Հերթական իմիտացիա՞ն է

05/04/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Նրանցից մեկը ենթադրում է գործող ԸՕ 100 հոդվածների փոփոխություն, իսկ մյուսը, որի հեղինակն «Արդարություն» խմբակցության անդամ Շավարշ Քոչարյանն է, ամբողջությամբ նոր օրինագիծ է: Հարկ է նշել, որ առաջին նախագիծը ստորագրվել է նաեւ ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից: Ընդ որում, ընդդիմադիրներն առաջարկվող փոփոխություններին իրենց համաձայնությունը տվել են «որոշ վերապահումներով»: «Այդ վերապահումը որեւէ տեղ գրավոր արձանագրված չէ: Եթե ստորագրել ես, ի՞նչ վերապահում: Իրականում այդ վերապահում ասվածն ինչ-որ անհասկանալի բան է»,- երեկ «Փաստարկ» ակումբում իր ընդդիմադիր գործընկերների վերապահումների մասին այսպես արտահայտվեց Շ. Քոչարյանը: Վերջինիս պնդմամբ` ընդդիմադիրների հավանությանն արժանացած նախագիծն իրականում բազմաթիվ հարցերում հետընթաց է գործող ԸՕ համեմատ: Նա երեկ քննադատեց եւ՛ իշխանություններին, եւ՛ ընդդիմությանը: Շ. Քոչարյանի խոսքերով` թեեւ Հայաստանում անընդհատ տեղի են ունենում ԸՕ բարեփոխումներ, սակայն կեղծարարների համար օրենսդրական խոչընդոտներ ստեղծելու հետ կապված հիմնարար հարցերը շրջանցվում են եւ այդպես էլ որեւէ փոփոխության չեն ենթարկվում: «Ներկայացված նախագիծը հերթական իմիտացիան է, որն ուղղված չէ հարցերը լուծելուն»,- պնդում էր պատգամավորը: Նա նկատեց, որ շարունակ ասվում է, թե արդար ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է իշխանությունների համապատասխան քաղաքական կամքը, եւ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների ներկայացված նախագիծն էլ, ըստ նրա, ցույց է տալիս, թե ինչպիսին է ապագա ընտրություններն արդար անցկացնելու իշխանությունների քաղաքական կամքը: «Եթե շրջանցվում են հիմնարար հարցերը եւ պահպանվում են կեղծիքներ կատարելու մեխանիզմները, ուրեմն` կարող ենք այսօր արձանագրել, որ իշխանությունը, համենայնդեպս` այսօր, չունի քաղաքական կամք` արդար ընտրություններ անցկացնելու համար»,- պնդում է Շ. Քոչարյանը` ավելացնելով, որ եթե անընդհատ մեր հույսը դնենք միայն իշխանության քաղաքական կամքի վրա, ապա պետք է «ձեռքներս ծալած նստենք, մինչեւ իշխանությունն այդ կամքն ունենա»: Իրականում, ըստ պատգամավորի, կա նաեւ մեկ այլ հանգամանք, որի մասին քիչ է խոսվում: Ըստ նրա` արդար ընտրություններ անցկացնելու համար, առավելեւս` իշխանության քաղաքական կամքի բացակայության պայմաններում, շատ կարեւոր է ընդդիմության քաղաքական կամքը` ընտրությունները վերահսկելու եւ ձայներին տեր կանգնելու առումով: «ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր 2 խմբակցությունները, որոնք ստորագրել են այդ նախագիծը, ստորագրելով, ըստ էության, արձանագրեցին, որ ԱԺ-ում ներկայացված ընդդիմությունը (ԱԺԿ-ին, բնական է, առանձնացնում եմ) այսօր իրականում չունի այդ քաղաքական կամքը` իրականում վերահսկելու ընտրական գործընթացները»,- եզրակացնում է Շ. Քոչարյանը: Վերջինիս պնդմամբ` ընդդիմության այդ հատվածը դեռ ուշքի չի եկել հանրաքվեի ժամանակ «իր անհաջող կեցվածքից»: Նրա համոզմամբ` ակնհայտ էր, որ հանրաքվեի դրված նախագիծը, բոլոր թերություններով հանդերձ, նախորդի նկատմամբ դրական քայլ էր: «Այդ հարցում եղավ կոշտ դիրքորոշում, սակայն այստեղ, որտեղ ընդամենն իմիտացիա է… ոնց որ մի ծայրահեղությունից մյուսը գնացին: Թվում է, թե դասեր քաղեցին, որ կան հարցեր, որտեղ պետք է նաեւ ավելի խորքային մոտենալ, բայց մտան մյուս ծայրահեղության մեջ»,- կարծում է Շ. Քոչարյանը: Նա անուղղակի ձեւով ակնարկեց նաեւ ընդդիմության անգործության մասին, ասելով, թե որպեսզի կարողանաս արդյունավետ, համարժեք արձագանքել, պետք է աշխատես: «Արդարություն» խմբակցության պատգամավորը երեկ նաեւ ակնարկեց, որ «Արդարությունը» ստորագրել է 100 հոդվածի փոփոխություն ենթադրող ԸՕ նախագծի տակ, որովհետեւ չի հասկացել, թե ինչ է անում: «Թող մեծամիտ չթվա, բայց այն, ինչ կապված էր ԸՕ գնահատականների հետ, ըստ էության, մեր կուսակցության վրա էր: Հիմա քանի որ մենք եւ «Արդարությունը» չենք գտնվում այդ աշխատանքային պրոցեսի մեջ, ապա երեւի գնահատող չկա, որ հասկանան, որ այն ստորագրելով իրենք իրենց ապագայի համար ինչ վտանգավոր քայլ են անում»,- նշեց Քոչարյանը: Նրա տեղեկացմամբ` ընդդիմության կողմից ստորագրված նախագիծն ուղարկվել է Վենետիկ` փորձաքննության, սակայն դատելով պատգամավորի խոսքերից, նախագիծը վատ գնահատականի չի արժանանա: «Այսօր ներկայացվում է, որ ԱԺ բոլոր քաղաքական ուժերը միակարծիք են: Ինչո՞ւ պետք է Վենետիկի հանձնաժողովը սկսի պայքարել: Այսինքն` ինքը պայքարում է բոլորի դեմ` ինքը հենարան չունի»,- նշեց Քոչարյանը: