ԼՂՀ Դատախազության հաշվետվությունը

07/04/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Նոր գլխավոր դատախազ Արմեն Զալինյանն անբավարար է համարել դատախազության աշխատակիցների` անչափահասների հետ աշխատանքը: Տեղեկանքում տեղ գտած տվյալների համաձայն, 2005-ին ԼՂՀ դատախազության կողմից «Անչափահասների մասին» օրենքների կատարման ուղղությամբ անց են կացվել 12 ստուգումներ (2004-ին ստուգումների թիվը 18 էր), որի արդյունքում ի հայտ է բերվել օրենքի 7 խախտում, հարուցվել է 1 քրեական գործ, բերվել` 1 միջնորդագիր:

«ԼՂՀ քաղշրջդատախազները հետ են մնացել «Անչափահասների մասին» օրենքների վրա հսկողության բնագավառից: Ստուգումները կրել են ձեւական բնույթ, իսկ Շուշիի, Հադրութի եւ Մարտակերտի շրջանների դատախազություններն այդ ուղղությամբ ընդհանրապես աշխատանք չեն տարել, թեեւ ներկայումս անչափահասների շրջանում թափառաշրջիկությունն ու հանցավորությունն աճել են: Դատախազության մարմինները պետք է ակտիվացնեն հսկողությունը, բարձրացնեն դրա արդյունավետությունը»,- ասվում է ԼՂՀ դատախազության տեղեկանքում:

Եթե 2004թ. Ղարաբաղում 56 անչափահասի կողմից կատարվել է 67 հանցագործություն, ապա 2005-ին այդ թիվը կտրուկ նվազել է. 22 հոգու կողմից կատարվել է 26 հանցագործություն:

Ներկայացված տվյալների համաձայն, հանցագործություն կատարած 81 հոգուց 51-ը նախկինում հանցագործություններ կատարածներ են: Տարվա ընթացքում 165 հանցագործություն է կատարվել 159 չաշխատող եւ չսովորող անձանց կողմից, այդ թվում` 15 հանցագործություն 14 անչափահասների կողմից: 45 հանցագործություն կատարվել է խմբակային` 92 անձի կողմից: Կոլեգիայի նիստի ժամանակ գլխավոր դատախազի տեղակալը տեղեկացրեց նաեւ, որ 2005-ին որոշակի աշխատանքներ են տարվել քննության ընթացքում պետությանը հասցված վնասի վերականգնման ուղղությամբ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 50 մեղադրյալից բռնագանձվել է ավելի քան 30 մլն դրամ:

Դատախազության տվյալներով, 2005թ. դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի եւ շրջդատախազությունների կողմից կատարվել են 169 ստուգումներ` 2004թ. 115-ի դիմաց, որոնց արդյունքում պարզվել է, որ պետական շահերին վնաս պատճառելու մասով գրանցվել է օրենքի խախտման 399 դեպք` 2004թ. 403-ի դիմաց: Ստուգումների արդյունքում 184 ֆիզիկական անձանց արվել է պաշտոնական նախազգուշացում (2004-ին այդ թիվը 298 էր), 27 հոգի ենթարկվել են վարչական, իսկ 18-ը` կարգապահական պատասխանատվության (2004-ին այդ թիվը համապատասխանաբար կազմում էր 18 եւ 26): Հարուցվել են 23 քրեական գործեր` 2004թ. 20-ի դիմաց: Վերականգնվել է պետությանը պատճառած 42 մլն դրամից ավելի եւ հազարից ավելի ԱՄՆ դոլարի վնասը:

Բացի այդ, պետությանը պատճառած վնասները վերականգնելու համար հարուցվել եւ դատարան է ուղարկվել պետական շահերի պաշտպանության 127 հայց` շուրջ 260 մլն դրամ ընդհանուր հայցապահանջով, որոնցից 114-ը շուրջ 247 մլն դրամի չափով դատարանի կողմից բավարարվել են, իսկ 11 հայց գտնվում է քննարկման փուլում: Տեղեկացնենք, որ 2004թ. 107 հայց էր ներկայացվել` 61 մլն դրամ հայցապահանջով:

2005թ. ընթացքում ԼՂՀ դատախազության մարմիններ մուտք են գործել քաղաքացիների 359 դիմումներ եւ գանգատներ` անցած տարվա 403-ի դիմաց:

Հիմնականում դիմումներն ու գանգատները վերաբերում են դատարանների կողմից կայացված որոշումներին եւ դատավճիռներին, նախաքննությանը, ՈՒԱԳ-ում օրենքների պահպանման նկատմամբ հսկողությանը եւ այլն:

Անցյալ տարի Ղարաբաղի տարածքում գրանցվել է 538 հանցագործության փաստ` 2004թ. 518-ի դիմաց: Ըստ բնույթի եւ հանրության համար վտանգավորության աստիճանի գրանցվել են ոչ մեծ ծանրության 238 հանցագործություններ` 2004-ի 235-ի դիմաց, միջին ծանրության` 110-ը (80-ի դիմաց), ծանր`177-ը (197-ի դիմաց), իսկ առանձնապես ծանր`13-ը (6-ի դիմաց): Թվերը ցույց են տալիս, որ հանցագործությունների քանակն աճել է 20-ով, որից 16-ը նախորդ տարիներին կատարված հանցագործություններ են, որոնք գրանցվել են 2005թ., նշվում է ԱԺ ներկայացված ԼՂՀ դատախազության տեղեկանքում: 2005թ. 21 փաստով աճել են կյանքի եւ առողջության դեմ ուղղված հանցագործությունները: 37-ով նվազել է մասնավոր սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քանակը:

538 հանցագործություններից չբացահայտված են մնացել 18-ը, նախորդ տարվա 32-ի դիմաց:

Հանցագործությունների քանակը նվազել է Ստեփանակերտ քաղաքում` 19-ով, Մարտունու շրջանում` 8-ով, իսկ Ասկերանի շրջանում` 2-ով: Հանցագործությունների թիվն աճել է Մարտակերտի շրջանում` 12,7 տոկոսով, Քաշաթաղի շրջանում` 47 տոկոսով: