ԼՂ հակամարտության հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումների առնչությամբ հակամարտության գոտի խաղաղապահներ մտցնելու հնարավորության վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Յուրի Մերզլյակովն ասել է. «Այո, դեպքերը հաճախակի են դարձել, սակայն այդ գարնանային սրումը միշտ էլ եղել է, եթե հիշենք նախորդ տարիները: Իմ կարծիքով, առայժմ որակապես նոր իրավիճակ չկա, որպեսզի հարցն այդպես դրվի»: Նա նշել է, որ ամեն դեպքում խաղաղապահ գործողությունը պետք է հաջորդի ինչ-որ համապատասխան համաձայնագրի ստորագրմանը: «Այլապես, դա ոչ թե խաղաղապահ, այլ հաշտության պարտադրմանն ուղղված գործողություն է, ինչն անցկացվում է բացառիկ իրավիճակներում: Ես կարծում եմ, որ սա այդ դեպքը չէ», – նշել է Մերզլյակովը: