Ինչո՞ւ է ակադեմիկոսը մենակ

05/04/2006 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Ինչպես հայտնի է` ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրեն, ակադեմիկոս Հանրի Ներսիսյանի մի շարք մեղադրանքների հիման վրա՝ ուղղված ԳԱԱ ներկայիս ղեկավարությանը, ապրիլի 15-ին ստեղծվել էր հատուկ հանձնաժողով՝ այդ մեղադրանքներն ուսումնասիրելու եւ ստուգելու համար:

Հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված է եղել նաեւ Հանրի Ներսիսյանը, իր ուսումնասիրություններն ավարտել է, եւ բացառությամբ Հ. Ներսիսյանի՝ հանձնաժողովի մյուս բոլոր անդամներն անհիմն են համարել առաջ քաշված մեղադրանքները: Նշենք, որ Հ. Ներսիսյանի 13 կետից բաղկացած մեղադրականը վերաբերել է ԳԱԱ կանոնադրական խախտումներին, ֆինանսական բնույթի չարաշահումներին, 2004-2006թթ. «Գերակա ուղղությունների» ֆինանսական հիմնավորվածությանը, Ակադեմիայի որոշ հիմնարկների անհամապատասխանությանն այդ ոլորտին եւ դրանց ֆինանսավորման հարցերին: Երեկ ակադեմիկոս Հ. Ներսիսյանը հրավիրած ասուլիսում բողոքում էր հանձնաժողովի աշխատանքներից, մեղադրում, որ ուսումնասիրությունների ժամանակ մերժվել են իր պահանջած բազմաթիվ փաստաթղթեր, հատ-հատ նշում էր դրանք, եւ իր առաջադրած մեղադրանքների մի մասը հաստատող մի քանի տասնյակ էջանոց փաստաթղթերի պատճեններ բաժանեց լրագրողներին: Նրա կարծիքով` հանձնաժողովը նաեւ սխալ է թույլ տվել՝ որոշելով, որ իր առաջադրած մեղադրանքներն անհիմն են. «Բանն այն է, որ ընդունված կարգի համաձայն, այդ հանձնաժողովը իր կատարած աշխատանքների մասին պետք է զեկուցեր նախագահությանը, իսկ նախագահությունը պետք է կողմնորոշվեր եւ որոշում կայացներ, հանձնաժողովն ինքը ոչինչ չի որոշում, ինքը միայն հիմնավորում եւ առաջարկում է»: Ըստ Հ. Ներսիսյանի` հանձնաժողովի հաշվետվությունից անմիջապես հետո պետք է հրավիրվեր նախագահության նիստ. «Հանձնաժողովի աշխատանքներն ավարտվել են երկու շաբաթ առաջ, սակայն նախագահության նիստ այդ հարցերի քննարկման համար չի հրավիրվել, եւ հանկարծ պարզվում է, որ ամսի 5-ին նախատեսվում է նախագահության նիստ, որը վերաբերելու է ոչ թե այդ խնդիրների քննարկմանը, այլ Ֆադեյ Սարգսյանի հրաժարականին»: Հ.Ներսիսյանին կարծիքով` նման քայլը միտված է նրան, որ Ֆադեյ Սարգսյանի հրաժարականից հետո նրա գործունեությանը սկզբունքային գնահատական չտրվի. «Այդ նիստին մասնակցելու է վարչապետը, եւ ինձ համար պարզ է՝ ինչ կլինի արդեն. կլինի հրաժարական, կլինեն շնորհակալական խոսքեր, ճառեր, այդ ամենը կտպվի թերթերում, եւ այստեղից ավտոմատ կստացվի, որ այն հանձնաժողովը, որ պետք է հավաքվեր եւ քննարկեր իմ մեղադրանքները, անիմաստ կդառնա, որովհետեւ այդ հանձնաժողովի իմաստը նրանում էր, որպեսզի գնահատական տա Ֆադեյ Սարգսյանի 12-ամյա գործունեությանը»:

Թե որքանով են Հ. Ներսիսյանի ներկայացրած փաստաթղթերն ամբողջական ճշմարտությունն արտահայտում, առայժմ չենք կարող ասել, քանի որ դեռ չունենք հանձնաժողովի հակափաստարկներն ու մեղադրանքները մերժող հիմնավորումները: Նշենք նաեւ, որ Հ. Ներսիսյանը հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում տրված տեղեկանքի տակ չի ստորագրել, որովհետեւ «յուրաքանչյուր կետի վերաբերյալ հատուկ կարծիք ունի», որը պատրաստվում է ներկայացնել նախագահությանը: Թե ինչու իր թվարկած մեղադրանքների մասով ակադեմիկոսը դատախազությանը չի դիմում, պարզվում է, պատճառը Ֆադեյ Սարգսյանի կապերն են. «Ես չեմ կարող ենթադրել, թե դրանք մինչեւ ուր են հասնում, իր կապերն Անդրանիկ Մարգարյանի հետ են, որը նրան հարց չի տալիս, թե` Ֆադեյ Տաճատիչ, ամեն տարի որ այսքան փողեր եք ուզում, դրանք ո՞ւր են գնում»: Իսկ թե ինչո՞ւ է ակադեմիկոսը մենակ այս պայքարում, ինչո՞ւ նրա առաջադրած մեղադրանքներին ակադեմիկոսները տեր չեն կանգնում, պատասխանեց. «Ես ընդգծված մենակ եմ գործել մինչեւ այսօր, եւ ես ոչ մեկին չեմ խնդրել, որ ինձ միանան, չնայած շատ մարդկանց հետ մոտ եմ, շատերն են կիսում իմ կարծիքը՝ դա իրենց գործն է, ես նրանց չեմ մեղադրում, որովհետեւ մինչեւ 2004թ. վերջը ես էլ էի իրենց նման՝ լռում էի, պատերի տակ խոսում էինք ու լռում»: