Էվելինա Գեւորգյանը կարտ է բացում: Բախտ բացելը մի զբաղմունք է, որից այլեւս սպասելիք չունի: «Էլ ի՞նչ, իմ բախտը արդեն գցվել ա, ես պիտի մեծ երգչուհի դառնայի, բայց 58 հոդվածը թիկունքիս կպած էր, ո՞վ կթողներ, որ ես առաջ գնայի»,- ասում է նա: 58 հոդվածը ՌՍՖՍՀ օրենսգրքով հակասովետական ագիտացիան եւ պրոպագանդան էր (հայկականով՝ 67-ն էր), որով նա 1942 թ. դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման:
86-ամյա Էվելինա Գեւորգյանն ապրում է Երգչախմբային ընկերության շենքի պահակի 3,5 քմ-անոց սենյակում: Նրա աշխատանքն ու կյանքը մի սենյակի մեջ են, որն ավելի փոքր է, քան ԿԳԲ-ի նրա խուցը: Բայց ոչինչ, նա շատերի պես Խորհրդային Միությունը քաղցրությամբ չի հիշում: «Ես շատ ուրախացա, որ Սովետը փլվեց: Ճիշտ ա, հիմա սենց փոքր տեղ եմ ապրում, բայց ոչինչ, թող սենց լինի, մենակ Սովետը չվերադառնա»: Հայրը՝ Երվանդ Գեւորգովը, վաճառական ու գյուղատնտես էր, Երեւանի ընտրախավից: Կիրովի այգու տեղում նրա խանութներն էին, իսկ տունը՝ Երեւանի նորահարուստների ու միջին խավի սիրած ժամանցի վայր «Պապլավոկի» տեղում: 1924-ին նրան առանց դատաստանի գնդակահարում է մի չեկիստ: Հետագայում, երբ Էվելինան բանտում էր, քննիչը նրա փեսացուին, որ եկել էր իմանալու, թե ինչու են ձերբակալել աղջկան, ասում է. «Դուք գիտե՞ք, թե նա ում աղջիկն է»:
Էվելինայի դատավճռում գրված է՝ «սոցիալական վիճակը՝ նախկին կուլակաթափ եղածներից»: Սովետի առաջին տարիներին, մինչեւ երեսնականների վերջը, ինչ-որ սեփականություն ունեցողները համարվում էին կուլակ: Նրանց կուլակաթափ էին անում, աքսորում եւ ունեցվածքը բռնագրավում: Էվելինայի սոցիալական ծագումն արդեն հանցանք էր համարվում: 1942 թ. մարտի 8-ին` Կանանց միջազգային օրը, երաժշտական ուսումնարանի երկրորդ կուրսի ուսանողուհի 22-ամյա Էվելինային ձերբակալում են: Դատարանում նա առաջին անգամ է տեսնում այն մարդկանց, որոնց հետ հակասովետական խումբ ստեղծելու մեջ էր մեղադրվում: Իր ազատազրկումը նա պետք է կրեր Ուրալում, անտառահատության տաժանակիր աշխատանքով: Սակայն պատերազմը, որ շատերի համար դժբախտություն էր, Էվելինայի համար փրկություն է դառնում: «Մեզ պիտի տանեին Սուխովո Բեզվոդնի, Գորկի քաղաքի մոտ: Եթե տանեին, այնտեղից ես չէի վերադառնա: Մեր բախտը բերեց, գերմանացիները ռմբակոծում էին այդ կողմերը, ու օրական 12 ժամ ծառ կտրելուց ազատվեցինք»:
Նրանց տանում են Բաքու, այնտեղից շոգենավով՝ Կրասնովոդսկ: Գերեզմանոցում էին իջացրել, ամեն մեկս մի քարի վրա պառկեցինք, որ քնենք: «Գիշերը կանվոյ եկավ, ու հինգ-հինգ շարեցին»,- հիշում է Էվելինան:
«Պիտի տանեին բաշխման կետ, ասեցին՝ ով չկարողանա քայլել, տեղում կգնդակահարենք: Մի հայ աղջիկ կար` Ասյան, հազիվ էր քայլում, թոքերի բորբոքում ուներ: Հայ գողեր կային՝ Պավլիկն ու Մուկուչը, ասին՝ մենք ձեր վեշերը կտանենք, դու օգնի Ասյային: Պիտի չթողնենք, որ հայ աղջիկ սպանեն: Ես նրան օգնում էի, չէի թողնում ընկնի: Հասանք բաշխման կետ, Ասյան մահացավ: Մեռնելուց առաջ խնդրեց՝ նամակ գրեմ քրոջը Լենինական, որ ինքն այլեւս չկա: Նա երկրորդ ժամկետն էր նստում, հինգ տարի եղել էր ճամբարում: Ազատվելուց հետո Կիրովականում տուն էր վարձել: Հարեւանը մատերիալ էր գրել վրան, թե ամեն անգամ, երբ գերմանացիները քաղաք են գրավում, Ասյան ուրախությունից դաշնամուր է նվագում»:
Գնացքով տանում են Տաշքենդ, ամեն վագոնում՝ 120 կալանավոր: Խոլերայի համաճարակը հնձում է կալանավորներին: «Անընդհատ մարդիկ էին մեռնում: Մեկ էլ գնացքը կանգնում էր անապատի մեջ. գալիս՝ մեռածների ոտուձեռից բռնում, դուրս էին շպրտում, ի՞նչ թաղել, ժամանակ չկար թաղելու: Կողքս մի գերմանուհի կար, խոլերայից մեռավ: Կես օր կողքս մեռած մնացել էր, մինչեւ էկան դուրս գցեցին: Ո՞նց էր՝ չվարակվեցի: Ինչո՞վ էին կերակրում. ցերեկը ձուկ էին տալիս, ահավոր ծարավում էինք, գիշերը՝ ջուր՝ մեջը որդեր: Իսկ նավի վրա, կողքի տարածքում, որ փայտե միջնորմով առանձնացված էր, գերմանացի գերիներ էին, նրանց մենակ ձուկ էին տալիս, առանց ջրի: Խեղճերը ծարավից մեռնում էին: Ես ու մի գերմանուհի նրանց ջուր էինք տալիս։ Մի վրացի կամվոյ մի վրացուհի կալանավորի՝ Տինային, զգուշացրել էր, որ ռուսների սմենին չշփվենք գերմանացիների հետ, կբռնեն՝ հենց ես լինեմ, նոր կարաք ջուր տաք, ասել էր»:
Գնացքում գտնվող մոտ 5000 կալանավորից Տաշքենդ հասնում է 1700-ը: Գաղութում միեւնույն բարաքներում էին եւ գործարաններում միասին էին աշխատում քաղաքականներն ու քրեականները: «Գաղութում չեկիստը հարցնում էր՝ ի՞նչ հոդված է, ասում ես՝ 58, մռայլ նայում էին. իսկ մեկ ուրիշն ասում էր՝ 226 (գողություն), ժպտում էին` մալադչինա, որ քաղաքական չի»: Աշխատում են գործվածքի հաստոցների վրա, Բերիայի հրամանն էր՝ քաղաքականներին ծանր աշխատանք: Գաղութներից մեկում դեղնախտով է հիվանդանում. «Ստանոկի մոտ աշխատում էի, մեկ էլ էնպես ցավ սկսեց, ընկա, նասիլկով տարան: Պարզվեց՝ դեղնախտ եմ, գիտակցությունս կորցնում էի, շատ ծանր էի: Մի բժիշկ կար՝ Աբազով, եղել էր Թուրքմենստանի առողջապահության ժողկոմ (նախարար), 16 տարի նստած էր, անհայտ էր՝ երբ կազատվի: Նրա նմանների համար Բերիայի հրամանը կար՝ «Դո օսոբովո ռասպորյաժենիյա» (մինչեւ հատուկ կարգադրություն). մնա էնքան, մինչեւ սատկես: Աբազովն ասաց՝ դու քաղաքական ես, ես քեզ չեմ թողնի մեռնես: Ինձ հետ դեղնախտով պառկած 7-8 հոգի մեռան: Ինձ չթողեց մեռնեմ: Մեզ քրեականների հետ նույն բարաքն էին լցնում, որ նրանք մեզ ծաղրեն: Բայց կային, որ մեզ լավ էին վերաբերվում: Բարաքում իմ կողքը քնում էր մի գող կին՝ Լենան: Մի ոտքը փայտ էր, սիֆիլիսով հիվանդ էր, գնացքներ էր թալանել: Գալիս էր հիվանդանոց, հարցնում՝ ի՞նչ է քեզ պետք, Լինա: Ասում էի՝ խաշած կարտոլ ու բարձ, հաջորդ օրը բերում էր»: Ճամբարն այնքան սարսափելի չէր, ինչքան կյանքը ազատվելուց հետո: Քաղաքական դատվածները 39 քաղաքներում իրավունք չունեին ապրել: Էվելինային Երեւանից քշում են, որոշ ժամանակ ապրում է մոր հետ Դիլիջանում, հետո մի ազգական նրա համար միջնորդում է բարձրաստիճան պաշտոնյայի մոտ, եւ նրան թույլ են տալիս վերադառնալ: «Ես քիչ քաղաքականներից էի, որ կարողացա Երեւանում մնալ»,- ասում է Էվելինան: Շարունակում է ուսումը, սակայն չորրորդ կուրսում նրան հեռացնում են, իբր կազմալուծիչ է, պատճառը՝ 58 հոդվածը: Այս անգամ քեռու միջնորդությամբ վերականգնվում է ու ավարտում, սակայն էլ կոնսերվատորիա չի ընդունվում: «Կոնցլագերում ավելի լավ էր, մարդկանց գլուխը դինջ էր, հետո էր ահավոր, ոչ մի տեղ մուտք չունեիր, 58 հոդվածը մեջքիդ գրված է»:
1951 թվականին, երբ հազարավոր հայ ընտանիքների աքսորում էին Ալթայի երկրամաս, Էվելինան իր ճամպրուկն է դասավորում, սպասում է՝ երբ են իր հետեւից գալու: Բայց Ալթայը շրջանցում է նրան: Ամուսնանում է իր նման բռնադատվածի հետ, 1955-ին ծնվում է որդին:
1957 թվականին Էվելինա Գեւորգյանին եւ նրա հետ դատապարտված հինգ հոգու արդարացնում են:
10 տարի երգում է Պետական կապելլայում, նաեւ՝ օպերայի երգչախմբում: 1975 թվականից աշխատում է Երգչախմբային ընկերության դահլիճում որպես հսկիչ: 1984 թվականին բնակարանը վաճառում է, որ որդին հնարավորություն ունենա գնալ Հայաստանից: Տարիներ ապրում է վարձով: Սակայն տնտեսական ճգնաժամի տարիներին այլեւս հնարավորություն չուներ վարձ տալու: 1993-ին նրան հատկացնում են Երգչախմբային ընկերության պահակի փոքրիկ սենյակը, որտեղ ապրում է եւ շենքի պահակ աշխատում: Նրա ամբողջ ունեցվածքը լուսանկարներն են ու մի քիչ ամանեղեն, որ տեղավորել է սենյակում: Սենյակն այնքան փոքր է, որ հորիզոնական պառկել հնարավոր չէ, ու Էվելինան, երբ ուզում է հանգստանալ, ոտքի տակ տեղավորում է աթոռն ու մեկնվում նեղ թախտին: Բռնադատվածների մասին օրենքով բնակարանի կարիք ունեցողներին հասնում է հողատարածք եւ արտոնյալ վարկ 25 տարով, մինչեւ 5 միլիոն դրամ (մոտ 11 հազար դոլար)՝ տարեկան մեկ տոկոսով, բնակարան գնելու կամ հողատարածքի վրա տուն կառուցելու համար: Օրենքների փոփոխությունների պատճառով 2003 թվականից՝ Երեւանում, իսկ 2005 թվականի դեկտեմբերից՝ այլեւս ամբողջ հանրապետությունում հողատարածք չի հատկացվում: Բացի այդ, ըստ օրենքի՝ բռնադատվածներին տալիս են 12 հազար դրամ միանվագ փոխհատուցում: 1996 թ. 6 հազար էր: «Այդ փոխհատուցումը ձեւական է, առաջարկել ենք, որ գոնե ամեն տարի տան 12 հազար,- ասում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի վարիչ Անահիտ Գեւորգյանը: -Նաեւ առաջարկել ենք, որ վարկի համար 300 միլիոն տան, բայց չեն անում»: Նախարարությունում վարկ ստանալու համար բռնադատվածների 570 դիմում կա, որոնցից 311-ը հիմնավոր է համարվել: Էվելինան այդ ցուցակում 233-րդն է: 2002 թվականից մինչեւ այժմ վարկ է տրամադրվել 165-ին, անցյալ տարի՝ 42-ին: Տարեկան կառավարությունը հատկացնում է 100 միլիոն դրամ: Էվելինան վարկ կստանա 2010-ին, երբ դառնա 90 տարեկան: «Նրանք ինձ ծաղրո՞ւմ են, ես ի՞նչ կլինեմ 4 տարի հետո»,- ասում է Էվելինան: