Պատարկացիշվիլին հարձակվում է

05/04/2006 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Վրացական նոր թափ հավաքող ընդդիմության իրական առաջնորդը հայտնի գործարար, Վրաստանի գործարարների միության նախագահ, Վրաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) նախագահ Բադրի Պատարկացիշվիլին է: Նման հայտարարությամբ հանդես եկավ իշխող «Ազգային շարժում» կուսակցության գաղափարախոս, խորհրդարանի իրավական հարցերով կոմիտեի փոխնախագահ Գիգա Բոկերիան: Նախագահամետ պատգամավորներից մեկի հարձակումը պատասխան էր Պատարկացիշվիլու՝ ֆեդերացիայի երկրորդ համագումարում իշխանությունների հասցեին հնչած քննադատությանը:

Ընդհանուր առմամբ Պատարկացիշվիլու ասածները հանրության համար նորություն չէին: Վաղուց է խոսվում ուժային կառույցներին կից ինչ-ինչ հիմնադրամների գոյության մասին, որոնց ֆինանսական մուծումներ կատարելը կամավոր-պարտադիր բնույթ ունի: Ընդդիմությունն էլ ժամանակ առ ժամանակ հիշում է այդ մասին: Բայց մի բան է, երբ դրա մասին խոսում է ընդդիմությունը, որն իշխանություններին երբեմն անհիմն է քննադատում, այլ բան, երբ մերկացնող հայտարարություններ է անում խոշորագույն գործարարներից մեկը, որը, նրա շրջապատի մարդկանց խոսքերով, բացառիկ ինտուիցիա ունի, այդ պատճառով էլ չափազանց զգույշ է արտահայտություններ անելիս:

Պատարկացիշվիլու ելույթը, որ կարող է հետագայում հիշվել Վրաստանի նորագույն պատմության մեջ, հնչել է չորեքշաբթի երեկոյան: Վրաստանի գործարարների միության նախագահ Բադրի Պատարկացիշվիլին` ողջունելով հավաքվածներին, միանգամից հայտարարեց, որ Վրաստանի բոլոր գործարարներն անխտիր բախվում են կառավարական հիմնադրամներին որոշակի գումարներ մուծելու անհրաժեշտության հետ: Օրինակ՝ այդպիսի մի հիմնադրամ գոյություն ունի դատախազությանը կից: Միայն դրան, Բադրի Պատարկացիշվիլու խոսքերով, մուծվել է մոտ 89 մլն դոլար: «Այդ փաստաթղթերի մեջ ես գտա շատ հայտնի ազգանուններ ու տեսա, թե ինչ ձեւով է տեղի ունեցել գումարների հավաքագրումը: Թե ո՞ւր են հետո անհետանում այդ գումարները՝ հայտնի չէ»,- ասաց Պատարկացիշվիլին: ԱՕԿ-ի նախագահի խոսքերով՝ այդ մուծումներն, այնուամենայնիվ, գործարարներին իրենց խնդիրներից չեն ազատում: «Ես անձամբ ինձ վրա ճնշում եմ զգում կառավարական կառույցների կողմից իմ «Իմեդի» հեռուստաընկերության հաղորդումների բովանդակության համար: Ճնշումն ուժեղացավ այն բանից հետո, երբ հեռուստաալիքի եթերից առաջին անգամ հնչեց Վրաստանի բանկերից մեկի աշխատակից Սանդրո Գիրգվիլիանիի սպանության մասին ճշմարիտ տեղեկատվություն»,- հայտնեց Պատարկացիշվիլին:

Երիտասարդի սպանությունը, արդեն երկրորդ ամիսն է՝ գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, այս սպանության մասին արդեն գրել ենք «168 Ժամ»-ի նախորդ համարներում: Վրդովված հանրության ճնշման տակ ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին աշխատանքից ազատել է իր մամուլի քարտուղարին, որ խառն էր այդ պատմության մեջ, սպանության հետ կապ ունեցող էլի մի քանի մարդ գտնվում են նախնական կալանքի տակ, ընդ որում՝ բավականին հարմարավետ պայմաններում, ինչը բանտային պայմաններ գրեթե չի հիշեցնում, եւ դա նույնպես ցուցադրել էր «Իմեդի»-ն: Սպանվածի հարազատները, ընդդիմադիր ուժերը պահանջում են պատժել Գիրգվիլիանիի սպանության պատվիրատուներին, այլ ոչ միայն կատարողներին, պահանջում են նաեւ պաշտոնից հեռացնել Մերաբիշվիլուն, որի ենթականերն արդեն շատ հաճախ են կասկածվում պաշտոնի չարաշահման մեջ:

«Ես ցանկանում եմ ի լուր ամենքի հայտարարել, որ փողի մոլուցքով տառապող մարդ չեմ: Բիզնեսի միջոցով ես իրագործում եմ իմ ստեղծագործական ներուժը: Առանց նման մոտեցման ցանկացած երկիր կմնար Ամերիկայի խոպան տափաստանների կան Հոնկոնգի ճահիճների մակարդակին»,- հայտարարեց Պատարկացիշվիլին՝ միաժամանակ հայտնելով, որ ինքը «Բրիթիշ պետրոլիում»-ից հետո Վրաստանի ամենախոշոր ներդնողն է: Իր ունեցած խնդիրների թվում Պատարկացիշվիլին նշեց Կուլեւիում նավթամուղի շինարարությունը. «Երկրի կառավարությունը, արդեն 9 ամիս է՝ չի կարողանում որոշում կայացնել այնտեղ երկաթուղի կառուցելու մասին, եւ դա` այն դեպքում, երբ շինարարության մեջ արդեն ներդրվել է 150 մլն դոլար»: Նա կոչ արեց իր ելույթը չընդունել իբրեւ մարտահրավեր կառավարությանը, իրենից թշնամու կերպար չստեղծել, այլ քննադատությունը գնահատել իբրեւ իշխանությունների եւ գործարարների միջեւ երկխոսությունը վերսկսելու փորձ՝ ի բարօրություն վրացական պետության: «Ես ուրիշներից պակաս չեմ սիրում իմ երկիրը: Ես խորհուրդ եմ տալիս եւ խնդրում կառավարությանը` վերսկսելու երկխոսությունն իշխանությունների եւ գործարարների միջեւ, քանի որ մենք այն մարդիկ ենք, որ պատրաստ ենք իրական օգնություն ցուցաբերելու կառավարությանն ամեն հարցում, եթե մեր կարծիքն ու խորհուրդները հաշվի առնվեն»,- հայտարարեց Պատարկացիշվիլին:

Չնայած Պատարկացիշվիլու կոչերին՝ կառուցողական երկխոսություն սկսելու, իշխանություններն այդ ելույթից կատաղեցին: Նրան կպցնելով ընդդիմության առաջնորդի պիտակ, հիշելով, որ նա Ռուսաստանի խնդրանքով գտնվում է հետախուզման մեջ Ինտերպոլի կողմից, Բոկերիան հայտարարեց, որ գործարարի քննադատությունը պայմանավորված է այն բանով, որ նա արտոնություններ չի ստացել իր մրցակիցների հանդեպ, չի դարձել դոն Կարլեոնե վրացական գործարար աշխարհում: «Պարզվում է՝ Պատարկացիշվիլին չի մոռանում իր անցյալը, հիշում է Ռուսաստանը, որտեղ ինքն ու իր ընկերները վերահսկում էին ողջ կառավարությունն ու բիզնեսը: Բայց այսօրվա Վրաստանը ելցինյան Ռուսաստանը չէ, ոչ էլ պուտինյանը, որտեղ հետապնդում են քաղաքական հակառակորդներին, փակում են հեռուստաալիքներ: Պատարկացիշվիլին կարող է մասնակցել քաղաքականության մեջ, բայց չի կարող շանտաժի ենթարկել իշխանություններին իր հեռուստաալիքով կամ իր ազդեցությամբ»,- հայտարարեց Բոկերիան՝ միաժամանակ հակառակորդներին քաղաքական պարտություն խոստանալով:

Սակայն պայքարը նոր է սկսվում, եւ դժվար է ասել՝ ով կհաղթի. իշխանությունները չեն խոստովանում ու չեն էլ ուզում տեսնել, որ կարճ ժամանակում հաջողացրել են իրենց դեմ տրամադրել հասարակության մի մեծ մասին, որ ոչ գողեր են, ոչ էլ օլիգարխներ: Միավորված ընդդիմության հանրահավաքները ներգրավում են ավելի ու ավելի մեծ թվով մարդկանց: Պահպանողական կուսակցության առաջնորդներից մեկը՝ Կոբա Դավիթաշվիլին, Վրաստանի գործարարներին կոչ արեց սթափ նայել իրերի դրությանը եւ օգնություն ցուցաբերել: «Մենք ֆինանսական աջակցություն ենք խնդրում գործարարներից, որպեսզի հասնենք արդար ու ժողովրդավարական պետության, որտեղ նրանց արժանիքները չեն մոռացվի»,- հայտարարեց նա: