Վերջին տարվա ընթացքում Թուրքիան պետական մակարդակով ակտիվացրել է իր ներկայությունը Հայաստանում: Հայաստանի հասարակական եւ քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում թուրքական լոբբին մի քանի անգամ մեծացրել է իր ակտիվությունը, որը բացատրվում է մի փաստով. Թուրքիան կանգնած է տարածքային ամբողջականությունը կորցնելու աղետի եզրին: Հենց անցյալ շաբաթ Հայաստանում էին գտնվում թուրքական բանակի գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաները, իբր թե` ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում, սակայն իրականում՝ ուսումնասիրելու համար մեր զորքերի վիճակը, ռազմական տեխնիկան եւ հայկական բանակի մարտունակությունը: Անհավանական կլիներ ասել, թե Թուրքիայի գլխավոր շտաբի հրավերով հենց այդ ժամանակ Ստամբուլում գտնվող Հայաստանի ՊՆ բարձրաստիճան մի սպա կարող էր փորձել ուսումնասիրել թուրքական բանակի վիճակը: Թուրքիան մեծացնում է իր զավթողական քաղաքականությունը Կովկասում: Վրաստանը դե ֆակտո գտնվում է Թուրքիայի աշխարհաքաղաքական ազդեցության տակ: Ադրբեջանի մասին խոսելն արդեն ավելորդ է: Մնացել է Հայաստանը, եւ շղթան կփակվի: Վերջին տարվա ընթացքում, օգտագործելով հայերի եւ Ստամբուլի Հայոց եկեղեցու բարեկամական, գիտական, հոգեւոր կապերը, Թուրքիան ինտենսիվ կերպով ներգրավվում է Հայաստանի իշխանության եւ բիզնեսի բոլոր ոլորտների մեջ: Երբ Հայաստանի որոշակի շրջանակներ պահանջում են հայ-թուրքական սահմանի բացումը, որն, իմիջիայլոց, բաց է 1991թ.-ից, եւ դա վերաբերում է միայն Գյումրի-Կարս երկաթուղու բացմանը: Տպավորություն է ստեղծվում, որ այդ կեղծ-ժողովրդավարական շրջանակների համար կենսական անհրաժեշտություն է հենց Գյումրի-Կարս երկաթուղու բացումը: Երեւի այն բանի համար, որ հեշտ լինի Հայաստանից Թուրքիա տանել դեռ չթալանված մնացած հիմնական միջոցները, հաստոցներն ու տեխնոլոգիական գծերը: Իսկ թուրքերին այդ երկաթուղին անհրաժեշտ է ռազմական տեխնիկան եւ ծանր տանկերը Հայաստանի տարածքով Վրաստան եւ Ադրբեջան հասցնելու համար: Վերոհիշյալ շրջանակները մի քանի տարի առաջ ակտիվորեն նպաստում էին Հայաստանում երկու մասոնական օթյակների բացմանը, որոնք պաշտոնապես գրանցված են երկրի Արդարադատության նախարարության ռեեստրում: Այն ժամանակ նրանք այդ քայլը բացատրում էին նրանով, որ հայկական էլիտան կարող է մասոնների համաշխարհային ցանցի միջոցով հասնել Հայաստանի համապետական խնդիրների լուծմանը: Ինչպես տեսնում ենք, նրանք խորապես սխալվում էին, քանի որ այդ կառույցներն ավելի շուտ ծնկի կբերեն Հայաստանին, քան թույլ կտան հայանպաստ որոշումներ կայացնել: Դրա վկայությունը կարող են դառնալ Գերմանիայում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները, երբ թուրքերը հակահայկական բազմահազարանոց ցույցեր էին անում՝ ուղղված Սողոմոն Թեհլերյանի գործողությունների դեմ, որ նա իրականացրել էր Թուրքիայի նախկին արտգործնախարար, թուրքական մեծն մասոնական օթյակի մեծն Վարպետի՝ Թալեաթ փաշայի դեմ: Դեռ մի տարի առաջ Թուրքիայի մասոնները դիմել էին Գերմանիայի իրենց հայրենակիցներին՝ հակահայկական ակցիաներ կազմակերպել Թալեաթ փաշայի սպանության առիթով, եւ այս մի տարվա ընթացքում նրանց հայրենակիցներին հաջողվեց ակցիաներ կազմակերպել՝ ի պաշտպանություն 20-րդ դարի մեծագույն ոճրագործներից եւ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի՝ մասոն Թալեաթ փաշայի: Ի դեպ, Սողոմոն Թեհլերյանն ընդամենն ի կատար էր ածել Թուրքիայի գերագույն դատարանի դատավճիռը՝ գնդակահարության դատապարտել Թալեաթ փաշային: Դրանից հետո Թուրքիայի երիտթուրքերի օթյակի փոխարեն իշխանության եկած մի այլ մասոնական ճյուղ՝ քեմալիստները, սալոնիկցի մասոն Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, Թալեաթ փաշային հայտարարեցին ազգային հերոս: Եվ եթե Հայաստանի այսօրվա էլիտան կարծում է, թե թուրք մասոնների օգնությամբ կարող է ստիպել թուրքական կառավարությանը՝ ընդունելու Հայոց ցեղասպանությունը, թող նախ հիշի Թալեաթի հետ կատարվածը:
Այսօր Թուրքիան կանգնած է պետական ամբողջականությունը կորցնելու վտանգի առաջ, եւ դրանով է բացատրվում նրա ակտիվությունն Անդրկովկասի երկրներում եւ մասնավորապես Հայաստանում: Թուրքերը հրաշալի հասկանում են, որ եկել է մեղքերի համար պատասխան տալու ժամանակը, եւ կարեւոր չէ, թե ինչ ձեւով դա տեղի կունենա՝ Թուրքիայի արեւելքում քրդերի ապստամբությա՞մբ, թե՞ Եվրամիության պահանջներով՝ կապված Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հետ: Փաստը մնում է փաստ, որ քրդերն Իրաքում 5-7 տարի հետո կունենան իրենց պետությունը, եւ Թուրքիայի արեւելյան մասի քրդերը կձգտեն միավորվել Քուրդիստանի հետ: Այս գործընթացն այսօր ընթանում է, եւ չպետք է մոռանալ, որ խոսքը բուն հայկական հողերի մասին է, որ մենք կորցրել էինք ցեղասպանության պատճառով: Պատմական անարդարություն կլիներ, եթե այդ հողերը մնային քրդերին: Հայաստանը պետք է ակտիվ քայլեր ձեռնարկի արդեն այսօր, որպեսզի հայտարարի այդ հողերի նկատմամբ իր իրավունքի մասին: Թուրքիայի քայքայումը հիմնավորվում է նաեւ այն փաստով, որ Պենտագոնը որոշել է առաջիկա 4 տարիների ընթացքում դուրս բերել իր զորքերը Թուրքիայից: Այդ ծրագրերի իրագործման դեպքում Թուրքիան դառնում է մեր տարածաշրջանում ամենաանպաշտպան ու խոցելի խաղացողը: Ավելորդ չէ հիշեցնել, որ ամերիկյան ռազմաբազաները դուրս բերելու դեպքում Թուրքիայի բյուջեն ամեն տարի 10 միլիարդ դոլարով ավելի պակաս կստանա, իսկ դա Թուրքիայի համար ներկայիս դժվարին տնտեսական պայմաններում նշանակում է ֆինանսատնտեսական դեֆոլտ, տնտեսության խոր ճգնաժամ: Ահա թե ինչու է Թուրքիան ԱՄՆ-ի հեռանալուց հետո նոր դոնորներ փնտրում՝ ի դեմս Եվրամիության: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ սառը պատերազմից հետո Թուրքիան հզորացավ հենց ԱՄՆ-ի շնորհիվ: Այդ միջոցները տնօրինում էին հիմնականում Թուրքիայի ռազմական շրջանակները: Նրանք էլ դե ֆակտո պետության իրական տերերն են, ինչպես «Դերին Դեւլեթը»: Հենց նրանք էլ այսօր կատաղել են, որ մի կողմից՝ ԱՄՆ-ը այլեւս միջոցներ չի տրամադրելու, երկրի տնտեսական դրությունն աղետալի է, մյուս կողմից՝ քրդերը նոր ապստամբություն են սկսել: Ի՞նչ է նրանց մնում անելու: Նրանք նման են վիրավոր գազանի: Այդ պատճառով էլ նրանք այսօր հանդես են գալիս բոլորից առաջ անցնելու եւ առաջինը հարված հասցնելու դերով: Իսկ այդ հարվածը սովորաբար հասցնում են այս տարածաշրջանի ամենաթույլ օղակին: Թույլ օղակը, Վրաստանից հետո, ռուսների հեռանալու հետ, մնում է Հայաստանը: Իսկ Հայաստանում այսօր, ինչպես երեւում է, դրա համար ժամանակ չունեն. այսօր այստեղ էլիտար օլիգարխների եւ ազգային բուրժուազիայի համար էլիտար բնակարաններ կառուցելու բում է: Այս էլիտայի հետ էլ մենք աղետի կհասնենք, եթե, իհարկե, խելքի չգանք: