Հաց

07/04/2006

Հացը դարեր շարունակ համարվել է ամենաարժեքավոր եւ օգտակար սննդամթերքներից մեկը։ Մի շարք հանքային պիտանի նյութերով, սպիտակուցներով ու վիտամիններով հարուստ այս մթերքը բարձրացնում է մարդու աշխատունակությունն ու կենսունակությունը։ Իր կալորիականությամբ չի զիջում ոչ մի սննդամթերքի, այն դյուրամարս է եւ ախորժելի։

Սպիտակ եւ սեւ հացը նույն տեղում չպետք է պահել. այդ դեպքում սպիտակ հացը կորցնում է իր համը։ Հացը պետք է պահել փակ ամանի մեջ (փայտյա արկղիկ, պոլիէթիլենային տոպրակ եւ այլն)։

Հացը երկար է թարմ մնում, երբ հացամանի մեջ դրվում է մեկ հատ խնձոր, կամ մի կտոր մաքրած կարտոֆիլ, կամ` մի քիչ կերակրի աղ։

Թարմ հացը հեշտությամբ կկտրվի, եթե դանակը տաքացնեք ջեռոցի վրա կամ 2-3 րոպե պահեք եռացրած ջրի մեջ։

Որպեսզի հացը չբորբոսնի, հացամանը խորհուրդ է տրվում լվանալ առնվազն շաբաթը մեկ անգամ։ Նախընտրելի է այն լվանալ քացախաջրի մեջ թրջած սպունգով կամ լաթով։ Եթե հացամանի մեջ հաճախ եք տաք հաց դնում, ապա այսպես մաքրելն ուղղակի անհրաժեշտ է։

Չորացած, հին հացը կարելի է թարմացնել մեկ րոպե կաթի կամ ջրի (կամ երկուսի խառնուրդի) մեջ թաթախելով եւ ապա 15 րոպե ջեռոցում տաքացնելով։

Հացն ու թխվածքը չի կարելի նույն ամանում պահել, դրանից թխվածքը միանգամից խոնավանում է։ Միեւնույն ժամանակ, չորացրած թխվածքը կարելի է նորից «կյանքի» բերել` նույն ամանի մեջ տեղավորելով մի քանի կտոր հաց։