Կիրակի օրը Հանրային հեռուստատեսությամբ (Հ1) ներկայացվեց «Եվրատեսիլին» Անդրեի երգի մասնակցության մասին քննարկում-շոու, որին հրավիրված էին երգի հեղինակ, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, գործիքավորող Արա Գեւորգյանը, տեսահոլովակի հեղինակ Հրաչ Քեշիշյանը, «Կենտրոն» հ/ը հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը, «Արմենիա» հ/ը հեռուստալրագրող Գեւորգ Ալթունյանը, երգիչ Հայկոն, երգչուհիներ Շուշան Պետրոսյանը, Վարդուհի Վարդանյանը, Սիրուշոն, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» խմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը, Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ջազ-բենդի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանը եւ այլ հանրաճանաչ կամ չճանաչված դեմքեր:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ երգի եւ տեսահոլովակի հեղինակներին հրավիրել էինք «168 Ժամ»-ի սրահում քննարկման: Նրանք սկզբում համաձայնել էին, սակայն քիչ անց, այն բանից հետո, երբ Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահին տեղյակ էին պահել մեր հրավերի մասին, տարբեր պատճառաբանություններով հրաժարվել էին: Հրավիրվածներից մեկը մեր թղթակցին ասել էր, որ պետք է մասնակցի Հ1-ի կազմակերպելիք քննարկմանը:
Եվ երեկ այդ թամաշայի ականատեսը եղանք շատերս: Ցավում եմ, որ մեր հրապարակման հեղինակը եւ տողերիս հեղինակը հանրապետությունից բացակայելու պատճառով չկարողացանք մասնակցել այդ շոուին:
Շոուն դիտելիս՝ բազմաթիվ հարցեր էին առաջանում: Ամենագլխավորը՝ իսկ ո՞վ է ուզում, որպեսզի Անդրեն պարտվի «Եվրատեսիլում»: Ոչ ոք: Ընդ որում, եթե այդ սրահում ներկա գտնվողներից ցանկացած մեկն էլ (նույնիսկ տեղին ու անտեղի ծափ տվող երիտասարդներից) մասնակցի որեւէ միջազգային մրցույթի, Հայաստանում չի գտնվի մեկը (թերեւս, բացի խանդոտ կոլեգաներից), որ չցանկանա իր հայրենակցի հաջողությունն ու հաղթանակը: Որովհետեւ միջազգային որեւէ մրցույթում (նույնիսկ ալիքային պրոցեսների տեսության եւ տիեզերքի ֆիզիկայի գիտական մրցույթում) հայաստանցի մասնակիցն այդպիսով ներկայացնում է մեզանից յուրաքանչյուրին: Սակայն սա չի նշանակում, որ Հայաստանի ամբողջ ազգաբնակչությունը դա պետք է հավանի կամ սիրի, եւ քննադատություն չպետք է լինի: Կիրակի օրը, փաստորեն, քննադատվում էր այլակարծությունը: Այդ շոուն հիշեցնում էր 70-ականների կեսերը, երբ նույնկերպ Կենտրոնական հեռուստատեսությամբ ամեն օր բանվորներն ու գյուղացիները դատապարտում էին Սոլժենիցինին՝ Նոբելյան մրցանակի արժանացած մի վեպի համար, որն, ընդ որում, ԽՍՀՄ-ում չէր տպագրվել եւ շատ քչերն էին ընթերցել: Եվ այդ երգն ու կատարումը միակ քննադատող հյուրը Արամազդն էր (որի ազգանունն այդպես էլ չնշվեց), որը փորձում էր շատ հանգիստ բացատրել, թե ինչու իրեն դուր չի եկել այդ երգը: Ամենածիծաղելին այն էր, որ բոլորը սկսեցին վրա տալ Արամազդին, թե ինչպե՞ս կարելի է դա չհավանել կամ համարձակություն ունենալ ասել այդ մասին: Հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը փորձեց բացատրել, որ այլ լրատվամիջոցները ոչ թե քարկոծում էին երգը, այլ քննադատում էին, եւ որ դրանք բոլորովին տարբեր բաներ են: Երբ Պետրոսը նշեց, որ լավ կլիներ` հրավիրված լինեին մարդիկ, մասնագետներ, որոնց իսկապես դուր չի եկել երգը, որպեսզի իսկապես քննարկում տեղի ունենար, այլապես ինտերնետային ֆորումի մասնակից Արամազդն իր համեստ հնարավորություններով մենակ է մնացել, բոլորը վրա տվեցին Պետրոսին: «Մայր Հայաստանի» կերպարն իր վրա վերցրած Շուշան Պետրոսյանը եւ ներկաներից շատերն Արամազդին ու Պետրոսին համարյա ազգի դավաճան հանեցին: Իսկ ի՞նչը զայրացրեց Շ. Պետրոսյանին. այն, որ Պետրոսն ասաց, թե իրեն դուր չի գալիս, երբ Շուշանը խաչքարերի, Մասիս սարի կամ լեռների ֆոնին է միշտ երգում: Դա էլ է կարծիք: Ի՞նչ վատ բան կա ասվածի մեջ, բացի բարի կամեցողությունից: Ներկաները Պետրոսին խորհուրդ տվեցին չնայել դրանք, հեռուստաալիքը փոխել, եթե դուր չի գալիս: Հարգարժան արվեստագետներ, մշակույթի գործիչներ, հեռուստալրագրողներ եւ ծափ տվողներ. չպետք է մոռանալ, որ Հանրային հեռուստաընկերությունը, որը «Եվրատեսիլին» նախագիծ է ներկայացնում, ֆինանսավորվում է պետբյուջեից, ինչը գոյանում է ՀՀ բոլոր քաղաքացիների վճարած հարկերից: Եվ դա մասնավոր հեռուստաընկերություն չէ: Հրավիրվածներից մի քանիսը ռեպլիկներ էին նետում մամուլի եւ մյուս հեռուստաընկերությունների հաղորդումների հասցեին, մոռանալով մամուլի եւ հեռուստատեսության դերն իրենց կարիերայում, իրենց կյանքում:
Ներկաների մի մասն, իբրեւ թե, եկել էր սատարելու Անդրեին: Իսկ ի՞նչ է պատահել Անդրեին: Երիտասարդ, շնորհալի երիտասարդ է, որի հաջողություններն առջեւում են, ի տարբերություն շատ-շատերի` ունի մեծ թվով երկրպագուներ: Հանրաճանաչ լինելը հեշտ կյանք չի ենթադրում, աստղ լինելն ունի իր բարդություններն ու դժվարին ուղին: Իսկ քննադատությունները միայն կարող են նրան էլ ավելի ուժեղացնել: Աշխարհում ոչ բոլոր աստղերին են բոլորը սիրում: Եվ բոլորի սերը նրանց պետք էլ չէ: Այդ օրը հեռուստաէկրանի առջեւ նստածներից շատերը, թերեւս, հազար անգամ ավելի շատ են սիրում Անդրեի երգը եւ սպասում նրա հաղթանակին, քան Հ1-ի կիրակնօրյա սրահում գտնվողներից ոմանք, ովքեր միգուցե որպես կոլեգա ավելի շատ են շփվում նրա հետ: Օրինակ, ինչպե՞ս իր խոսքով օգնեց Տիգրան Հեքեքյանն Անդրեին, որն ասաց իբրեւ թե երգը չի լսել, տեսահոլովակը չի տեսել, բայց ամեն ինչ լավ է: Տ.Հեքեքյանի խոսքի մեխն այն էր, որ ինքը չէր գա այդ քննարկմանը, եթե Հանրային հեռուստաընկերությունը հրավիրած չլիներ: (Ծափ, ծափ): Կամ, ինչպե՞ս հավատալ Շուշան Պետրոսյանին, որը դեռ մեկ ամիս առաջ բողոքում էր, թե «Ինչո՞ւ պետք է երկու հոգով նստեն ու որոշեն, թե ով է Հայաստանը ներկայացնելու «Եվրատեսիլին»…»: Դեռ մարտի սկզբին նա վրդովմունք էր հայտնում, որ «Եվրատեսիլի» կազմակերպչական հարցերով Հայաստանում զբաղվում է Հանրայինը, եւ, որ Հանրայինում են որոշում, թե որ երգչին ուղարկեն այդ մրցույթին: Շուշանը, որ կիրակի օրը եթերում իբրեւ թե Անդրեին էր պաշտպանում (հայտնի չէր՝ ումի՞ց եւ ինչո՞ւ) ու առաջարկում աղոթել նրա հաջողության համար, դեռ մեկ ամիս առաջ ասում էր, որ չէր կարելի Անդրեին «Եվրատեսիլ» ուղարկելու որոշումը կայացնել երկու հոգով (այն դեպքում, երբ գեղարվեստական մի ամբողջ խորհուրդ էր որոշել, ոչ թե երկու հոգի): Շուշանը համարում էր, որ, օրինակ, կարելի էր նաեւ իրեն առաջարկել, թեեւ ինքը կհրաժարվեր, քանի որ «առաջին հերթին այդ մրցույթը քաղաքական է, եւ հետագայում ոչ մեկի մասնակցության մասին հիմնականում չեն հիշում»: Ինչպե՞ս հավատալ երգի հեղինակ Արմեն Մարտիրոսյանի այդ օրվա խոսքին, երբ նա հրաժարվեց, թե դժգոհել է երգի գործիքավորումից: Տողերիս հեղինակին է նա անձամբ ասել, որ «սար ու ձոր կա» իր ստեղծագործության եւ այդ գործիքավորմամբ ներկայացված երգի միջեւ…
Չի կարելի ոչինչ պարտադրել եւ քննադատությունը չարությամբ ընդունել: Պետք է զրուցել, հիմնավորել, պաշտպանել-տեր կանգնել սեփական գործին, ոչ թե տարբեր վայրերում՝ կախված պայմաններից՝ տարբեր բաներ ասել: Միգուցե իսկապես մարդկանց մեջ երգի նման ընկալման պատճառը մեղեդու եւ անգլերեն լեզվի համադրումն է: Կամ գուցե երգի նման ընկալման ամբողջ մեղավորությունը անճաշակ տեսահոլովակն էր, որը սիրո մասին պատմող երգի հետ ոչ մի կերպ չէր կապվում: Չէ՞ որ հանդիսատեսի եւ երգի հանդիպումը սկսվեց տեսահոլովակից:
Հասկանում ենք, որ արվեստագետի հոգին նուրբ է եւ զգայուն: Հավելենք՝ ոչ միայն արվեստագետի, այլեւ ատաղձագործի, տաքսու վարորդի, գիտնականի, սպորտսմենի, խոհարարի, քարտաշի, սովորական բանվորի եւ այլոց: Ոչ ոք չի ցանկանում վիրավորել, պարզապես կան մարդիկ, ովքեր այլ կարծիք ունեն այդ երգի մասին: Ի՞նչ է պատահել: Ինչո՞ւ հանկարծ այլակարծիք մամուլը դարձավ աչքի փուշ: Մամուլն է, որ մինչ օրս պատմության համար գոնե արձանագրել է այդ արվեստագետների գործունեության դրվագներն ու գաղափարները, նախագծերը: Երբ նույնիսկ մշակույթի բազմաթիվ մեր նախարարները, պետությունը նրանց նկատմամբ սխալ ու անարդար են վարվել՝ մամուլն է նրանց խոսքը հնչեցրել: Չպետք է մոռանալ, որ պարզ հանդիսատեսն ունի հիշողություն, ունի ճաշակ, ընկալում, միտք, որը կարող է շատ հաճախ չհամընկնել մյուսի ճաշակի, կարծիքի հետ: Թե չէ՝ հարցն անտեղի քաղաքականացվում է, հայ-ադրբեջանական հարաբերություններ են քննարկվում, ղարաբաղցի-երեւանցի, կեղծ հայրենասիրական ճառեր… որտեղից՝ որտեղ՝ հիշում են Զեյնաբ Խանլարովային, որի անունը նոր սերնդին, բարեբախտաբար, ոչինչ չի ասում… ազգի դավաճաններ ու ոչ դավաճաններ են որոշում…թուրքական մշակույթի գոյության հարցն են կասկածի տակ դնում:
Խեղճ Անդրե: Որքանո՞վ նրան ոգեւորեց եւ ուժ հաղորդեց այդ թամաշան՝ հայտնի չէ: Հուսով ենք, որ նա այլակարծությունը սրերով չի ընդունի եւ իր համար այդտեղից հաստատ որեւէ օգտակար բան կգտնի, կիրակնօրյա շոուից էլ դասեր կքաղի: Իսկ «Եվրատեսիլը» հերթական մի մրցույթ է, Հ1-ի բիզնես-նախագիծը, որը երգչի համար նոր փորձառության հնարավորություն է` այլ հանդիսատեսի առջեւ: Ուռճացված խոսքեր թեեւ շատերը չեն ասում, երեսպաշտություն չեն անում, սակայն բոլորն էլ, նույնիսկ նրանք, ում այդ երգը կամ կատարումը դուր չի եկել, կամ, ով անտարբեր է այս չպատճառաբանված աժիոտաժի նկատմամբ, որը ազգամիջյան կոնֆլիկտի երանգներ է ստացել, ուզում են, որպեսզի Անդրեն լավագույնս ներկայացված լինի եւ հաղթի ոչ միայն «Եվրատեսիլում»: