«Բարսելոնայի» եւ «Ռեալի» հանդիպումները միշտ էլ գտնվել են ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում։ Անկախ մարզավիճակից եւ մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքից՝ թիմերն այս խաղին առանձնահատուկ ձեւով են մոտենում։ Բացառություն չէր նաեւ շաբաթ օրվա խաղը, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Հիշեցնենք, որ առաջինը 11 մետրանոց հարվածով «Բարսային» առաջ մղեց Ռոնալդինյոն, իսկ հետո նրա հայրենակից Ռոնալդոն հավասարեցրեց հաշիվը։ Խաղից հետո, ինչպես եւ սպասվում էր, արքայական թիմի ֆուտբոլիստները դժգոհություն արտահայտեցին գլխավոր մրցավար Լուիս Մեդինա Կանտալյեխոյի գործողություններից, որը խաղադաշտից հեռացրեց Ռոբերտո Կառլոսին։ Կանտալյեխոն այսպես է պարզաբանել իր որոշումը. «Ես նրան հեռացրի, որովհետեւ նա ինձ եւ իմ օգնականին կեղտ անվանեց»։ Մինչդեռ արձանագրության մեջ նշված է, որ Կառլոսը խաղադաշտից հեռացվել է մրցավարի որոշումը վիճարկելու համար։ Ռոնալդոն մրցավարի հետ համաձայն չէ։ Ըստ հարձակվողի, Կառլոսը երդվել է, որ մրցավարի հասցեին ոչ մի վիրավորական արտահայտություն չի արել։ «Եվ ընդհանրապես, ինչպե՞ս նա կարող էր ինչ-որ բան լսել, երբ մարզադաշտում աննկարագրելի աղմուկ էր»,- հայտարարել է Ռոնալդոն եւ ավելացրել, որ մրցավարը կողմնակալ վերաբերմունք ուներ ու տարօրինակ տուգանային հարվածներ էր նշանակում ողջ խաղի ընթացքում։ Իր խաղընկերոջ հետ համաձայն է նաեւ Ռեալի դարպասապահ Իկեր Կասիլիասը, սակայն նա գտնում է, որ Ռոբերտո Կառլոսը պետք է ավելի զուսպ գտնվեր։ «Ինչ վերաբերում է մեր դարպասին նշանակված 11 մետրանոցին, ապա այդտեղ կանոնների խախտում չկար։ Ես շատ եմ ափսոսում, «Բարսելոնան» պահպանեց 11 միավորի տարբերությունը եւ գործնականում վճռեց չեմպիոնության հարցը»,- ասել է Կասիլիասը։