Հակաիրանյան կոալիցիային միանալու պաշտոնական Բաքվի համաձայնության մասին նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց Վաշինգթոնում, ամերիկյան դիվանագետների հետ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովի հանդիպման ընթացքում: Այդպիսի հաղորդագրությամբ երեկ լույս տեսավ «Այնա» թերթը:
Հիշեցնենք, որ Վաշինգթոնում Արազ Ազիմովը հանդիպել էր Պենտագոնի, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի եւ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչների հետ: Սպասվում է, որ մոտ ժամանակներս Բաքու կայցելեն Պենտագոնի եւ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչներ: «Թուրան» գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հաղորդում է, որ պատվիրակություններից մեկը կգլխավորի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզը: Այդ հանդիպումների ընթացքում եւս մեկ անգամ ճշտված է իրանյան ճգնաժամի շուրջ պաշտոնական Բաքվի դիրքորոշումը:
Քառուղիներում
Հակաիրանյան կոալիցիային մասնակցելու մասին որոշումը Ադրբեջանի համար բոլորովին էլ հեշտ չէ: Այս անգամ հարվածի առարկա է հանդիսանում Կասպիցում եւ Հարավային Կովկասում խոշորագույն քաղաքական դերակատարներից մեկը: Այդ պատճառով տրամաբանական հարց է ծագում. ի՞նչ հակագործողությունների կարող է բախվել Ադրբեջանը՝ հակաիրանյան կոալիցիային միանալու դեպքում: Սկզբունքորեն ճնշման նախնական ձեւի հետ Ադրբեջանն արդեն բախվել է: Դա պաշտոնական Թեհրանի արձագանքն էր՝ աշխարհի ադրբեջանցիների երկրորդ համագումարի ընթացքում հնչած ելույթների վերաբերյալ: Պաշտոնական Թեհրանի նյարդայնության պատճառը բացատրվում է այդ երկրի շուրջ ստեղծված ծայրահեղ ծանր մթնոլորտով` կապված Թեհրանի աստվածապետական վարչակարգը «պատժելու» Վաշինգթոնի ծրագրերի հետ:
Մասնավորապես, ԱՄՆ-ի հակաիրանյան կամպանիայի հնարավոր մեթոդներից մեկը դիտարկվում է ամերիկացիների կողմից Իրանում բնակվող էթնիկ ադրբեջանցիներին որպես ուժային կենտրոն օգտագործելը: Խոսքը գնում է յուրօրինակ «հինգերորդ շարասյան» մասին, եւ այդ իրավիճակում բնական է, որ պաշտոնական Թեհրանն իր առջեւ խնդիր է դրել վնասազերծել այդ երկրի տարածքում բնակվող էթնիկ փոքրամասնություններին ուղղված ցանկացած հաղորդագրություն: Եվ դա միայն նախնական արձագանք է:
Ինչպիսի՞ն կլինի «ողջ հզորությամբ» արձագանքը: Նախքան այս հարցին պատասխանելը, անհրաժեշտ է նշել, որ այսօր Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հիմնական հակառակորդներից մեկը Ռուսաստանն է: Այլ խոսքերով, չի բացառվում, որ Ադրբեջանի դեմ Իրանի պատասխան գործողությունների մեծ մասը համաձայնեցվի Ռուսաստանի հետ:
www.mediadialogue.org