսկ երեք ազգերի փոխհարաբերությունները երաշխավորվում են վրաց պետության օրենքներով։ Իմ այս դիտարկմանն ի պատասխան` հեղինակն ասում է. «Ինձ համար Սադախլոն ավելի շուտ ոչ թե մոդել է, այլ հակափաստարկ նրանց համար, ովքեր փորձում են ապացուցել, թե հայերն ու ադրբեջանցիները չեն կարող համատեղ ապրել»։
Այսուհանդերձ, գիրքն ընթերցելիս ես չէի ակնկալում ստանալ պատրաստի լուծումներ կամ էլ դրանց մոդելները, քանի որ, իմ կարծիքով, լրագրողի գործը պատրաստի դեղատոմսեր առաջարկելը չէ։ Լրագրողի աշխատանքը հաջողված կարելի է համարել, եթե նա ճիշտ է դնում ախտորոշումը։ Այս իմաստով Թոմաս դե Վաալի «Ղարաբաղ։ Սեւ այգի» գիրքը ստիպում է մտածել առողջության մասին, հատկապես երկար ու ծանր վիրահատությունից հետո, որը տարել են հարեւան երկու երկրների ժողովուրդները։
«Ղարաբաղ։ Սեւ այգի» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալի հարցազրույցը «Հետք» on-line շաբաթաթերթին
– Դուք համահեղինակ եք նաեւ Չեչնիայի մասին պատմող մի գրքի եւ, բնականաբար, քաջատեղյակ եք չեչենական հակամարտությանը։ Ո՞րն է, Ձեր կարծիքով, Չեչնիայի եւ Ղարաբաղի հակամարտությունների տարբերությունը։
– Ինչպես նախկինում նշել եմ, մեջբերելով Տոլստոյից, կովկասյան յուրաքանչյուր հակամարտություն յուրօրինակ ողբերգություն է։ Չեչնիայում ամենասարսափելի գործոնը ռուսական զորքերի ավերիչ ուժն էր փոքր տարածքում։ Պատերազմը լուսաբանող փորձառու լրագրողներն անգամ ցնցված էին Գրոզնիի ավերածությունների չափից։ Սա կանխորոշեց չեչենական հակամարտության վայրագությունը։ Այս իմաստով ղարաբաղյան հակամարտությունը պակաս դաժան էր, թեեւ դրա ընթացքում եւս եղան սարսափելի ողբերգություններ։ Քաղաքական լեզվով ասած` ընդհանուր գործոնը խորհրդային համակարգի ձախողումն էր «ազգային հարցերի» շուրջ երկխոսություն թույլատրելու հարցում։ Թվացյալ խաղաղության տակ մեծ զայրույթ կար, որը երեւաց հակամարտության սկսվելուց հետո։
– Ղարաբաղում հասարակ մարդկանց ես շատ հաճախ եմ հարցնում. «Հիշո՞ւմ եք, թե ինչպես սկսվեց հակամարտությունը»։ Չեն հիշում, ավելին՝ շատերի պատմածից պարզ է դառնում, որ իրենք սկզբում իրադարձություններին հետեւել են կողքից։ Ձեր տպավորությամբ` հակամարտությունը զանգվածային բնույթ ունեցե՞լ է, եւ ե՞րբ են ներգրավվել ժողովուրդները։
– Կարծում եմ, ղարաբաղյան ողբերգության մի մասն էլ այն էր, որ երկու կողմերում էլ փոքրամասնությունն էր բռնություն ուզում։ Սակայն եւ՛ հայերը, եւ՛ ազերիները նախընտրում էին խոսել ավելի շուտ Մոսկվայի, քան թե իրար հետ, եւ չէին ուզում մեկը մյուսին լսել։ Հետո Սումգայիթն ամեն ինչ փոխեց, եւ գործընթացը անկասելի դարձավ։
– Ձեր կարծիքով, հակամարտության ռազմական փուլում հայերը հաղթեցի՞ն, թե՞ ադրբեջանցիները պարտվեցին: Ի՞նչ դասեր պետք է քաղեն երկու կողմերը։
– Հակամարտության ավարտն (1994թ.), իմ կարծիքով, երեք գործոնների արդյունք է. հայերն ավելի լավ էին պատրաստված եւ ավելի կարգապահ էին, Ադրբեջանը հակամարտության համարյա ողջ ընթացքում քաղաքական քաոսի մեջ էր, ռուսներն օգնում էին երկու կողմերին էլ, բայց, անկասկած, հայերին ավելի շատ էին օգնում։
– Ձեր կարծիքով, ի՞նչ կլիներ, եթե Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը, բարի կամք դրսեւորելով, համաձայներ միացնել Ղարաբաղը Հայաստանին։ Քաղաքական եւ տնտեսական ի՞նչ պատկեր կունենար այսօր Հարավային Կովկասը։
– Ես երբեմն մտածում եմ, թե ինչպիսին կլիներ այժմ իրավիճակը, եթե 1988թ. խորհրդային ղեկավարությունը թույլ տար, որ Լեռնային Ղարաբաղը միանար Հայաստանին, եւ հետո Ադրբեջանն ուժով գրավեր այդ շրջանը։ Հավանաբար հայերն այսօր կխոսեին «տարածքային ամբողջականության», իսկ ադրբեջանցիները` «ինքնորոշման» մասին։ Դժբախտությունն այն է, որ սա միշտ էլ վիճելի տարածք է եղել՝ մեծաթիվ հայ բնակչությամբ եւ հայկական խորը պատմական արմատներով, բայց, միեւնույն ժամանակ, ուժեղ ադրբեջանական պատմական ավանդույթներով եւ ադրբեջանական տնտեսության մաս կազմելով։ Ղարաբաղը գտնվում է Հարավային Կովկասի կենտրոնում։ Այսպիսով` երկու կողմերն էլ պետք է ընդունեն դրա կարեւորությունը մյուսի համար։ Եթե դա հնարավոր լինի, ինչն այս պահին շատ անհավանական է, Ղարաբաղը կարող է դառնալ դինամիկ տարածաշրջանի կենտրոնը։
– Վերջերս ԽՍՀՄ վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը մի հարցազրույցում ասել էր, թե այն ժամանակ Ղարաբաղի անջատման պահանջն արդարացված է եղել։ Ի՞նչ է նշանակում ուշացած այս հայտարարությունը։
– Գորբաչովը երբեք պարզ չի խոսում, դրա համար ես զգույշ եմ այդ հայտարարությունների հարցում։ 1988թ. Գորբաչովն անելանելի իրավիճակում էր, եւ կարծում եմ, որ նրան այնքան էլ խիստ չպետք է դատենք։ Համենայնդեպս, նա այնպիսի զանգվածային ձերբակալություններ չարեց, ինչպիսիք կանեին խորհրդային նախորդ առաջնորդները։
– 1994-ից մինչեւ այսօր միջնորդների ներկայացրած կարգավորման տարբերակներից ո՞րն եք համարում խելամիտ եւ ինչո՞ւ։
– Խաղաղ կարգավորման գրեթե բոլոր ծրագրերն էլ ունեն իրենց դրական կողմերը։ Դրանցում բացակայում է «համատեքստը»՝ երկխոսությունը երկու հասարակություններում, թե խաղաղությունն ու փոխզիջումն ինչով են ավելի լավ, քան ստատուս քվոն։ Ես համոզված եմ, որ փուլային կարգավորման տարբերակն ավելի լավն է, քան փաթեթայինը, որովհետեւ այն վստահություն կառաջացնի երկու կողմում էլ։ Եվ պարզ է, որ Ղարաբաղի հայերն ինքնակառավարման իրենց ներկա մակարդակից պակաս ոչինչ չեն ընդունի, ինչ էլ որ լինի այն պետության ֆորմալ անունը, որի մասը կկազմեն։
– Ո՞վ պիտի լուծի ղարաբաղյան հիմնախնդիրը, եթե միջազգային հանրությունը չի ճանաչում Ղարաբաղը, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը դուրս են մղել նրա ներկայացուցիչներին։
– Ինձ համար պարզ է, որ ղարաբաղցիները պետք է խաղաղ գործընթացի մաս լինեն՝ ներառյալ նաեւ Ղարաբաղի ադրբեջանական համայնքը։ Այս մարդիկ երեւի ավելին են կորցրել, քան որեւէ մեկը։ Ինձ համար անհեթեթ է, որ Ստեփանակերտի ղեկավարությունը մասնակից չէ Ղարաբաղի ապագան որոշող քննարկումներին։
– Խաղաղության համաձայնագիր կարելի է ստորագրել միշտ, բայց արդյոք դա կնշանակի՞ խաղաղություն։ Ի՞նչ կտա այդ թուղթը հակամարտող ժողովուրդներին։
– Հյուսիսային Իռլանդիայի փորձը ցույց է տալիս, որ հակամարտությունները երբեք չեն «լուծվում», դրանք միայն փոխակերպվում են։ Հիմա Հյուսիսային Իռլանդիայում կողմերի միջեւ վերջնական համաձայնություն չկա, բայց բռնությունը համարյա ամբողջովին վերացել է։ Այսպիսով` խաղաղության համաձայնագիրը նոր գործընթացի սկիզբ կլինի։ Իմ գրքի կենտրոնական նպատակը բոլոր կողմերից ձայների լայն բազմազանություն ներկայացնելն է, որը կարտահայտի նրանց ցավը, հույսերը, տագնապներն ու պահանջները։ Որքան մեծ է երկխոսությունը, այնքան ավելի հավանական է, որ իսկական խաղաղություն կարող է արմատավորվել։ Սակայն դա շատ ցավալի գործընթաց է եւ տարիներ կպահանջի, միգուցե տասնամյակներ։
Քննադատություն առանց սահմանների
Մոտ մեկ ամիս առաջ Բաքվում տեղի է ունեցել Բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալի «Ղարաբաղ։ Սեւ այգի» գրքի շնորհանդեսը։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական աղբյուրները, հեղինակը խոստովանել է, որ քննադատություն լսում է երկու կողմից էլ։ Երկու կողմում էլ պնդում են, թե բազմաթիվ խնդիրներ պատշաճ կերպով չեն ներկայացվել բրիտանացի լրագրողի գրքում։
Ադրբեջանական մամուլին տված հարցազրույցներում Թոմաս դե Վաալը պարզաբանում է, որ իր գլխավոր խնդիրը եղել է 1988-ին սկսված հակամարտության ուսումնասիրությունը, ոչ թե երկու ժողովուրդների պատմությունների հետազոտումը։
«Ես գտնում եմ, որ մինչեւ քսաներորդ դարը հայերի եւ ադրբեջանցիների միջեւ առանձնահատուկ խնդիրներ չեն եղել»,- ասում է նա։
Ադրբեջանցի լրագրողների հարցին, թե գրքում ինչո՞ւ ոչ մի խոսք չկա ղարաբաղյան պատերազմին ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի ազատագրության գաղտնի բանակ) մարտիկների ունեցած մասնակցության մասին, Թոմաս դե Վաալը պատասխանում է. «Այդ մարդիկ մասնակցում էին մարտական գործողություններին ոչ թե որպես ահաբեկիչներ, այլ որպես հայեր»։
Ադրբեջանցի լրագրողները պնդում են, թե հայերը մեծ օգնություն են ստացել Ռուսաստանից, եւ դժգոհում, որ Ղարաբաղյան պատերազմը գրքում ներկայացված չէ որպես ռուս-ադրբեջանական պատերազմ։ Այս մեղադրանքին բրիտանացի լրագրողը պատասխանում է հավասարակշռված հակափաստարկներով. «1992-ի հարձակման ժամանակ ադրբեջանական բանակի կողմից կռվում էին մեծ թվով ռուս զինվորականներ։ Ես համաձայն եմ, որ նրանք Հայաստանին ավելի շատ են օգնել, հատկապես պատերազմական գործողությունների վերջին շրջանում։ Բայց սխալ կլինի ասել, որ դա ռուս-ադրբեջանական պատերազմ էր։ Դա մի ժամանակ էր, երբ մեծ թվով ռուս զինվորականներ գործազուրկ էին եւ հանուն աշխատավարձի պատրաստ էին կռվել։ Հիմա այդ մասին շատ քիչ են խոսում, եւ դժվար է որոշել հակամարտության մեջ Ռուսաստանի ներգրավվածության աստիճանը»։
«Ես հասկանում եմ, որ ադրբեջանցիներն ուզում են գրքում տեսնել ավելի շատ ողբերգական մանրամասներ։ Բայց հայերն էլ մյուս կողմից են քննադատում ինձ՝ ասելով, թե Մարաղայի դեպքերի մասին, որտեղ 50 հայ է զոհվել, գրքում ընդամենը երկու տող կա։ Ես անկեղծորեն փորձել եմ օբյեկտիվ լինել»,- ասում է Թոմաս դե Վաալը՝ պաշտպանվելով ադրբեջանցիների այն մեղադրանքից, թե Խոջալուի դեպքերը եւ Հայաստանի ադրբեջանցիների բռնագաղթը պատշաճ կերպով ներկայացված չէ։
Խոսելով ադրբեջանցիների համար ամենացավոտ հարցի՝ Շուշիի գրավման մասին, բրիտանացի լրագրողն ասում է. «Ամենասկզբից էլ ինձ համար տարօրինակ էր, թե ինչո՞ւ Շուշին, որը կարելի էր պաշտպանել, հայերը գրավեցին։ Ես եկա այն եզրակացության, որ պարզապես այդ քաղաքը ոչ ոք չէր ուզում պաշտպանել»։
Ադրբեջանցի լրագրողները գտնում են, որ գրքում բազմաթիվ անճշտություններ կան, ինչն ընդունում է նաեւ հեղինակը, բայց ի պատասխան նրանց հարցին, թե չի՞ ուզում պատրաստել նոր հրատարակություն, Թոմաս դե Վաալն ասել է. «Առաջին հրատարակության համար երկու կողմից լսած քննադատությունը լիուլի բավական է»։