Սկսեք Նախագահի նստավայրից

05/04/2006 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Ռոբերտ Քոչարյանի` հակակոռուպցիոն քաղաքականության մշակման հարցերով խորհրդական Բագրատ Եսայանի հայտարարությունը, թե` հակակոռուպցիոն միջոցառումների իրականացումը կարող է արժանանալ «որոշ ուժերի դիմադրությանը, իսկ դիմադրողը հաստատ կոալիցիան չէ», չկարողացավ մեկնաբանել քաղաքական գործիչներից գրեթե ոչ մեկը` պատճառաբանելով, որ չեն հասկանում, թե դրանով ինչ է ուզում ասել պարոն Եսայանը:

Սակայն նախքան Բագրատ Եսայանի մեկնաբանություններին անդրադառնալը, ներկայացնենք, թե պատգամավորներից ու քաղաքական գործիչներից ով ինչպես էր ընկալել այն: Պատգամավորներից մեկը մեզ հետ զրույցում նշեց. «Ո՞վ է բռնել կոալիցիայի, այսինքն` իշխանությունների ձեռքերն ու ոտքերը, որ չեն կարողանում իրար հետեւից ընկնեն ու իրար բռնեն: Նրանք ի՞նչ է` ուզում են ստից բռնոցի խաղան, ու մեղքն ուրիշների վրա՞ են գցում: Զարմանալի է, չէ՞: Ախր, պարզ է, չէ՞, որ կոռուպցիան իրենց մեջ է, ո՞ւմ են ուզում խաբել»: Իսկ «Արդարություն» դաշինքի պատգամավոր Շավարշ Քոչարյանը նշեց, թե ինքը կարող է միայն ենթադրել` ինչ է ասել Բ. Եսայանը. «Ես կարող եմ միայն ենթադրել, որ խոսքը վերաբերում է օլիգարխներին»: Իսկ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Բ. Եսայանին խորհուրդ տվեց դադարեցնել հռետորությունն ու անցնել գործի հենց իր աշխատավայրից: «Ես տեղյակ չեմ, թե պարոն Եսայանն ինչի մասին է խոսում: Բայց ուրախ կլինեմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը հռետորությունից անցնի իրական կիրառման դաշտ եւ կիրառվի հավասար՝ սկսելով պետական կառավարման ամենաբարձր կետից՝ նախագահի նստավայրից, հասնելով ամեն տեղ՝ պետական օղակներ, կուսակցություններ, այլ կազմակերպություններ,- ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը` ավելացնելով,- այստեղ կարեւորն այն է, որ օրենքը կիրառվի հավասարապես ու բոլորի համար անխտիր»:

Ամենաուշագրավը, թերեւս, Արտաշես Գեղամյանի արձագանքն էր, որի համոզմամբ` Ռ. Քոչարյանի խորհրդականը վախենում է կոնկրետ անուններ հրապարակել: «Եթե Բագրատ Եսայանը «ա»-ն ասում է` թող «բ»-ն էլ ասի: Թող համարձակ ասի` ում նկատի ունի, թող չվախենա` «Ազգային Միաբանությունն» իր մեջքին կկանգնի»:

Պարզվեց, որ մինչ մեզ հետ ունեցած զրույցը Բ. Եսայանը նույնպես տարաբնույթ գնահատականներ էր լսել իր հայտարարության առնչությամբ ու զարմացել էր հայ քաղաքական գործիչների ընկալողականության վրա, որոնք չէին կարողացել հասկանալ իր ասածները: Հատուկ նմանների համար նա կրկնեց, որ ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրումը կարող է նպաստել արդյունավետ վերահսկողությանը: «Մինչեւ չլինի եկամուտների աղբյուրի հայտարարագրում, թե ինչպես են ձեռք բերվել տվյալ անձի գույքն ու եկամուտները` հնարավոր չէ արդյունավետ վերահսկողության համակարգ ներդնել,- բացատրում էր Բագրատ Եսայանը։ -Այո, ցանկացած անձ, անկախ իր զբաղեցրած պետական պաշտոնական դիրքից, որը քիչ թե շատ բարձրարժեք գույք է ձեռք բերում կամ որոշակի մակարդակից ավելի եկամուտներ ունի, պարտավոր է հայտարարագրել այդ ամենը:

Մինչ այսօր գործող եւ այդ դաշտն իբրեւ փակող «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի եկամուտների հայտարարագրման մասին» օրենքը վերաբերում է միայն մի քանի հազար պաշտոնյաներին, եւ միայն նրանք են պարտավոր հայտարարագրել իրենց գույքն ու եկամուտները: Եվ պատահական չէ այն հարցը, թե ինչպե՞ս է, որ որոշ փոխնախարարներ ունեն ընդամենը մեկ սենյականոց բնակարան կամ խորհրդային արտադրության ընդամենը մեկ «Զապորոժեց» կամ «Ուազիկ» ավտոմեքենա: Ես հենց դա եմ ասել,- ասում է Բ. Եսայանը։ -Այսինքն` քանի դեռ այդ բարձրաստիճան պաշտոնյաների նաեւ ոչ պաշտոնատար ազգականները չեն հայտարարագրել իրենց գույքը եւ եկամուտները, մենք որեւէ արդյունք չենք կարող ակնկալել, որովհետեւ այս դեպքում շղթան փակված չէ»:

Իսկ այն դժգոհությունների վերաբերյալ, թե` թող Բ. Եսայանը հայտարարի` ովքեր են խոչընդոտում կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումների իրականացմանը, Ռոբերտ Քոչարյանի` հակակոռուպցիոն քաղաքականության մշակման հարցերով խորհրդականը հակադարձեց. «Էլ ո՞նց ասեմ»: Նա հիշեցրեց, որ կոնկրետ վկայակոչել է ԱԺ «Ժողպատգամավոր» խմբին: Մեր դիտարկմանը, թե խմբի ղեկավար Կարապետյանը հայտարարել էր, թե իրենք ոչ թե դեմ են հասարակության բոլոր շերտերի եկամուտների հայտարարագրման մեխանիզմին, այլ գտնում են, որ այդ գործընթացը պետք է լինի աստիճանաբար, «եթե ցանկանում ենք ստեղծել ոչ կոռումպացված հասարակություն», Բ. Եսայանը պատասխանեց. «Ես այդքան էլ համաձայն չեմ նրանց մեկնաբանությանը, որովհետեւ ես վստահ եմ, որ հասարակությունը պատրաստ է դրան, եւ որ դրան պատրաստ չեն այն մարդիկ, ովքեր դեռեւս այս կամ այն ձեւով փորձելու են թաքցնել իրենց գույքն ու եկամուտները: Բայց նույնիսկ այդ շատ թույլ ու չպատճառաբանված փաստարկն անելու համար Հարկային պետական ծառայությունը եւ գործադիր իշխանությունը վերանայել են օրենքը, եւ վերջին օրինագծում, որը ներկայացվել է ԱԺ, մտցվել է աստիճանական ներդրման համակարգը,- ասաց Բ. Եսայանը։ -Այսինքն` 2007թ. իրենց գույքն ու եկամուտները պարտավոր կլինեն հայտարարագրել 6 միլիոն դրամից ավելի եկամուտ ունեցողները, եւ հաջորդ 5 տարիների ընթացքում այդ շեմն իջնելու է մինչեւ 1 միլիոն դրամ»: Իսկ թույլ չէ՞ արդյոք իրենց մատնանշած փաստարկը, որ կոալիցիայի այդ հակակոռուպցիոն օրինագիծը ձախողվեց զուտ այն պատճառով, որ դրան դեմ էր ԱԺ 16 անդամ ունեցող խումբը, այն դեպքում, երբ կոալիցիան ԱԺ-ում ներկայացված է 70 անդամով, Բ. Եսայանը պատասխանեց. «2003 թվականից խոսում են, որ եթե կոալիցիա է` ո՞նց է, որ ԱԺ-ն օրենք է ներկայացնում ու չի անցնում: Մեխանիզմները տարբեր են, բայց դուք գիտեք, չէ՞, թե դա ինչպես է արվում: ԱԺ-ում լիքը գործարարներ կան, որոնք կա՛մ չեն քվեարկում, կա՛մ չեն գալիս այդ օրը խորհրդարան»: