«Ոսկե ուռենուց» կատարված գողությունը բացահայտվել է

07/04/2006 Գագիկ ՇԱՄՇՅԱՆ

Երկու երիտասարդներ, զինված ատրճանակներով, խաբեությամբ ներս էին մտել խանութ, սրահի սենյակներից մեկում պատանդ պահել երեք աշխատակցուհիների, ապա կոտրելով ցուցափեղկերի ապակիները, հափշտակել 55 մլն 740 հազար դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա, ադամանդյա եւ արծաթյա զարդեր։ Նույն օրը Ոստիկանության Կենտրոնի բաժնի քննչական բաժանմունքում քրեական գործ էր հարուցվել։ Ոստիկանությունում խանութ-սրահի աշխատակիցներին առաջարկում են նկարագրել կողոպտիչների արտաքին տվյալները, ինչի արդյունքում ֆոտոռոբոտն արձանագրում է կողոպտիչների մոտավոր դիմագծերը։ Պարզվում է, որ հանցագործությունը կատարել են Վրաստանի քաղաքացիներ Սպարտակ Առաքելյանն ու Արթուր Կարագաշվիլին։ Վերջիններիս նկատմամբ կազմվում է հետախուզական գործ եւ հայտարարվում հետախուզում։ Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում 2005թ. նոյեմբերին Թբիլիսիում հայտնաբերվում է Ա. Կարագաշվիլին, սակայն Վրաստանի Գլխավոր դատախազությունը մերժում է նրան հանձնել ՀՀ իրավապահներին` պատճառաբանելով, որ նա իրենց երկրի քաղաքացին է։ 2006թ. Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի հետախուզվող անձանցով զբաղվող բաժանմունքի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ են ստանում այն մասին, որ մյուս կողոպտիչը` Ս. Առաքելյանը գտնվում է ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում։ ՌԴ մեկնած Ոստիկանության աշխատակիցներից կազմված օպերատիվ հետախուզական քննչական խումբը հայտնաբերում է Ս. Առաքելյանին եւ 2006թ. փետրվարի 29-ին նրան տեղափոխում են Հայաստան, որտեղ էլ կասեցված հարուցված քրեական գործի վարույթը վերսկսվում է։ Արդեն քննչական բաժանմունքում Առաքելյանը խոստովանում է, որ նշված օրը երկու այլ անձանց հետ խաբեությամբ մուտք են գործել խանութ-սրահ, իրենց մոտ եղած խլացուցիչ հրազենով կրակել են օդ, ապա սպառնալիքի տակ 3 աշխատակցուհիներին պատանդ պահել խանութի մեկ այլ սենյակում եւ հափշտակել ցուցափեղկերում եղած զարդերը։ Իսկ հարձակման նախորդող օրերին խանութ-սրահում գործող դրամի փոխանակման կետում փոխանակել է տարադրամը, ընթացքում ուսումնասիրել զարդերը, ինչպես նաեւ խանութի ներքին կառուցվածքը, ելումուտը, ինչն իրենց անհրաժեշտ էր հետագայում խանութ-սրահն անարգել թալանելու համար։ Ցուցափեղկերի ապակիները ջարդելու ժամանակ Առաքելյանը ստացել էր աջ ձեռքի կտրվածք ու դեպքի վայրում թողել արյան հետքեր։ Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ Ս. Առաքելյանի աջ ձեռքին առկա խոշոր սպիները կարող էին առաջանալ հանցագործության կատարման պահին։ Օրերս քրգործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների Առաջին ատյանի դատարան։ Ս. Առաքելյանի հանցակից մյուս երկուսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։