«Ինքը քաշով մեկ կրիմինալի մեջ է»

05/04/2006

Վերջին օրերին «ԱՄ» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը հայտարարություն է անում այն մասին, որ «Հայկական ավիաուղիների», «Միկա Լիմիտեդի» եւ «Զվարթնոց» օդանավակայանի միջեւ մի քանի տարի առաջ կնքված ինչ-որ գործարքների պատճառով պետությունը կրել է միլիոնավոր դոլարների վնաս, իսկ «Միկա Լիմիտեդը» պետությանը պարտք է 3 մլն դոլար: Հիշեցնենք, որ Ա. Կարապետյանը մամուլում նշել էր, որ ինքը պատրաստ է տարբեր ատյաններում այս հարցի առնչությամբ հանդես գալ փաստերով: «Միկա Լիմիտեդի» նախագահ Միխայիլ Բաղդասարովն ասում է, որ Ա. Կարապետյանը շփոթել է, թե ով է ում պարտք: Գործարարի խոսքերով, պետությունն է իրեն պարտք 1 մլն 100 հազար դոլար, ինչի դիմաց իրեն տվել են այդքան չարժեցող հողատարածք (խոսքը Դալմայի այգիների տարածքի մասին է): «Ես հասկանում եմ, որ քվեներ հավաքելու համար պետք է խոսել: Բայց նորմեր գոյություն ունեն, որոնց համաձայն կարելի է ասել միայն ճշմարտությունը կամ գրեթե ճշմարտությունը: Մեր դիրքորոշումը հետեւյալն է, թողնել՝ որքան հնարավոր է, շատ խոսի: Այնուհետեւ նրան կտանենք դատարան, ինչից հետո նա կդադարի խոսել այն թեմաների շուրջ, որոնցից տեղյակ չէ»,- այսպես է Բաղդասարովը պատասխանում Կարապետյանին: Վերջինս մեզ հետ զրույցում իր հերթին արձագանքեց օլիգարխի սպառնալիքին. «Ինչպես Ցիցերոնն է ասել, հանցագործության մեծագույն խրախուսանքն անպատժելիությունն է: Ինքը քաշով մեկ կրիմինալի մեջ է: Իշխանափոխությունից հետո ե՛ս եմ իրեն դատի տալու»,- ասաց նա: