Այսօր եւ վաղը տեղի կունենան ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումները։ Հիշեցնենք առաջին հանդիպումների արդյունքները. «Լիոն»-«Միլան» – 0։0, «Ինտեր» -«Վիլյառեալ» – 2։1, «Բենֆիկա» – «Բարսելոնա» – 0։0, «Արսենալ» – «Յուվենթուս» – 2։0։ Մասնագետների հավաստմամբ, «Արսենալը» գործնականում լուծել է հաջորդ փուլ դուրս գալու ուղեգրի հարց։ Թիմը վերջին մի քանի խաղերում գտնվում է հիանալի մարզավիճակում, իսկ Անգլիայի առաջնության վերջին խաղում 5-0 հաշվով պարտության մատնեց «Ասթոն-Վիլլային»։ «Յուվենթուսը» պետք է կարողանա նվազագույնը երկու գնդակ անցկացնել լոնդոնցիների դարպասը՝ սեփականը պահելով անառիկ, իսկ դա այնքան էլ հեշտ չէ։ Սեփական հարկի տակ հաղթանակի է ձգտելու նաեւ «Միլանը»։ Առաջին խաղում արձանագրված գոլազուրկ ոչ-ոքին ամրության մեծ պաշար չէ, եւ եթե Լիոնի «Օլիմպիկին» հաջողվի գրավել Դիդայի դարպասը, դա կարող է ճակատագրական լինել «Միլանի» համար։ Միլանյան մյուս թիմը՝ «Ինտերը», գտնվում է ավելի շահեկան վիճակում։ Թիմին ձեռնտու կլինի անգամ ոչ-ոքին, սակայն այս դեպքում նույնպես իտալացիները պետք է կարողանան սեփական դարպասն անառիկ պահել։ Հետաքրքիր պայքար է սպասվում նաեւ «Բարսելոնա» – «Բենֆիկա» խաղում։ «Բարսելոնան» իր անցկացրած վերջին 3 խաղերում, չնայած խաղային առավելությանը, ոչ-ոքի է ավարտել հանդիպումները։ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ առաջին հանդիպմանը նույնպես «Բարսայի» առավելությունն ակնհայտ էր, սակայն ֆուտբոլիստները մեկը մյուսի ետեւից բաց էին թողնում «Բենֆիկայի» դարպասը գրավելու հիանալի հնարավորությունները։ Ֆրանկ Ռայկարդի կարծիքով, իր ֆուտբոլիստներին խանգարում էր ավելորդ հուզմունքը, եւ նրանք երեխայական սխալներ էին թույլ տալիս։ Հոլանդացի մարզիչը վստահ է, որ պատասխան խաղում իր սաներն ավելի արդյունավետ կգործեն։ Ավելացնենք նաեւ, որ վաղը կայանալիք խաղում իր թիմին չի կարողանա օգնել բրազիլացի Տիագու Մոտտան։ «Ռեալի» հետ խաղի ժամանակ նա վնասվածք է ստացել եւ շարքից դուրս եկել 2 շաբաթով։