Տաքսու վարորդի աշխատանքը համարվում է բարձր ռիսկայնության աշխատանք ոչ միայն ավտովթարների, այլեւ կողոպտվելու, թալանվելու, ավազակային հարձակման ենթարկվելու հավանականության պատճառով: Շատ դեպքերում տաքսու վարորդը հույսը դնում է բախտի վրա, իսկ երբեմն նրանց նկատմամբ կատարված հանցագործություններն ավարտվում են սպանությամբ:
Տաքսու վարորդների վրա կատարվող ավազակային հարձակումները, կողոպուտները, ավազակությամբ զուգորդված սպանությունները նոր հանցատեսակներ չեն: ՀՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտվածների մի զգալի մասը հենց վերոնշյալ հանցատեսակների համար են դատապարտվել պատժի առավելագույն չափի: Եղել են դեպքեր, երբ տաքսու մի վարորդի կողոպտելով ու թալանելով, իսկ երբեմն` սպանելով, հանցագործն, անպատիժ մնալով, նույն հանցանքը կատարել է երկու եւ ավելի անգամ:
Որոշ տաքսի ծառայություններում տնօրինությունը վարորդին հրահանգում է իր նկատմամբ կատարված ոտնձգությունների մասին իրավապահներին չտեղեկացնել, որ իրենք հարցը լուծեն «տղայական» եղանակով: Ստացվում է, որ իրենց սուտ ու սին «գողականով» օժանդակում են հանցագործներին: Ի դեպ, նման դեպքերում հետաքննչական եւ քննչական մարմինը կարող է պատասխանատվության ենթարկել տնօրինությանը` ՀՀ Քրօր.-ի 334 հոդվածի (հանցագործությունը պարտակելու) եւ 335 հոդվածի (հանցագործության մասին չհայտնելու) հատկանիշներով, որը նախատեսում է պատիժ` 3 տարի ազատազրկում:
Տաքսու վարորդը խոցելի է ի սկզբանե, քանի որ ավտոմեքենան իր բարձր արժեքով մեզանում դեռեւս շքեղություն է համարվում շատերի համար: Այս հանցատեսակին «զինվորագրված» շատ հանցագործներ, վարորդի կյանքի դեմ ոտնձգություն կատարելով, չեն խորշում ավտոմեքենան հափշտակելուց առաջ անգամ քրքրել զոհի գրպանները:
Երեւան քաղաքի Գայի փողոցի 21 շենքի բնակիչ, 1968թ. ծնված Աշոտ Այվազյանը աշխատում էր «Զոլոտոյե Ռունո» տաքսի ծառայությունում որպես վարորդ` լիազորագրով վարելով ԳԱԶ-24 մակնիշի ավտոմեքենա: Փետրվարի 2-ին, 01:30-ի սահմաններում Նոր Նորքի 6-րդ զանգվածում գտնվող ստրիպտիզ սրճարանի մոտից ուղեւոր է վերցնում, իսկ հաջորդ օրը գիշերվա ժամը 03:00-ի սահմաններում, Ոստիկանության Կոտայքի բաժին է ահազանգում Ձորաղբյուրի գյուղապետը եւ հայտնում, որ Ձորաղբյուր-Ջրվեժ գյուղերն իրար կապող ճանապարհի բանուկ մասում կայանված ԳԱԶ-24 մակնիշի ավտոմեքենայի մեջ դիակ կա: Դեպքի վայր մեկնած Կոտայքի մարզի Ոստիկանության եւ Դատախազության աշխատակիցները նշված մեքենայում հայտնաբերում են դանակի բազմաթիվ հարվածներ ստացած, անձը չպարզված տղամարդու դիակ: Պարզվում է, որ սպանվածը Ա. Այվազյանն է: Հարուցվում է քր. գործ` ՀՀ Քրօր.-ի 104 հոդվածի հատկանիշներով: Օպերատիվ քննչական խմբին հաջողվում է պարզել նաեւ ուղեւորի ինքնությունը. ՌԴ քաղաքացի, 1982-ին ծնված Եվգենի Աղաջանյան, վերջինս էլ սպանություն կատարելու կասկածանքով, փետրվարի 6-ին բերման է ենթարկվում Ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ էլ խոստովանում է, որ նշված տաքսու վարորդին պատվիրել է իրեն հասցնել Ձորաղբյուրի ամառանոցներ: Ճանապարհին վեճի է բռնվել վարորդի հետ, ապա` իր մոտ եղած ինքնաշեն դանակով մարմնական ծանր վնասվածքներ է հասցրել զոհին, թողնելով անօգնական: Դիահերձման արդյունքում պարզվել է, որ Ա. Այվազյանը մարմնի տարբեր մասերում ստացել է 30-ից ավելի հարվածներ: Սպանությունը կատարելուց հետո սպանվածի դին թողնելով մեքենայի սրահում` Ե. Աղաջանյանը գնացել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող ընկերոջ տուն, փոխել զոհի արյունով ներկված շորերը ու մեկնել տուն:
Ոստիկանության Նաիրիի բաժին է դիմել «Ալդավան» տաքսի ծառայության վարորդ Գեւորգ Պարսամյանը եւ հայտնել, որ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ անհայտ անձը նստել է իր կողմից հավատարմագրով վարած ԳԱԶ-24 մակնիշի 67 ՕՏ 655 պետհամարանիշի ավտոմեքենան եւ պատվիրել ուղեւորվել Եղվարդ: Հասնելով Եղվարդ` ուղեւորը Աբովյան փողոցում մետաղյա շղթան փաթաթելով վարորդի պարանոցին սեղմել է կոկորդը, որի արդյունքում վերջինս ուշագնաց է եղել: Արդյունքում անհայտ անձն առեւանգել է ավտոմեքենան, իսկ գրպանից հափշտակել 6000 դրամ: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները Զովունի գյուղում հայտնաբերել են հափշտակված ավտոմեքենան եւ կողոպտչին` 1983-ին ծնված Արտյոմ Մելիքյանին, որն էլ բերման է ենթարկվել Ոստիկանության Նաիրիի բաժին:
Հարուցված 2 քրեական գործերով քննությունը վարում է Կոտայքի մարզային դատախազությունը: