Րաֆֆին նոր շարժում է սկսելու

05/04/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

«Ես ցավում եմ մեզանում իշխող մենթալիտետի համար, որը հայրենիքից ու մեզանից տարավ Արթուր Մկրտչյանին, Մոնթե Մելքոնյանին: Մենք չպետք է թույլ տանք, որ այդ մենթալիտետն այլ զոհեր տանի»,- երեկ հրավիրած ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` չմանրամասնելով, թե ինչո՞ւ հիշեց առեղծվածային հանգամանքներում սպանված ԼՂՀ առաջին նախագահ Ա. Մկրտչյանին ու ազատամարտիկ Մոնթեին: Փոխարենը Ր. Հովհաննիսյանը մանրամասնեց նախորդ տարի ընդդիմության կազմակերպած հանրահավաքներից մեկի ժամանակ իր կողմից «ՀՀ նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյանին» ուղղված 21 հարցերը, որոնց պատասխանը նախագահականից այդպես էլ չստացավ: «Այդ հարցաշարը ոչ թե իմ ստեղծագործությունն էր, այլ հազարավոր քաղաքացիների հոգու եւ գիտակցության պահանջը: Որպես քաղաքացիներ, մեր իրավունքն է իմանալ, թե ընտրված կամ գործող ղեկավարն ի՞նչ հատկանիշների տեր մարդ է»,- ասաց նա` ավելացնելով, որ հարկ եղած դեպքում այդպիսի հարցաշարեր կուղղի այլ քաղաքական գործիչների էլ: Բայց նա երեկ հեգնանքով նկատեց, թե Ռ. Քոչարյանը թաքնվեց «գեղեցիկ տղաների եւ աղջիկների անձնակազմի հետեւում», եւ նրա փոխարեն` այդ անձնավորություններն էին ստիպված եղել իրեն պատասխանել: Այնուհետեւ Ր. Հովհաննիսյանը հայտարարեց հնարավոր նոր շարժման մասին: Նրա գնահատմամբ, ՀՀ-ն այսօր հայտնվել է բավական լուրջ մարտահրավերների առջեւ: Այսպես շարունակվելու դեպքում, ինչպես նկատեց նա, «ՀՀ-ն կհայտնվի այդ տարածաշրջանային հետնամասում, որին արժանի չէ»: Ըստ Ր. Հովհաննիսյանի, չի կարելի «Հայաստանում դրսից արհեստականորեն հեղափոխություն բերել»: Բայց մյուս կողմից էլ` նա անիրատեսական է համարում երկրում փոփոխությունների հասնելը դեմոկրատական երկրներին հարիր էվոլյուցիոն ճանապարհով: «Չի բացառվում, որ այս տարվա ընթացքում ես ներկայացնեմ Հայաստանի ղեկավարման իմ մանրակերտը, որտեղ, օրինակ, ես կարող է եւ չլինեմ, բայց փոխարենը` կան մարդիկ, ովքեր կարող են ճիշտ ուղիով տանել այս երկիրը»,- հայտարարեց Ր. Հովհաննիսյանը: Իրեն այդ ցուցակում չտեսնելն էլ պարոն Հովհաննիսյանը մեկնաբանեց սեփական ամբիցիաներից վեր կանգնելու կարողությամբ. «քանի որ իշխանությունն ինձ համար կյանքի իմաստ չէ»: Նա մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչներին եւս խորհուրդ տվեց վեր կանգնել սեփական ամբիցիաներից: Մանավանդ, որ այդ առումով երեկ Ր. Հովհաննիսյանը մի ուշագրավ նկատառում հայտնեց: Նա ընդդիմությանը խորհուրդ տվեց մի քիչ ինքնաքննադատաբար նայել նախկինում կատարած քայլերին ու ընդունել սեփական սխալները: Իսկ ընդդիմության առաջին սխալներից մեկը եղել են լիդերների ամբիցիաները, երբ նրանցից ոչ մեկը չէր կամենում վեր կանգնել իր անձնական ամբիցիաներից եւ ուզում էր, որ անպայման ինքը դառնա միասնական ղեկավար: «Թեեւ գործն արդար էր, հանրային պահանջով էր, սակայն վրիպակներ ու սխալներ եղան»,- հետադարձ հայացքով գնահատում է պրն Հովհաննիսյանը: Ու եթե ընդդիմությունը շարունակի իր ներկայիս պահվածքը, ապա Ր. Հովհաննիսյանը շատ հավանական է համարում, որ իշխանությունները նորից վերարտադրվեն: Թեեւ, մեծ հաշվով, նա այլեւս չի կարեւորում` ՀՀ-ում առաջիկա քաղաքական զարգացումները տեղի կունենան էվոլյուցիո՞ն, թե՞ հեղափոխական ճանապարհով: Սակայն վերջին 15 տարիների ընթացքում, ինչպես նկատեց նա, ՀՀ քաղաքացիներն իշխանության ձեւավորման գործընթացին երբեք մասնակցություն չեն ունեցել: Իր առջեւ դրված խնդիրների լուծմանը հասնելու համար Ր. Հովհաննիսյանը պատրաստ է համագործակցել ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանամետ ուժերի հետ, քանի որ իշխանության մեջ եւս քիչ չեն «արժանավոր, նվիրյալ քաղաքացիները»: Նա պատրաստվում է «զորաշարժի ենթարկել քաղաքացիներին», որպեսզի նրանք զգան քաղաքացիական նախաձեռնության ուժը: Դրա համար նրա ղեկավարած «Ժառանգությունը» կմեկնի մարզեր՝ «լսելու ժողովրդին»: