Բադրին վտանգի մեջ է

07/04/2006

«Լռությունը հավասարազոր է մեղքը ճանաչելուն»,- հայտարարեց Բադրի Պատարկացիշվիլին Գործարարների ֆեդերացիայի ժողովի ժամանակ եւ մեղադրեց իշխանություններին 160 միլիոն լարի (մոտ 90 միլիոն ԱՄՆ դոլար) ծախսելու մեջ, որը խլվել է գործարարներից, փաստորեն, ռեկետի ճանապարհով: Նրա մեղադրանքները շատ համոզիչ էին հնչում:

Պատարկացիշվիլին իր զեկուցում մի քանի անգամ ընդգծեց, որ իր քննադատությունը հիմնավորված է նրանով, որ ինքը ճշմարտությունն ասում է նրանց երեսին, ում բարին է ցանկանում: Սակայն, ով` ով, իսկ Պատարկացիշվիլին մյուսներից ավելի լավ գիտի` ներկա իշխանություններն ինչ ցավագին եւ ոչ ադեկվատ են ընկալում նույնիսկ աննշան անմեղ նկատողությունը: Բադրի Պատարկացիշվիլու ելույթը նկատողություն համարելը շատ միամիտ կլիներ:

Այդ ի՞նչ էր նա նկատել ինն ամիսների ընթացքում, ինչը չէր երեւում: Ինչո՞վ է պայմանավորված մշտապես գերզգույշ միլիարդատիրոջ կողմից արված արմատական քայլը։ Իշխանությունների քաղաքական սրտի տրոփյունները վառ արտահայտվեցին ոչ հստակ ակնարկներով՝ չկայացած «դոն Կարլեոնեի» եւ Վրաստանի երեք թշնամիների՝ Մոսկվայի, գողերի եւ օլիգարխների վերաբերյալ: Իշխանությունների այս հակափաստարկը հնչեցրեց ցասումնալից խուճապի մատնված, իշխող «Ազգային շարժման» գաղափարախոս Գիգա Բոկերիան: «Ինձ թշնամի մի դարձրեք»,- հայտարարեց Պատարկացիշվիլին, եւ, ի պատասխան, մի քանի ժամ անց, իշխանություններից մեղադրանք ստացավ` «ընդդիմության առաջնորդ եւ նրա հնարավոր հովանավոր»: Պատարկացիշվիլուց արդեն սկսել են թշնամի կերտել:

Այնուամենայնիվ, ինչո՞ւ գործարարը համարձակվեց եւ բացահայտ ելույթ ունեցավ Սահակաշվիլու կառավարության դեմ: Ինչո՞ւ միլիարդատերը վա բանկ գնաց:

Ինչպես հայտնի է, Պատարկացիշվիլու եւ նրա ընկեր Բերեզովսկու ճանապարհները բաժանվեցին: Պատարկացիշվիլին ամբողջությամբ վերագնեց Բերեզովսկու մեդիա-ակտիվները եւ ապահովեց դրանց չեզոքությունը՝ կապված Կրեմլի հետ: Դրա փոխարեն նա ստացավ անձեռնմխելիության երաշխիք: Հայտնի է, որ մոտ ժամանակներում մտադիր է միանալ ռուսաստանյան մեծ եւ կարեւոր ծրագրերին:

Ունեցած գաղտնի տեղեկատվության համաձայն, Պատարկացիշվիլին, փաստորեն, իր «Իմեդի» («Հույս») հեռուստաընկերությունը վաճառել է «News Corporation»-ին, որի սեփականատերն է Ռուպերտ Մերդոկը եւ որի ակտիվների 10 տոկոսի սեփականատերն է ինքը՝ վրաց գործարարը: Դրան ավելացնենք, որ Պատարկացիշվիլու մեծ բարեկամ եւ գործընկեր Շիմոն Պերեսն աշխատում է Իսրայելի կառավարությունում: Այսպիսով, կարելի է փաստել, որ շախմատի տախտակի վրա ֆիգուրները դասավորված են Պատարկացիշվիլու համար շատ հարմար դիրքերում: Այդ պատճառով էլ նա դուրս է գալիս ստվերից: Նա ստվերից դուրս է գալիս նաեւ այն պատճառով, որ նախագահ Սահակաշվիլին այժմ չի կարող դիմակայել նրան. միջազգային հանրությունը շատ քննադատաբար է գնահատում վրաց առաջնորդի գործունեությունը, իսկ Պատարկացիշվիլին շատ հաստատուն դիրք ունի Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ Իսրայելում: Աշխարհին, ոչ նվազ, քան վրացիներին, ձանձրացրել է Սահակաշվիլու արտառոցությունն ու ոչ ադեկվատությունը: Այդ պատճառով Բադրին, գնահատելով քաղաքական մթնոլորտը, մեծ բիզնեսից թռիչք է կատարում դեպի մեծ քաղաքականություն:

Բայց… Վրաստանում ոչ ոք պաշտպանված չէ:

Բադրի Պատարկացիշվիլին արդեն հատել է շեմը… Նշանակում է` նրա բիզնեսը, կարողությունը, վարկանիշը եւ նույնիսկ կյանքը վտանգված են: Վրաստանում հաշիվ են մաքրում ամեն ինչի եւ բոլորի հետ: