Կրուպպների ընտանիքը

07/04/2006

Ձերբակալությունից մի քանի օր առաջ՝ 1945-ի ապրիլյան մի առավոտ, Ալֆրեդ Կրուպպը մեկնեց Էսսեն, որտեղ գտնվում էր նրա կայսրությունը՝ ածխահանքեր, հանքեր, զենք արտադրող ֆաբրիկաներ ու մետալուրգիական կոմբինատներ: Ալֆրեդը վաղուց չէր եղել այստեղ: 1943-ի մարտի 5-ին Էսսեն քաղաքը փաստորեն հողին էր հավասարվել ռմբակոծության հետեւանքով. գլխավոր թիրախը Կրուպպի գործարաններն էին, որոնք վերմախտի բանակի համար զենք էին արտադրում:

 Ողջ ճամփորդության ընթացքում Ալֆրեդը մի բառ անգամ չարտասանեց: Շուրջը քաոս էր տիրում, ամեն ինչ ավերված էր, գլխավոր օֆիսից միայն առաջին հարկն էր մնացել: Ալֆրեդը միայն մի անգամ վարորդին հրամայեց կանգ առնել. գլխավոր հրապարակում ընկած էր նրա նախապապի՝ Ալֆրեդ ավագի արձանը: Այդ արձանը հաճախ էր հիշում Ալֆրեդը, երբ նստած էր մենախցում ու սպասում էր դատավարությանը: Նա հրաշքով խուսափեց Նյուրնբերգից. նացիստական ոճրագործների առաջին տասնյակում նշված էր նրա հոր՝ Գուստավ Կրուպպի անունը, որը գլխավորել էր ֆիրման մինչեւ 1943թ.: Բայց երբ նրան եկան ձերբակալելու, տեսան մի տկար ծերուկի, որին կաթվածը գամել էր անկողնուն: Գուստավ Կրուպպը՝ Գերմանիայի երբեմնի ամենաազդեցիկ արդյունաբերողը, վերածվել էր անօգնական մի արարածի, որին անհնար էր անգամ դատել: Մեղադրող կողմն առաջարկեց դատել Ալֆրեդին, սակայն Կրուպպի դատապաշտպաններն առարկեցին, թե սա քաղաքական դատավարություն է, ոչ թե ֆուտբոլային խաղ, որտեղ կան պահեստային խաղացողներ: Որքան էլ տարօրինակ է, առարկությունն ընդունվեց: Սակայն նրան ազատ չարձակեցին, այլ 1947-ին դատապարտեցին 12 տարվա ազատազրկման՝ ունեցվածքի բռնագրավումով: Երբ մեղադրանքի վերջում հնչեց «Կրուպպների ընտանիքն այլեւս երբեք չի ունենա նախկին հզորությունը» արտահայտությունը, Ալֆրեդը, ի զարմանս ներկաների, հազիվ նկատելի… ժպտաց…

27 տարի առաջ Գուստավ Կրուպպը մռայլ կանգնած էր Վերսալի Արդարադատության պալատում ու լսում էր մեղադրանքը, որ նրան ներկայացնում էին Առաջին աշխարհամարտում հաղթանակածները՝ երբեք զենք չարտադրել, քանդել բոլոր արհեստանոցները, ոչնչացնել հաստոցները: Գուստավին դատապարտեցին 15 տարվա ազատազրկման եւ բռնագանձեցին 5 մլն ֆունտ ստեռլինգ: Սակայն Գուստավն ազատ արձակվեց 6 ամիս անց: Իսկ 5 տարի անց Կրուպպները դարձյալ Գերմանիայի ամենահարուստ արդյունաբերողներն էին: Դա առաջին դեպքը չէր. Կրուպպներից շատերն էին սնանկացել, դատապարտվել, նրանցից եւ ոչ մեկը սովորական մահով չէր մահացել, բայց ցանկացած իրավիճակից նրանք միշտ ելք գտնում էին:

Յուրաքանչյուր նոր պատերազմ Ալֆրեդին հսկայական եկամուտներ էր բերում, բայց նա գնալով դառնում էր ավելի ու ավելի մռայլ: Բիսմարկը խորհուրդ է տալիս դիմել իր բժշկին. Ալֆրեդը տառապում էր անքնությամբ, նյարդային էր ու ժամանակ առ ժամանակ ընկնում էր խոր դեպրեսիայի մեջ. մահվան վախը (նա արդեն 60 տարեկան էր) թունավորում էր նրա կյանքը: Բժիշկը նրան ուղարկում է հանգստանալու: Այնտեղից Ալֆրեդը վերադառնում է ցնցող նորությամբ. նա ամուսնանո՛ւմ է: Բերտա Էյշհոֆֆը նրանից կրկնակի երիտասարդ էր: Նրանք մի անգամ արդեն հանդիպել էին ինչ-որ երեկոյի ժամանակ, ու աղջիկը լավ տպավորություն էր գործել Ալֆրեդի վրա: «Պարզվում է, որ ես սիրտ ունեմ,- ամուսնությունից քիչ անց գրում է Ալֆրեդը իր սակավաթիվ ընկերներից մեկին: -Իսկ ես կարծում էի, թե դրա փոխարեն մի կտոր երկաթ է»: Սակայն ընտանեկան երջանկությունը երկար չի տեւում: Բերտան ատելությամբ է լցվում Էսսենի նկատմամբ, եւ դա զարմանալի չէր. անվերջանալի անձրեւները, գործարանների ծուխն ու մուրը կարող էին փչացնել ցանկացած մարդու տրամադրությունը: Նա բողոքում էր գլխացավերից ու շուտով սկսում է շրջել առողջարանից առողջարան: Ալֆրեդը վախենում էր տուն գնալ. անհաջողություններն իրար էին հետեւում: Վերջերս ամուսիններն ունեցել էին առաջնեկին, ու Ալֆրեդը երջանկությունից գլուխը կորցրել էր: Բայց շուտով պարզվում է, որ երեխան տառապում է բնածին ռեւմատիզմով ու ասթմայով. Էսսենի ահավոր կլիման արել էր իր գործը: Կրուպպը հուսահատության գիրկն է ընկնում: Նա որոշում է կառուցել հսկայական մի ամրոց, բայց ճակատագիրը կարծես դեմ էր դրան: Սկզբում համարյա պատրաստի շինությունը քշում-տանում է հզոր փոթորիկը, հետո ջրհեղեղը, իսկ հանդիսավոր բացման օրը շենքի ճակատամասին խորը ճաքեր են առաջանում: Սակայն, այնուամենայնիվ, ամրոցը կառուցվեց՝ երկաթից ու քարից հսկայական մռայլ շինություն, պատուհանները չէին բացվում նույնիսկ ամենաանտանելի շոգի ժամանակ: Բերտան այստեղ նույնիսկ մի շաբաթ չապրեց. նա հայտարարեց, որ դա սառը դամբարան է եւ վտանգավոր իր ու իր որդու համար: Ալֆրեդը նրա հիստերիաները լսում էր բացարձակ սառնությամբ, ու մի օր էլ Բերտան հեռացավ տնից: Ալֆրեդը հանգիստ նետեց. «Դու ընդամենը 2 օր ունես խելքի գալու համար»: 2 օր անց նա հրամայեց ֆրաու Բերտային ուղարկել նրա բոլոր իրերը: Նրանք այլեւս երբեք չհանդիպեցին:

Տարիքի հետ Ալֆրեդը դարձավ չափազանց կասկածամիտ, նրան թվում էր, թե բոլորն ուզում են իրեն թալանել: Նա ամեն օր իրարամերժ հրամանների մի կույտ էր ուղարկում իր կառավարիչներին: Նրա անտանելի բնավորությանը դիմանում էր միայն Ֆրիցը՝ միակ որդին ու ժառանգը: Ֆրիցը հոր հակապատկերն էր՝ փոքրամարմին, թմբլիկ, իսկական «մամայի բալա»: Քանի դեռ որդին չէր դարձել 20 տարեկան, հայրը լսել անգամ չէր ուզում այն մասին, որ որդին մի օր կարող է դառնալ ֆիրմայի ղեկավարը: Սակայն որդին իրեն դրսեւորեց լավ կողմերով: Շուտով Կրուպպները դարձան Վիլհելմ կայսեր բանակի զենքի պաշտոնական մատակարարը: Ամեն ինչ հրաշալի էր, բայց 1902թ. գերմանական թերթերում հայտնվեց մի ցնցող հոդված, որ մինչ այդ տպագրվել էր իտալական մամուլում: Հոդվածում ասվում էր, որ կայսերական պալատին մոտ կանգնած հայտնի արդյունաբերողներից մեկը հաճախ է լինում Կապրիում, որտեղ վիլլաներից մեկում կազմակերպվում են օրգիաներ: Եվ այդ օրգիաներին մասնակցում են միմիայն… երիտասարդ տղաներ: Մի 2 օր հետո թերթը նշում է նաեւ արդյունաբերողի անունը՝ Ֆրից Կրուպպ: Մարգարետը, իմանալով նորությունը, անմիջապես ապահարզան է պահանջում: Ֆրիցը փորձում է հերքել լուրերը՝ հայտարարելով, որ պատրաստվում է դատի տալ թերթին: Սակայն մի քանի օր անց նրան գտնում են լոգարանում՝ արյան լճակի մեջ: Պաշտոնապես հայտարարվում է, որ Կրուպպը մահացել է սրտի կաթվածից, սակայն ամեն ինչ խոսում է այն մասին, որ դա ինքնասպանություն էր:

Ալֆրեդ կրտսերն իր որդուն` Արնդտին, ժառանգություն չթողեց: Նա հիմնադրեց Ֆրիդրիխ Կրուպպի անվան բարեգործական հիմնադրամը, որը մինչ օրս էլ զբաղվում է Կրուպպների կայսրության գործերով:

Ըստ Ինտերնետի նյութերի