«Figaro»-ի հավաստմամբ, Բելառուսում ակնհայտ կեղծիքներով տեղի ունեցած նախագահական ընտրություններից 11 օր անց Մոսկվան` Մինսկի «հուսալի» դաշնակիցը, սպառնում է գազի գինը 5 անգամ բարձրացնել: Պետական մոնոպոլիստ «Գազպրոմը» հայտարարել է, որ Բելառուսը գազի համար պետք է վճարի «համաշխարհային գներով»: «Նշանակո՞ւմ է արդյոք սա Մոսկվայի դիրքորոշման փոփոխություն: Մի՞թե Կրեմլը հրաժարվում է օգնել նոր վերընտրված Ալեքսանդր Լուկաշենկոյին, որին Կոնդոլիզա Ռայսն անցյալ շաբաթ անընդհատ «Եվրոպայի վերջին բռնապետ» էր անվանում: Թե՞ նախագահական ընտրություններին օժանդակելու համար Մոսկվան իր գինն է թելադրում»,- այսպիսի տարբերակներ է առաջարկում ֆրանսիացի հոդվածագիրը: Նա հիշեցնում է, որ Բելառուսը հետսովետական միակ երկիրն է, որ ռուսական գազի դիմաց վճարում է արտոնյալ (1000 խմ-ի դիմաց` 47 դոլար) սակագնով: Հետաքրքիրն այն է, որ Եվրոպայում դեռ ենթադրում են, թե դաշնակից երկրի գազը թանկացնելով` Պուտինը «հրաժարվում» է այդ երկրի ղեկավարից: Թյուր ենթադրություն: