Հայտնի ֆիլմի հերոսին հիշո՞ւմ եք՝ գողանում էր միայն «Վոլգա» մակնիշի ավտոմեքենաներ եւ միայն այն մարդկանցից ու այն դեպքում, երբ կասկածում էր նրանց ազնվությանը։ Մերօրյա «Դետոչկիններին» այսպիսի մանրամասները չեն հետաքրքրում։ Տանում են ցանկացած մակնիշի, տանում են այն, ինչ ձեռքներն ընկնում է։ Մեկը գողանում է գումար ունենալու համար, մյուսը՝ ընկերուհուն է ցանկանում տեսակցել… ՀՀ Քրօր-ի 183 հոդվածը քրեական պատասխանատվության է ենթարկում անձին կամ անձանց, եթե նրանց կողմից կատարվել է ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը (փախցնելը), առանց հափշտակելու նպատակի։ Պատժվում է առավելագույնը 2 տարի ազատազրկմամբ։ 2004թ. ՀՀ-ում կատարվել է ավտոմեքենաների փախցնելու 127, 2005թ.՝ 96 դեպք։ Կողոպուտի եղանակով ավտոմեքենաների առեւանգումների աճ է նկատվել։ Եթե 2004թ. կատարվել է ավտոկողոպուտի 114, ապա 2005թ.՝ այն կազմել է 161 դեպք։
2005թ. հունիսի 15-ին Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք հայտարարություն է տվել Երեւանի բնակիչ Եփրեմ Կարապետյանը ու հայտնել, որ նույն օրը ժամը 14.30-ի սահմաններում «Էրեբունի» այգեգործական ընկերության իր ամառանոցից առեւանգել են իր անձնական օգտագործման ՎԱԶ 21-06 մակնիշի 02ՏՏ360 պետհամարանիշի ավտոմեքենան, իսկ խոհանոցում կախված վերնաշապիկի գրպանից գողացել են 7000 դրամ։ Հարուցված քրգործի շրջանակներում հունիսի 27-ին առեւանգված ավտոմեքենայի նկատմամբ հայտարարվում է ավտոհետախուզում եւ այդ մասին տեղեկացվում նաեւ հանրապետության բոլոր ՊԱՏ ծառայությունների հսկիչ անցակետերում իրենց ծառայությունը կատարող պետավտոտեսուչներին։ Հուլիսի 16-ին Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Քրեական հետախուզության բաժնի եւ Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի աշխատակիցները՝ իրացնելով օպերատիվ տվյալները, Արագածոտնի մարզի Ուշի գյուղից ավտոմեքենայով հանդերձ Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք բերման են ենթարկում նախկինում 3 անգամ դատված, 1976-ին ծնված Արայիկ Միրզոյանին։ Ըստ մեր տեղեկությունների, զարմանալին այն է սակայն, որ երբ Ոստիկանության աշխատակիցները առեւանգված ավտոմեքենան տեղափոխելիս են եղել Երեւան, Աշտարակի խճուղու վրա գտնվող ՊԱՏ հսկիչ անցակետում Պետավտոտեսչության աշխատակիցները ստուգելու նպատակով փորձել են կանգնեցնել ավտոմեքենան։ Ավտոառեւանգիչը Ոստիկանությունում խոստովանել է, թե ինչպես է ամեն օր առեւանգված ավտոմեքենայով եկել Երեւան եւ այդ ողջ ընթացքում Աշտարակի ՊԱՏ հսկիչ կետում տեսուչներին տալով 500-1000-ական դրամ գումար՝ հետո հանգիստ երթեւեկել։ Պարզվում է, չնայած հայտարարված ավտոհետախուզմանը, Ա. Միրզոյանը կարողացել է առեւանգված ավտոմեքենայով հանգիստ անցնել ՊԱՏ աշխատակիցների մոտից ու բերման չենթարկվել։ Ի դեպ, մեր տեղեկություններով, Ոստիկանությունը բացահայտել է Ա. Միրզոյանի կողմից կատարված նմանատիպ գողությունների 9 դեպք։ Ինչ վերաբերում է հանրապետության ավտոճանապարհների վրա գտնվող ՊԱՏ հսկիչ կետերին, ասենք, որ բազմիցս ենք ականատես լինում, թե ինչպես Երեւանից դեպի մարզեր երթեւեկող հատկապես երթուղային տաքսիների, բեռնատար ավտոմեքենաների վարորդները ամեն անգամ այնտեղով անցնելիս լուցկու կամ ծխախոտի տուփի մեջ 500-1000-ական դրամ են նետում, որպեսզի ՊԱՏ տեսուչները իրենց չկանգնեցնեն ու ավտոմեքենաները ստուգման չենթարկեն։ Ի դեպ, նման պատկեր կարող ես հանդիպել միայն Երեւան քաղաքից դուրս։ Հիրավի, մեր Ոստիկանության որոշ ՊԱՏ տեսուչներն ամենաաչալուրջն են տարածաշրջանում։
2005թ. հոկտեմբերի 18-ին Ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի բնակիչ, 1975թ. ծնված Գեւորգ Վալերիի Սարուխանյանը, «Դեյվու» մակնիշի 780ԼԼ01 պետհամարանիշի ավտոմեքենայով Հրազդանի Զորավար Անդրանիկ պողոտայով ընթանալիս դուրս է եկել ճանապարհից, մուտք գործել «Ծովինար» ռեստորանի տարածք, հարվածել պատին եւ ընկել բարձրությունից, ինչի հետեւանքով Գ. Սարուխանյանը եւ Ա. Սարուխանյանը տեղում մահացել են, իսկ 1978-ին ծնված Արսեն Վալերիի Մարտիրոսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի քաղաքային հիվանդանոց։ Պարզվել է, որ Գ. Սարուխանյանը աշխատելիս է եղել Երեւանի Չեխովի 15 հասցեում գտնվող ավտոլվացման կետում, իսկ «Դեյվու» ավտոմեքենայի սեփականատերը, որն աշխատում է «Ինեկոբանկում», ավտոմեքենան հանձնել է լվացման, սակայն մեր օրերի «Դետոչկիններն» առեւանգել էին ավտոմեքենան, ինչն էլ հետո ողբերգական ավարտ ունեցավ։