Սուրճ

05/04/2006

Սուրճի որակը հիմնականում կախված է նրա բովման որակից։ Այն պետք է բովել թուջե թավայի մեջ, թույլ կրակի վրա, անընդհատ խառնելով։ Երբ հատիկները ջարդելիս սպիտակ բիծ չի երեւում, ուրեմն այն պատրաստ է։ Համաչափ բովելուց հետո պետք է լցնել լայն հատակ ունեցող ամանի մեջ, որպեսզի արագ հովանա։ Կիսաբոված կամ չափից շատ բոված սուրճը տհաճ համ է ունենում։

Եթե սուրճը բովեք ջեռոցում, այն ոչ միայն ծուխ չի արձակի, այլեւ սենյակը կլցնի հաճելի բուրմունքով, իսկ եփած սուրճը կլինի ավելի համեղ։

Բոված սուրճը երկար չի կարելի պահել. այն կորցնում է որակը, բույրը, համը։ Սուրճը պետք է պահել ամուր փակվող թիթեղյա կամ ապակյա ամանի մեջ։ Խորհուրդ է տրվում աղալ եփելուց անմիջապես առաջ։

Սուրճը պետք է եփել կավե, էմալապատ սրճեփի մեջ, որը չի կարելի օգտագործել այլ նպատակների համար։ Եփելիս օգտագործել թարմ ջուր։

Չի կարելի թողնել, որ սուրճը եռա. համն ու հոտը կորչում են։ Իսկ եթե ուշադրություն չեք դարձրել եւ եռացել է, անմիջապես վերցրեք կրակից եւ մեջը մի քանի կաթիլ սառը ջուր լցրեք։

Եփելուց առաջ սուրճը մի պտղունց աղի հետ մեկ րոպե տաքացնել, հետո ավելացնել շաքար եւ ջուր։ Այդպես սուրճն ավելի համեղ եւ բուրավետ կլինի։

Սրճեփում մնացած սուրճի նստվածքը մի թափեք։ Շաքարի հետ խառնած այն հիանալի պարարտանյութ է սենյակային բույսերի համար։

Սուրճի նստվածքով շատ լավ կարելի է մաքրել կաթսայի հատակն ու կեղտոտ ձեռքերը։

Սուրճի նստվածքով կարելի է լվանալ նաեւ արեւածաղկի յուղի շիշը։

Սուրճի նստվածքի մեջ թաթախված բրդե կամ ֆլանելե լաթով կարելի է թարմացնել պայուսակների խունացած տեսքը, ինչպես նաեւ ճերմակ փայտից պատրաստված իրերը եւ կահույքը։