– Խնդրում եմ հնարավորինս հանգամանորեն ներկայացրեք եւ Կարեն Մխիթարյանին, Օ’Ջալոյանցին եւ բոլոր այն մյուս կերպարներին, որոնց ձեր մեջ կրում եք… եւ առհասարակ որտեղի՞ց եք եկել եւ ո՞ւր եք շտապում։
– Առաջինի հետ նույնական լինելը հաստատող փաստաթղթեր ունեմ։ Մյուսները, լրիվ կամ մասնակիորեն հորինված են, այդ իսկ պատճառով նրանց ավելի լավ եմ ճանաչում։
Փոքր լրացումով կրկնեմ Պելեւինի1 խոսքերը. «Որտեղից եմ եկել` չեմ հիշում, ուր եմ գնում` չգիտեմ, բայց չեմ շտապում»։
– Առանց ձեզ ո՞վ ինչ կշահեր եւ ո՞վ ինչ կկորցներ։
– Շնորհակալություն պարզ թվաբանական հարցի համար։ Կշահեին նրանք, ովքեր ինձ են պարտք եւ կկորցնեին պարտատերերս։ Աստղերի թիվը երկնակամարում կմնար անփոփոխ։
– Հայաստանի Հանրապետությունում ընկճախտը2 (դեպրեսիան) շարունակո՞ւմ է մնալ թիվ մեկ առողջապահական խնդիր։ Ինչպե՞ս պետք է դիմակայել։
– Վերջերս թռչնագրիպն է փորձում թիվ մեկը դառնալ, բայց հավատացնում եմ ձեզ, չի՛ կարող, ընկճախտի դեմ այն անզոր է՝ եթե նույնիսկ կոալիցիա կազմի քաղցկեղի եւ ՁԻԱՀ-ի հետ։ Այսօրվա դրությամբ դիմակայելու միակ միջոցը հիվանդին փոխելն է, բայց մեր հետազոտությունները շարունակվում են։ Հատկապես մեծ հույսեր ենք կապում «Արմենիկում-3, աղանդերային» հեղուկի հետ, ուղղակի չենք կարողանում ճշգրիտ որոշել դրա նոսրացման անհրաժեշտ չափը եւ ցավալի կորուստներ ենք ունենում։
– Ընկճախտն առհասարակ ուրիշ է՞լ ինչ ոլորտներ է կերել մեզանում (գրականություն, քաղաքականություն, քաղաքաշինություն, ֆիզիկա, սեքս…)։
– Ձեր նշած բոլոր ոլորտներն այսօր ընկճախտի բուն են, եւ դեռ հարց է, թե ով է ում կերել…
– Թռչնագրիպից չե՞ք վախենում։ (Այդպես էլ չիմացանք` հա՞վն է առաջինը եղել, թե՞ ձուն)։
– «Ի՜նչ եք ինձ կոմունիզմով վախեցնում. ես շրջափակում եմ տեսել»… (Ըստ Դարվինի3` սկզբում մի տարօրինակ կենդանի էր, որը դարձավ հավ եւ ձու ածեց)։
– Վերջին անգամ ե՞րբ եք ալկոհոլ օգտագործել, ո՞ւմ հետ, ի՞նչ կենացներ եք հնչեցրել։
– Երեկ առավոտյան իսկապես ինքս ինձ խոստացա, որ վերջին անգամ էր… Օգտագործել եմ Տիեզերքի թիվ 1 բաժակակից Արա Գալոյանի եւ էլի մեկի հետ, որին հիմա ոչ ես եմ հիշում, ոչ` Գալոյանը… Կարծում եմ, որ վերջին կենացները լսողը կկասկածեր, թե ոչ թե մարդկանց, այլ գոնե բանական էակների է ունկնդրում։
– Ինչի՞ց է, որ մեր ժամանակակից երգիծաբաններին կարդալիս՝ մարդու լացը գալիս ա։
– Թյուր համոզվածություն կա, թե ոչ միայն քո հերոսներից, այլեւ ընթերցողից խելացի ես։ Ինքս հաճախ եմ սխալվել, հատկապես քնարս կոտրվելուց առաջ…
– Ե՞րբ եւ ինչպե՞ս պատահեց այդ ցավալի միջադեպը ձեր քնարի հետ։
– Ողբերգություն չէ. ո՛չ Գվարների4 էր, ո՛չ Ստրադիվարի5, հասարակ «Վեդի ալկո» արտադրության քնար էր։ Ընկավ` կոտրվեց։ Իմիջիայլոց, քնարն ու խմիչքը մի հետաքրքիր հատկություն ունեն` հաճախ նրանց բացակայությունը ներկայությունից գերադասելի է։
– Մի քանի խոսք լիմոնի եւ այլ մշակաբույսերի հետ Ձեր ունեցած առնչությունների մասին։
– Դա ամենացավոտ հարցն էր… Տարիներ առաջ իմ լավ ընկեր, լուսահոգի վաստակավոր երկրաբան Արշալույս Դոդոխյանը6 «Մենդելի7 անկորիզ» եւ «Միչուրին8 տուրբոդիզել» լիմոնների խաչաձեւումից ստացավ լեգենդար «Դեղին ընկճախտ» լիմոնի տեսակը եւ միակ օրինակն ինձ կտակելով, խնդրեց տարածել այն գոնե Մերձավոր Արեւելքում։ Այդ օրից ես քուն ու դադար չունեմ։ Չի՛ բազմացվում։ Ջորի բազմացնելը, երեւի, ավելի հեշտ է։ Վերջին փորձս երեք հազարամյա պատմություն ունեցող մի մեթոդ էր։ Չինական օդային անդալիս, գումարած իմ մշակած երեքնուկադանդուռիկային մզվածքով նախնական ակտիվացում… Լա՛վ է գոնե ծառը չչորացավ… Բայց ես չեմ հանձնվում։ Շախմատիստ ընկերներս կհաստատեն, որ չեմ հանձնվում նույնիսկ մատ ստանալուց հետո։ «Դեղին ընկճախտը» կգրավի՛ Մերձավոր Արեւելքը…
– Ե՞րբ եք վերջապես ճիշտ գնահատելու գրական մրցանակաբաշխություններին Ձեր կեղծանվան դերը, հաջորդ անգա՞մ էլ եք նույն ստորագրությամբ մասնակցելու։
– Ասենք թե կեղծանունս փոխեցի, բա մտքե՞րս, բա գաղափա՞րը… Չնայած, կարելի է եւ փոխել։
– Ի վերջո, լինե՞լ, թե՞ չլինել։
– Խնդրում եմ նեղ իմաստով չհասկանալ։ Նայած, թե ում հետ։ Համախոհներ, ընկերներ, մտերիմներ ունենալը պարտադիր է։ Նրանք բազմապատկում են հաջողություններդ եւ բաժանում պարտության բեռը։ Իսկ երբ չկան, դա իրենց պատճառով չէ. չափազանց շատ ես խելոքացել, իսկ դա անտանելի է։
– Ներկայիս լարված պայմաններում, երբ ամեն լուսաբաց Վաթերլոո է գուժում, մեռածները կառչել են ողջերի ոտքերից, ներկերդ չորացած են, բառերդ` անզոր, իսկ քնարդ` վաղուց կոտրված, շուրջբոլորը կանայք խեղդում են երեխաներին, իսկ երեխաները՝ սպանում ծերերին, սոխակը վարդ չի գտնում եւ ստիպված զբաղվում է քարից հաց քամելով, «Դեղին ընկճախտը» չի բազմանում եւ պարզ չէ, թե վաղը ինչ կլինի՝ Ձեր ապագա ծրագրերը…
– Շարունակե՛լ։
շարունակելի
Ծանոթագրություններ`
1. Պելեւին – Ռուս ժամանակակից սրսուռ գրող։
2. Ընկճախտ – մեծագույն արհավիրք (20-րդ դարավերջ եւ 21-րդ դարի սկիզբ):
3. Դարվին – (Չարլզ), դարվինիզմի հիմնադիրը, թաղված է Վեստմինստերյան աբբայությունում, Նյուտոնի կողքին։
4. Գվարների – երաժշտական գործիքների հայտնի վարպետ։
5. Ստրադիվարի – երաժշտական գործիքների ոչ պակաս հայտնի վարպետ։
6. Արշալույս Դոդոխյան- վաստակավոր երկրաբան (երջանկահիշատակ)։
7. Մենդել – (քահանա), գենետիկայի հիմնադիրը։
8. Միչուրին – գենետիկ ուսմունքի հակառակորդներից։